Օգոստոսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է ՀՀ-ում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերությունների կողմից իրականացվող գիշերային չվերթների տեղափոխման հնարավորությունը` կարևորելով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովման հարցը:
Ավիաընկերությունների ներկայացուցիչները գիշերային չվերթների իրականացումը հիմնավորել են տարանցիկ երթևեկության համար հարմարավետ միակցումներով` պնդելով, որ ժամերի տեղափոխման դեպքում տարանցիկ ուղևորները ստիպված կլինեն օդանավակայաններում երկար սպասել մյուս չվերթներին` ճամփորդությունը շարունակելու համար:
Արդյունքում, որպես հնարավոր լուծում, ուղևորների հարմարավետ ճափորդության ապահովման նպատակով քննարկվել է լրացուցիչ հաճախականությամբ ցերեկային չվերթների իրականացման հնարավորությունը, ինչն ավիաընկերությունների ներկայացուցիչները կքննարկեն գլխամասային գրասենյակների հետ: