Մեկը վեցի դեմ. նոր մանրամասներ` Գավառում տեղի ունեցած դանակահարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում տղամարդկանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով և դանակահարությամբ: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` քաղաքում գործող «Դովլաթ» (այժմ` «Կրպակ») սուպերմարկետում սեփականատերերն ու այցելուներն իրար «չեն հասկացել»: Այդ ամենի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը կատարվածի շուրջ նոր մանրամասներ է հայտնում: Այսպես, նշված օրը` ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 43-ամյա Գարսևան Ղ.-ն՝ «գլխի ճակատային մասի կտրած-պատռված վերքեր, գագաթային շրջանի պատռված վերքեր, աջ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 21-ամյա Սերյոժա Ղ.-ն` «ձախ նստատեղի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, 23-ամյա Գրիշա Զ.-ն` «աջ ազդրի միջին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, 17-ամյա Էդմոնդ Ղ.-ն` «ձախ նախաբազուկ դաստակի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, 24-ամյա Թամարա Մ.-ն` «ձախ այտոսկրի սալջարդ արյունազեղում» ախտորոշմամբ և 43-ամյա Արթուր Մ.-ն` «քթոսկրի կոտրվածք` առանց տեղաշարժի» ախտորոշմամբ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 30-ամյա Էմիլ Կ.-ն Գավառի Նարեկացու փողոցում վիճաբանել է նշված անձանց հետ և ծալովի դանակով, բռունցքով և օդամղիչ ատրճանակի բռնակով հարվածներ հասցրել նրանց` պատճառելով վնասվածքներ: Էմիլ Կ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է ծալովի դանակով մարմնական վնասվածքներ պատճառել Գարսևան, Սերյոժա և Էդմոնդ Ղ.-երին, Գրիշա Զ.-ին, Թամարա Մ.-ին ու Արթուր Մ.-ին: Նաև ներկայացրել է օդամղիչ ատրճանակը: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս