«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 27-ին Երեւանի քաղաքապետարանը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ հայտնելով. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների, առեւտրի եւ բնապահպանության վարչությունների եւ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ հրդեհավտանգ հատվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ»: «Ուշադրության կենտրոնում պահեք այն վայրերը, որտեղ չորացած խոտ ունենք: Խիստ հսկողության տակ պահեք սպասարկող ընկերությունների եւ ռեստորանային համալիրների աշխատանքը եւ արգելեք հրավառությունները… նախազգուշացրեք տվյալ օբյեկտների պատասխանատուներին առնվազն այս ժամանակահատվածում ձեռնպահ մնալ հրավառություններ կազմակերպելուց»,- ընդգծել էր Տարոն Մարգարյանը:
Բայց պարզվում է՝ քաղաքապետի խոսքը գրոշի արժեք չունի անգամ իր աշխատակիցների մոտ, ինչի հետեւանքով խայտառակվեց մեր երկիրը: Ինչպե՞ս, բացատրենք: Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ այս կիրակի, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, քիչ էր մնում կեսից դադարեցվեր: Պատճառն այն էր, որ կազմակերպված հրավառության արդյունքում մարզադաշտի հարեւանությամբ հրդեհ բռնկվեց, քաղաքապետի ասած, չոր խոտերի պատճառով:
Փաստորեն քաղաքապետարանի աշխատակիցները ոչ միայն չէին զգուշացրել միջոցառման կազմակերպիչներին հրդեհի հնարավորության մասին, այլեւ զլացել էին այդ կարեւոր միջոցառման առիթով շրջակա տարածքը կարգի բերել՝ գոնե ջրելով: Ու, ընդհանրապես, մայրաքաղաքում չմշակված տարածքները փոխանակ պակասեն, ավելանում են: Եւ Երեւանի քաղաքապետարանն իր անտարբեր ու անպատասխանատու պահվածքով հերթական անգամ ապացուցեց, որ այդ կառույցը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեւական գովքն իրականացնելուց այն կողմ, այլ` լուրջ միջոցառում կազմակերպելու կարողություն չունի:
Բայց եթե նույնիսկ գործ անելու պայմանը Տարոն Մարգարյանի գովքն է, ապա այս դեպքում էլ քաղաքապետարանը կարող է անխնամ տարածքները ոռոգել եւ քաղաքապետի` «շլանգը» ձեռքին նկարը տարածելով՝ հայտարարել, թե վսեմաշուքն անձամբ է Երեւանի բուսականությունը խնամում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: