ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներն այս կերպ են պայքարում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Նրանք Հանրապետության հրապարակում տեղադրել են այս պաստառները, որոնց միջոցով հանրությանը հիշեցնում են, որ քանի դեռ ՀՀ Կառավարությունը որոշում չի կայացրել, թե ինչ միջոցներով է փոխհատուցելու բարձրացված սակագինը, ուրեմն պայքարը շարունակվում է: Ընդ որում, ակցիան ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ Վանաձոր, Գյումրի եւ այլն:

 

 

 

 
ՀԱՐՑ. Եթե երեխայի ծնողներից մեկը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է, ապա նման դեպքերում ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիության հարցը: Եվ խնդրում եմ ասեք՝ եթե երեխայի ծնողները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, արդյո՞ք երեխան համարվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձ, թե ոչ:

Սուսաննա Հարությունյան 59 (տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը: 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն: ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան օրենքի ուժով ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (եթե ծնողները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պահին այլ պետության քաղաքացիություն չունեն):

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական թվերի համաձայն՝ վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվողների թիվն ավելացել է շուրջ 4 անգամ: ՀՀ ոստիկանության տվյալներով, եթե 2012 թվականին ՀՀ անձնագրից հրաժարվել էին մոտ 550 հոգի, ապա 2014-ին այդ թիվը հասել է 2180-ի:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ համատեղությամբ աշխատողներն ի՞նչ կարգով են օգտվում սոցիալական փաթեթի ծառայություններից, եւ ինչպե՞ս է հաշվարկվում նրանց սոցիալական փաթեթի սահմանաչափը:

Դիանա Մելքոնյան (38 տարեկան, օպերատոր, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունների ցանկում: Եթե աշխատողի հիմնական եւ համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուների մոտ, որոնք համարվում են սոցիալական փաթեթի շահառու հաստատություններ, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար: Այս դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար համատեղությամբ աշխատաժամանակը (դրույքը) գումարվում է հիմնական աշխատաժամանակին (դրույքին): Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը սոցիալական փաթեթի շահառու հաստատություն չի հանդիսանում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատաժամանակին (դրույքին) համապատասխան:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցփաթեթի գումարն աշխատողներին սեփականության իրավունքով չի պատկանում՝ բացառությամբ աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա՝ սոցփաթեթ ստանալու իրավունքը, եւ նա այլեւս աշխատող չի հանդիսանում) կամ աշխատողի մահվան դեպքում:




Լրահոս