Այսօր արդեն ակնհայտ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 4-ին սուտ էր խոսում, երբ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասում էր, թե իր որդին կապ չունի մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Զաքարյան եղբայրներին ծեծելու պատմության հետ: Սուրիկ Խաչատրյանն այն ժամանակ հավաստիացրել էր, թե իբր իր որդին` Տիգրան Խաչատրյանը, այդ միջադեպի ժամանակ Երեւանում է եղել: Բայց այսօր նրա որդին այդ գործով կալանքի տակ է, ինչը նշանակում է, որ մարզպետը ստում էր: Եւ այն փաստը, որ պաշտոնյան կարող է անկաշկանդ սուտ խոսել, վտանգավոր է ինչպես ՀՀ քաղաքացիների, սյունեցիների, այնպես էլ նրա գործընկեր պաշտոնյաների համար: Սուրիկ Խաչատրյանի ղեկավարությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պետք է որ մտահոգի այն փաստը, որ իրենց կուսակից ընկերն առանց կաշկանդվելու ստում է՝ մոլորեցնելով նաեւ իրենց:
Ի՞նչ է մտադիր անել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից հրապարակված սուտ տեղեկությունների համար: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ Կառավարությունից այդպես էլ չպատասխանեցին: Թեեւ հասկանալի է, որ պատասխանելու բան էլ չունեին:
Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 917 միլիոն 685 հազար դրամով: Այս մասին «ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներից: Խոշոր հարկատուների վճարած հարկերի նվազումը ենթադրում է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների հարկային բեռը, անցած տարվա համեմատ, ավելացել է: Եթե խոշորները չեն վճարում, ապա նրանց փոխարեն ստիպված պետք է վճարեն փոքրերը: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ հիմնական անկումը բաժին է հասնում խոշոր հարկատուների կողմից վճարված անուղղակի հարկերին, այդ թվում՝ ԱԱՀ-ին: Այս հարկատեսակի գծով խոշոր հարկատուները, անցած տարվա համեմատ, պետբյուջե են վճարել 6 մլրդ 301 մլն դրամով պակաս գումար: Այս փաստն ուղղակի ապացուցում է, որ Հայաստանի տնտեսությունը ոչ թե աճում է, ինչպես պնդում են պաշտոնական վիճակագիրները, այլ անկում է ապրում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում գտնվող «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան հատուկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ջայլամի կաշվից կոշիկ է կարել եւ նվիրել նրան: Սակայն պարզվել է, որ կոշիկը վարչապետի հագով փոքր է, եւ այն հետ է ուղարկվել ֆաբրիկա: Հետագայում ընկերության տնօրինությունը վարչապետի համար կարված կոշիկը աճուրդի է հանել Գյումրիում գործող իր խանութներից մեկում եւ բավականին թանկ գնով վաճառել: Բայց ավելի ուշ «Տավրոս» ընկերությունը Հովիկ Աբրահամյանի համար նոր կոշիկ է կարել: Շիրակի մարզի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Տավրոս» ԲԲԸ հիմնադիր Կարապետ Մովսիսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերը մասնակի հերքեց: Այն, որ «Տավրոս» ընկերությունը վարչապետի համար կոշիկ է կարել, Կարապետյանը հաստատեց, բայց վստահեցրեց, որ այն ճիշտ Հովիկ Աբրահամյանի հագով է եղել, այսինքն՝ փոքր չի եղել եւ հետ չի վերադարձվել: Ավելին՝ վարչապետը սիրով հագել է ոչ թե ջայլամի, այլ կովի կաշվից կարված կոշիկները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2011-ից սկսած Հայաստանում ամենուրեք տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավտոմեքենաների թույլ տված խախտումներն