Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն, որից 18-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:
Հանձնարարվել է հասարակական տրանսպորտի երթևեկի ժամանակացույցը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ, հատկապես երեկոյան ժամերին:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ իրականացված հսկողության ադյունքում նախորդ շաբաթ 9 արձանագրություն է կազմվել. հանձնարարվել է խստացնել հսկողությունը և հատկապես երեկոյան ժամերին ու հանգստյան օրերին բակային տարածքներում բացառել բացօթյա ապօրինի առևտուրը:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները չկատարած 17 տնտեսվարող նախորդ շաբաթ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողությամբ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 85 դեպքի մասով: Բավարար չհամարելով աշխատանքների ներկա ընթացքը՝ պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առավել հետևողական լինել:
Աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ հանձնարարվել է բոլոր ջրային կառույցներում մշտական հսկողություն իրականացնել երեխաների լողալը հնարավորին արգելելու և սանիտարական պատշաճ վիճակ ապահովելու ուղղությամբ:
Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ, ընթացիկ աշխատանքներին զուգահեռ, ապահովվում է նաև երկհերթ ոռոգում: Հրդեհների բռնկման հնարավոր դեպքերը բացառելու հպատակով էլ հանձնարարվել է սահմանել մշտական հսկողություն, մասնավորապես, հրդեհավտանգ հատվածներում և աղբավայրերում:
Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, բակային տարածքների և հատկապես ստորգետնյա անցումների արտաքին լուսավորության համակարգը:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի հետ կապված՝ զեկուցվել է, որ, համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ սփյուռքից ժամանած հյուրերին, մարզիկներին և մարզիչներին պատշաճ ընդունելու, ինչպես նաև երևանյան թիմի մասնակցությունը հավուր պատշաճի ապահովելու ուղղությամբ: