Երկաթուղայինի օրը նշեցին Գյումրիում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին ՝ մասնագիտական տոնի նախօրեին, հայ երկաթուղայինները ժամանել են Գյումրի, որտեղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կազմակերպել է Երկաթուղայինի օրվան նվիրված տոնական միջոցառումներ:

Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը արդեն 119 տարի նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը, իսկ տոնի պատմությունը սկիզբ է առնում 1896 թվականի հունիսի 28-ին, երբ այն սահմանվել է Ռուսական կայսրության կապի ուղիների նախարար, իշխան Միխայիլ Խիլկովի հրամանով:

Իսկ Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առնում 1895 թվականին, երբ կայսր Նիկոլայ Երկրորդը ստորագրել է Թիֆլիս-Կարս երկաթուղու կառուցման մասին հրամանը: Աշխատանքները ֆինանսավորվում էին պետական բյուջեից, իսկ վերահսկողությունն իրականացնում էր ինժեներ Եվգենի Վուրցելը:
Երկաթուղայինի օրվան նվիրված տոնակատարությունները Գյումրիում արդեն բարի ավանդույթ են դանձել և դա պատահական չէ: Գյումրին համարվում է Հայաստանի երկաթուղու օրրանը, այստեղից է սկսվել երկաթուղու զարգացումը: Այստեղ 1899 թվականի փետրվարին ժամանել է առաջին գնացք Թիֆլիսից: Իսկ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին առաջին գնացքը հասել է Երևան:

ek3

Երկաթուղայինի օրվա կապակցությամբ Գյումրիում են հավաքվել Հարավկովկասյան երկաթուղու աշխատողները, վետերանները, երկաթուղայինների հնագույն դինաստիաների ներկայացուցիչները, ՀԿԵ, Տրանսպորտի և կապի նախարարության, Ազգային Ժողովի, քաղաքային և մարզային վարչությունների ղեկավարները:
Հյուրերն այցելեցին Գյումրու կայարանի տարածքում գործող Երկաթուղային տեխնիկայի թանգարանը, որտեղ ներկայացված են տարբեր տարիներին շահագործված շարժակազմի և գծային տեխնիկայի օրինակները:

ՀԿԵ-ի մասնագետներն անակնկալ մատուցեցին հավաքվածներին՝ ներկայացնելով շարժակազմի նորագույն օրինակը՝ տեխոլոգիական մոտրիսը, որը կառուցվել էր Գյումրիում և նախատեսված է ենթակառուցվածքի զննման և վիճակի գնահատման համար:

ek2

Հատկանշական է, որ մոտրիսը կառուցվել է սեղմ ժամկետներում՝ գաղափարի ծագման օրվանից մինչև շահագործման հանձնելը անցել է 7 ամիս: Նման շարժակազմի կիրառումը թույլ կտա էապես բարձրացնել ՀԿԵ-ում անցկացվող ենթակառուցվածքի զննումների որակը: Մոտրիսը թույլ կտա նաև հսկել էներգամատակարարման համակարգը և կոնտակտային ցանցը, կիրականացնի անցկացվող զննումների տեսագրությունը և արխիվացումը՝ առավել մանրամասն ուսումնասիրություններ անցկացնելու համար:

Նոր տեխնիկայի կիրառումը նաև թույլ կտա նվազեցնել ծախսերը, քանի որ նախկինում զննումների անցկացման համար օգտագործվում էին 4 վագոնից կազմված էլեկտրագնացքներ: Իսկ այժմ ՀԿԵ գլխավոր տնօրենի գլխավորած հանձնաժողովները կլինեն ավելի մոբիլ:

Այս բոլոր միջոցներն ուղղված են երկաթուղում անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այս ուղղությամբ է աշխատում ՀԿԵ Ենթակառուցվածքի ախտորոշման կենտրոնը: Կիրառվող միջոցներն արդեն ակնհայտ արդյունք են տվել՝ էապես կրճատվել են գնացքների գծից դուրս գալու դեպքերը. եթե 2008 թվականին գրանցվել էր 97 նման դեպք, ապա 2014 թվականին՝ միայն 5:

Տոնական միջոցառումների ժամանակ երկաթուղայիններին շնորհավորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Նա նշեց, որ պատահական չէ, որ Երկաթուղայինի օրը հերթական անգամ տոնում են Գյումրիում: Քաղաքը հանդիսանում է խոշոր երկաթուղային հանգույց, այստեղ են գործում հզոր տեխնոլոգիական արտադրական համալիրներ:

ek

– Գյումրիում առկա է հզոր ինտելեկտուալ ներուժ, որի շնորհիվ 2014 թվականին լոկոմոտիվային դեպոյում ներդրվեց էլեկտրաքարշերի վերանորոգման նոր տեխնոլոգիան, – ասաց Վիկտոր Ռեբեցը:

Նա ընդգծեց, որ, ավանդույթի համաձայն, Ընկերությունը Երկաթուղայինի օրվա կապակցությամբ գնահատում է աշխատողների մասնագիտական հաջողությունները և այս տարի խրախուսմանն արժանացել են 200-ից ավելի մասնագետներ:

Երկուսը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոն և Մասիսի գծային կայարանի կռունկավար Զինաիդա Հովհաննիսյանը, արժանացել են Պատվավոր երկաթուղային կոչմանը: ՀԿԵ գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանը և Գյումրիի գծային-կայարանային միավորման պետ Վահան Գասպարյանը պարգևատրվել են «ՀԿԵ» ՓԲԸ զարգացման գործում ունեցած ավանդի համար» նշաններով:
Մի շարք աշխատողներին շնորհվել են դասային աստիճաններ՝ հավելավճարների սահմանմամբ, անվանական ժամացույցներ: Մեծ խումբ մասնագետներ շնորհակալագրերին և գովասանագրերին արժանացան:

Մուրադյանների, Աթանեսյանների և Ավետիսյանների դինաստիաների ներկայացուցիչներն արժանացան «Մասնագիտության հավատարմության համար» նշաններին:

Երկաթուղայիններին շնորհավորեց նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ նշելով Հայաստանի տնտեսական զարգացման գործում ՀԿԵ-ի ունեցած ավանդը և մաղթելով Ընկերությանը մնալ զագրացման շարժիչ ուժ:

Շնորհավորանքներին միացան նաև ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:

ek5 ek4




Լրահոս