արձանագրել են, սակայն տույժի ենթարկելու վարչական ակտը օրինախախտներին չի առաքվել: Այսինքն՝ մինչ օրս ՀՀ պաշտոնյաները ինչպես ցանկացել, այնպես էլ վարել են ավտոմեքենաները: Բայց երբ այս տարվա սկզբին նախագահի վերահսկողական ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում ստուգումներ անցկացրեց, այդ փաստն ի հայտ եկավ, եւ իրավիճակը զեկուցվեց Սերժ Սարգսյանին: Ըստ ամենայնի, դրա արդյունքում էր, որ ՃՈ նախկին պետ Արտակ Հարությունյանը հունիսի 29-ին պաշտոնանկ արվեց, իսկ արդեն հուլիսի 1-ից ՀՀ պաշտոնյաները (ընդհուպ մինչեւ նախարարներ, փոխնախարարներ) սկսել են ստանալ երթեւեկության կանոնների խախտման՝ տարիներ շարունակ կուտակված ակտերն արդեն փաթեթով: Շատերը ստիպված են միլիոնավոր դրամներ վճարել պետբյուջե. հավանաբար ինչ-որ պայմանավորվածություն է խախտվել, դրա համար էլ տուգանքների «սահմանված կարգը» փոխվել է:
ԱՆՏԵՂՅԱԿ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, արձագանքելով վերջին շրջանում Հայաստանից մի քանի միջազգային բրենդների հեռանալու փաստին, «Ազատությանն» ասել է, թե դրան «պիտի նորմալ նայել», ապա հավելել. «Տարբեր երկրներում տարբեր ընկերություններ կարող են որոշ ժամանակ աշխատել, հետո իրենց տեղը փոխել։ Դեռ որոշակի չէ, ես, օրինակ, տեղեկություն չունեմ, թե տվյալ ընկերությունները հեռանում են»։ Հիշեցնենք, որ օրերս Հայաստանից հեռանալու մասին հայտարարեց թե՛ աշխարհում եւ թե՛ Հայաստանում այնպիսի հայտնի ընկերություն, ինչպիսին ֆրանսիական Orange-ն է, ընդ որում, դա արվեց շատ որոշակի եւ հրապարակային: Սակայն պարզվում է` մեր էկոնոմիկայի նախարարը տեղյակ չէ, որ երկրից հեռացել է խոշորագույն օտարերկրյա ընկերություններից մեկը, որն անցած տարիներին ավելի քան 300 միլիոն եվրոյի ներդրումներ էր կատարել եւ որը, սակայն, հեռացավ տեւական ժամանակ վնասով աշխատելու արդյունքում:
Մինչդեռ այնպիսի ծանր տնտեսական վիճակում գտնվող երկրում, ինչպիսին Հայաստանն է, էկոնոմիկայի նախարարը պարտավոր է տեղյակ լինել ոչ միայն խոշորագույն ընկերությունների, այլեւ անգամ հեռավոր մարզերում մանր ու միջին խանութների փակվելու մասին: Բայց մեր նախարարը ոչ միայն ապրում է երջանիկ անտեղյակության մեջ, այլեւ դեռ իր այդ կարգավիճակում փորձում է վերլուծություններ ներկայացնել Հայաստանի տնտեսության վերաբերյալ: «Տնտեսության վիճակը արտահայտված է ցուցանիշների մեջ, չեմ կարծում, որ աճ ունեցող տնտեսությունից, որը նաեւ շահույթ ապահովող հնարավորություն է, ընկերությունները հեռանան»։ Փաստորեն Կառավարության խոստացած 1 տոկոսանոց աճը Ճշմարիտյանին թույլ է տալիս նման դատողություններ անել. մի բան, որն ինքնին ծիծաղելի է:
Թեեւ արդեն իսկ այն փաստը, որ Ճշմարիտյանի նման մեկը, ով որպես արդյունաբերության եւ առեւտրի նախարար՝ տարիներ շարունակ մասնակցել է երկրի արդյունաբերական հզորությունների փոշիացմանը եւ հիմա էլ զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, արդեն իսկ զավեշտ է: Եվ, այնուամենայնիվ, դժվար է չզարմանալ նախարարի տարրական անտեղյակության վրա, երբ նա հակադարձելով լրագրողին` ասում է. «Եթե դուք նշում եք Etihad airways-ը, ես էլ կարող եմ նշել, որ Բաղդադի չվերթն է բացվել ու ավելանում է օրեցօր»: Նման «հրաշալի» համեմատությունից հետո, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Ինչպիսին էկոնոմիկայի նախարարն է, այնպիսին էլ երկրի էկոնոմիկայի վիճակն է. մեր դեպքում երկուսն էլ բնորոշվում են մեկ` խայտառակ բառով: