Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողները հրաժարվում են դիրքեր բարձրանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողները արդեն մի քանի օր է` բոյկոտում են` հրաժարվելով դիրքեր բարձրանալ: Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ պայմանագրային զինծառայողները հրաժարվում են փոխարինել Ապարանի վաշտի պայմանագրային զինծառայողներին, քանի որ կրճատվել է իրենց աշխատավարձը. այն  150 հազար դրամից դարձել է 110 հազար դրամ:

Նշենք, որ Ապարանի վաշտի  զինվորները պետք է հուլիսի կեսերին իջնեին դիրքերից և նրանց պետք է փոխարինեին Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողները: Դատելով ստեղծված իրավիճակից, Ապարանի վաշտի պայմանագրային զինծառայողներն այդպես էլ չեն իջել, քանի որ նրանց փոխարինող չկա (դիրքերի տեղանքը չենք նշում` հաշվի առնելով «Ռազմական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը):

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Armlur.am-ը զրուցեց  Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մեզ փոխանցեց հետևյալը. «Թե որևէ զինծառայող հարց ունի` կարող է դիմել մեզ, թեկուզ ձեր միջոցով, մենք գրավոր կպատասխանենք»:

Իսկ թե գրավոր պատասխանը ոքանով կօգնի պայմանագրային զինծառայողներին` ստանալու իրենց հասանելիք աշխատավարձը, այդպես էլ մնում է օդից կախ: Կարծում ենք` հատկապես սահմանային լարվածության այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է վերանայի իր այս անպատասխանատու և ոչ պրոֆեսիանոլ վարքագիծը: Հուսանք` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կսթափվի:




Լրահոս