ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՐԾԻՔԸ ԵՎՍ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ իշխանությունն առ այսօր հրապարկել է երկու փաստաթուղթ՝ «Հայեցակարգը» եւ «Նախագիծը»: Մինչ վերջինի՝ հրապարակում հայտնվելը, ստեղծվել էր այն թյուր տպավորությունը, թե իբր նոր Սահմանադրության հիմնական խնդիրը լինելու է մարդու իրավունքի գերակայության ամրագրումը պետական եւ հասարակական կյանքում: Այս դրույթի կարեւորության արձանագրումը կարելի է տեսնել «Հայեցակարգի» բոլոր բաժիններում: Ասպարեզ նետված տարբերակը, սակայն, նույնիսկ մի շարք հստակ սահմանափակումներով է գանահարում մարդու իրավունքը՝ բառի ուղիղ իմաստով սահմանադրական ավտորիտարիզմի հիմքեր դնելով: Հետաքրքիր է, որ նման վտանգներից անուղղակիորեն զգուշացնում էր իշխանությունների կողմից այդքան չարչրկված Վենետիկի հանձնաժողովը, որի հայտնած կարծիքը «Հայեցակարգի» վերաբերյալ բավականին ուշագրավ է, եւ կարելի է պնդել, որ այն իշխանությունների համար էական նշանակություն չի ունեցել «Նախագծի» կազմման ժամանակ:

Այսպես, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նախ նկատում է, որ «Հայեցակարգը» պետք է միտված լինի երկրում բացառապես ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը: «Նախագծին» ամենամակերեսային ծանոթությունն անգամ թույլ չի տալիս մտածել ժողովրդավարական սկզբունքների խորացման մասին: Հաշվի առնելով կյանքի ու սեփականության իրավունքների երաշխավորման հարցում արձանագրված խայտառակ նահանջը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի «նորովի» մեկնությունը՝ կարող ենք պնդել, որ Վենետիկի հանձնաժողովի վերոնշյալ հորդորը գրոշի արժեք չի ունեցել: Նույնիսկ իշխանության ամենաջերմեռանդ պաշտպաններն են զուսպ արտահայտվում ժողովրդավարական արժեքների հարցում նոր նախագծի մատուցած հնարավորությունների կապակցությամբ:
Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ շեշտվում է նաեւ «Հայեցակարգի» նպատակի կարեւորությունը՝ արձանագրելով, որ այն պիտի հանդես գա իբրեւ ԵԽ-ի հիմնարար արժեքների ամբողջական իրականացնող եւ իրենից զգալի փոփոխություն ենթադրելով հանդերձ՝ նոր նախագիծը չի կարող խզում առաջացնել գործող սահմանադրակարգի հետ: Սա չափազանաց կարեւոր դրույթ է, որն ակնհայտորեն արհամարհվել է Սերժ Սարգսյանի ստեղծած հանձնաժողովի կողմից: Նոր նախագծով գործող սահմանադրակարգի ոչ մի էական տարր պահպանված չէ: Եթե անգամ խնդիրը Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը պահպանելն էր խորհրդարանական կառավարման անցնելու գնով, կարելի էր գոնե չշեղվել դասական խորհրդարանական մոդելից: Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրակարգի օրինակը բերելով՝ տպավորություն է, որ իշխանությունները լոկ փոխառել են ամենաանհեթեթ դրույթները, ինչպես, օրինակ, վարչապետի ու նախարարների երդում տալու նորամուծությունը, իսկ ընտրական համակարգի եւ պետական ինստիտուտների տեսնակյունից նոր, սակայն միանգամայն խարխուլ հեծանիվ են հորինել: Այլ կերպ ասած՝ ջանք չի խնայվում սահմանադրական նորմերով երկրում բռնապետություն հաստատելու ուղղությամբ:
Վենետիկի հանձնաժողովը հատուկ նշում է, որ վերափոխումները պիտի արժանանան լայն աջակցության: Նկատի ունենալով «Հայեցակարգի»՝ իրավական տեսնակյունից իրավիճակի բազմակողմանի վերլուծության պարագան՝ հանձնաժողովն արժանի է համարում շեշտելու, որ ընտրությունը պիտի կատարվի՝ նաեւ հարցի քաղաքական կողմը հաշվի առնելով: Ըստ այդմ՝ առաջարկվող լուծումները պիտի լայն քննարկումների փուլ անցնեն, եւ ցանկացած պարագայում սահմանադրական փոփոխությունները պիտի անցկացվեն բացառապես հասարակական լայն կոնսենսուսի հիման վրա: Հայաստանի քաղաքական անցուդարձին ծանոթ ցանկացած ոք կվկայի, որ սահմանադրական փոփոխությունների հարցում կոնսենսուսի մասին խոսք լինել չի կարող: Իշխանությունը համառորեն հրաժարվեց ընդդիմության կարծիքը լսել խորհրդարանական կարգի անցման աննպատակահարմարության մասին, ինչը, ի դեպ, 2 տարի առաջ հենց իրենց համոզմունքն էր: Հատկանշական է, որ անգամ խորհրդարանական կարգի կողմնակիցներն են տարակուսած առաջարկվող տարբերակից, քանզի այն իր էությամբ ամենեւին էլ միտված չէ պառլամենտական կառավարման համակարգին: Ոչնչացնելով քաղաքական կոալիցիայի ինստիտուտը եւ կոճակ սեղմողների մեծամասնության դիկտատուրա հաստատելով՝ ամբողջովին մերժվում են հարցի քաղաքական առանձնահատկությունները: Փաստացիորեն, Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն անտեսված են հրապարակված նոր նախագծում, ինչը, այդուամենայնիվ, իշխանություններին չի կաշկանդելու ամենուրեք շահարկել այս հանձնաժողովի անունը եւ մոլորեցնել քաղաքացիներին վենետիկյան չեղած աջակցության թմբկահարություններով:
Հ.Գ. Իշխանության խոստացած «մարդակենտրոն» Սահմանադրությունը, ինչի մասին խոսվում է համապատասխան հանձնաժողովի ստեղծումից ի վեր, հրապարակված նախագծով հանդես է գալիս որպես «սերժսարգսյանակենտրոն»: Ըստ էության, ջանք չի խնայված երաշխավորելու Սերժ Սարգսյանի ապահովությունը՝ որպես իշխանության իրական առաջնորդի: Այս համակարգը խստագույնս հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանը, երբ կուսակցության գլխավոր քարտուղարի՝ քաղաքականապես աննշանակ պաշտոնը գերադասված էր պետական բոլոր լծակներից: Հանուն արդարության, սակայն, հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդի կարգավիճակում ուժային կառույցներին իրեն ամբողջովին ենթարկել չի կարողանալու, իսկ անկախ Հայասատանի պատմությունը փաստում է, որ ուժայիններին վերահսկողն է լինելու իշխանության իրական տերը՝ աստիճանաբար դուրս բերելով համակարգը թոշակառուի կարգավիճակի հետ չհաշտվող հերթական գործչի տակից: Այնպես որ, հազիվ թե 2018թ. խուսափենք «Սերժ Սարգսյանի վարչապետությանը այլընտրանք չկա» ՀՀԿ-ական համատարած քարոզչությունից: Միակ դրական հետեւանքը կլինի այն, որ այսպիսի Սահմանադրության պարագայում Հայաստանում այլեւս սահմանադրական կարգը չի խախտվի: Արդ, հղում անելով Սահմանադրությանը՝ արտոնյալների դասը կարող է մարդուն անպատիժ ֆիզիկապես ոչնչացնել, բռնազավթել իշխանությունը եւ վայելել տնտեսական մենաշնորհները:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՌԴ՝ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ

Տեւական ժամանակ է՝ ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղապետարանի աշխատանքները պարալիզացված են: Բանն այն է, որ ավագանու 5 անդամներից երեքն այս պահին Հայաստանում չեն. նրանք մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի նպատակով:

Տեղեկացնենք, որ 2014 թվականի հունվարի 14-ին վաղաժամկետ դադարեցվել էին համայնքի ավագանու անդամներ Արտյոմ Դանիելյանի եւ Վահան Սարգսյանի լիազորությունները: Իսկ այս տարվա հունիսի 6-ին վաղաժամկետ դադարեցվել էր ավագանու մյուս անդամ Վիգեն Հարությունյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն: Այս խնդիրը կարգավորելու նպատակով գյուղում առաջիկայում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Արդյունքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետբյուջեի հաշվին կհատկացվի 1 մլն 123 հազար 400 դրամ:
Այնուամենայնիվ, տեղեկանալու համար, թե ինչու են ավագանու անդամները հրաժարական տվել, «Ժողովուրդ»-ը զրուցեց Աղավնաձորի գյուղապետի աշխատակազմի քարտուղար Մակիչ Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, ինչո՞ւ են վաղաժամկետ դադարեցվել ավագանու երեք անդամների լիազորությունները:
-Նախորդ տարվա ընթացքում ավագանու հինգ անդամներից երկուսը՝ Վահան Սարգսյանն ու Արտյոմ Դանիելյանը, մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: Ինչից հետո ավագանու երեք անդամները որոշում են կայացրել վաղաժամկետ դադարեցնել նրանց լիազորությունները: Իսկ ավագանու մյուս անդամ Վիգեն Հարությունյանն արդեն այս տարվա հունիսի 1-ին եկավ, մոտեցավ մեզ ու հայտնեց, որ ինքն էլ է ցանկանում մեկնել ՌԴ. տոմս է գնել:
-Ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
-Արտագնա աշխատանքի: Այստեղ գյուղատնտեսությամբ են զբաղվել, իսկ դա էլ ձեռնտու չէ: Դրանով չեն կարող ընտանիք կերակրել: Իսկ ավագանու անդամը չի վարձատրվում: Մենք էլ հարմար տեղ ունենանք, կարտագաղթենք:
-Նման մտադրություն ունե՞ք:
-Ունեմ, բայց տեղ չկա գնալու:
-Այսինքն՝ հետաքրքրվում եք, բայց հարմար աշխատանք չե՞ք գտնում:
-Այո՛, հետաքրքրվում եմ: Բայց սեւագործ բանվոր չեմ կարող աշխատել:
-Իսկ գյուղում ավագանու անդամ աշխատելու ցանկություն ունեցողներ կա՞ն, թե՞ ոչ:
-Լինեն, թե ոչ, միեւնույն է, պետք է արտահերթ ընտրություններն անցկացվեն: Այսպես շարունակել աշխատել անհնար է, որովհետեւ գյուղի աշխատանքը պարալիզացվել է, ավագանին չի կարողանում որոշում կայացնել: Եթե կին էլ ցանկացող լինի, ապա մենք միայն ուրախ կլինենք: Բոլոր գյուղերում ավագանու անդամների խնդիր կա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ՞
Հուլիսի 27-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի Ջերգենի կոչվող տարածքում այրվել է 4 հա ցորենի արտ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ նոյեմբերյանցի հրշեջների կողմից կրակը մարվել է: Նա ասաց, որ հասունացած արտը ժամանակին չէր հնձվել, որովհետեւ Բաղանիսը հացահատիկահավաք կոմբայն չունի: Բացի դրանից` այդ տարածքն ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց է, եւ արտերի հունձը մեծ ռիսկի հետ է կապված:
Գյուղապետի խոսքերով՝ դեռ պարզ չէ՝ հրդեհը ադրբեջանական գնդակոծության, թե՞ մարդու կողմից կրակի հետ անփույթ վարվելու հետեւանք է: Նշենք, որ Բաղանիս գյուղի սահմանագոտում այրվել են նաեւ չորացած խոտերով տարածքներ: Ներկայումս բաղանիսցիներին հուզող հարցը հետեւյալն է՝ պետությունը կաջակցի՞ այրված արտերի տերերին, որոնք սահմանագոտում տիրող լարվածության պատճառով զրկվեցին բերքից:

 

ՇԵՆԳԵՆՅԱՆ ՎԻԶԱՅԻ ՀԱՄԱՐ
Երեւան քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Արամ Եղոյանին մեղադրանք է առաջադրվել Թբիլիսիում գտնվող Չեխիայի դեսպանատնից ՀՀ քաղաքացիներ Աղավնի Խաչատրյանի, Ժագ եւ Ժան Օհանէսների եւ Վիքթորիա Թաթոսյանի համար կեղծ փաստաթղթերով շենգենյան վիզա ստանալու փորձի համար: Եղոյանը իր ընկերոջ՝ Արման Ավագյանի հետ նախնական համաձայնությամբ, քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել կեղծ տեղեկանքներ, որոնք 2013թ. մայիսի 31-ին փորձել է իրացնել վերոհիշյալ քաղաքացիներին, որպեսզի նրանք պահանջվող այլ օրինական փաստաթղթերի եւ լրացված հարցաթերթիկների հետ մեկ փաթեթում ներկայացնեն Վրաստանում Չեխիայի դեսպանատուն` հարցազրույց անցնելու եւ մուտքի արտոնագրեր ստանալու համար: Սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ նույն օրը Բագրատաշենի հսկիչ-անձնագրային կետի մոտակայքում Արամ Եղոյանի վարած ավտոմեքենան ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանգնեցվել է, եւ կեղծ փաստաթղթերը հայտնաբերվել են:
Ա. Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-325 հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու փորձը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: Նկատենք` բավականին տարօրինակ է, որ 2013-ի մայիսին կատարած արարքի համար դատավարությունը կայանում է 2015 թվականի հուլիսին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս