Բոլորը փորձում են մեր «վզին փաթաթել» իրենց արժեքները. Արմեն Հովհաննիսյանը` միասեռական ամուսնությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած առաջարկների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր դիտարկումներն ու առաջարկները: Ըստ հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթի` Վենետիկի հանձնաժողովը նպատակահարմար է գտնում, որ Սահմանադրության նախագիծը չսահմանափակի միասեռական ամուսնությունների օրինականացման հնարավորությունը:

Հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթում ասվում է, որ Սահմանադրության նախագծի 15-րդ և 34-րդ հոդվածները չպետք է մեկնաբանվեն որպես միասեռական ամուսնությունները ճանաչելու իրավական խոչընդոտ: Սահմանադրության նախագծի 15-րդ հոդվածը վերնագրված է «Ընտանիքի պաշտպանությունը» և դրանում ասվում է, որ ընտանիքը՝ որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության և հովանավորության տակ:

Սա նշանակում է, որ պետությունն ընտանիք է ճանաչում այն միությունը, որը կարող է ապահովել բնակչության բազմացմանը: Վենետիկի հանձնաժողովի համար այս ձևակերպումներն անընդունելի են և, ըստ էության, հանձնաժողովը ցանկանում է հակառակ ձևակերպումն ավելացնել նախագծում, այսինք` Սահմանադրությամբ ամրագրել միասեռական ամուսնությունները: Սակայն, պետք է նշել, որ դա հայի համար խորթ երևույթ է: Ճիշտ է` եվրոպական մի շարք երկրներում միասեռական ամուսնություններն ընդունված են, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում այն ևս կարող է ընդունվել: Այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր` սկսած հայի տեսակից, հայկական մտածելակերպից, ապրելակերպից և այլն:

Թեմայի շուրջ Armlur.am-ը զրուցեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանի հետ: Վերջինիս խոսքով, ՀՀ Սահմանադրության նախագիծը միասեռականների կապը չի արգելում.  «Մեր սահմանադրությունն ընդամենը ասում է, որ ընտանիքը տղամարդն է ու կինը: Ցանկացած սահմանադրություն ազգի, ինքնիշխանության բարձրագույն դրսևորումն է: Այսինքն` ազգը անկախանում է և ինքն իր համար ընդունում է սահմանադրություն, սահմանադրական կարգ, որը բխում է մեծամասնության կամքից և արտահայտում է տվյալ ժողովրդի շահերը, իդեալները, արդարության և ամեն ինչի մասին պատկերացումներ»:

Նրա գնահատմամբ` ամեն անգամ Վենետիկի հանձնաժողով դիմելով` մենք ոչինչ չենք ստանա: «Մենք որևէ բան դրանից չենք ստանում, որովհետև որևէ այլ ազգ, արտաքին ուժ արևմուտքում, արևելքում, հյուսիսում շահագրգռված չէ մեր ինքնիշխանության մեջ այնպես, ինչպես մենք ենք շահագրգռված»: Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ` յուրաքանչյուրը փորձում է մեր «վզին փաթաթել» իր արժեքները, իր շահերը, արդարության մասին իր պատկերացումները: «Ամենավտանգավորն այստեղ այն է, որ պատրանք է ստեղծվում, թե վենետիկյան հանձնաժողովը մեզ պաշտպանում է բռնապետությունից: Ես դեմ եմ նման հղումներին»- եզրափակեց «Հայազն» կուսակցության վարչության անդամը:




Լրահոս