ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի՝ հուլիսի 27-ին արձանագրված մահվան դեպքի փաստի առթիվ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը հրաժարվել եւ չի հոսպիտալացրել հղի կնոջը:
Հայտնի է, որ Շուշանիկ Բախշյանը ոստիկանությանն է դիմել՝ իր անվտանգության խնդրով: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ է մտածում տեղի ունեցած դժբախտության մասին «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը: Սակայն պարզվում է՝ նա իր հանգիստն է վայելում արտերկրում և չի էլ պատրաստվում առաջիկա օրերին վերադառնալ ու բացատրություն տալ ղեկավարած հաստատությունում գրանցված դժբախտության համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հանձնաժողով է ստեղծել, որն այս օրերին «Շենգավիթ» ԲԿ-ում ուսումնասիրում է ծննդկանի բժշկական փաստաթղթերը: Ցանկանում են պարզել՝ բժշկուհին թերացե՞լ է, թե՞ ոչ:
Իսկ թե ինչ կհայտնաբերեն, դժվար է ասել, բայց որ արդեն բավականին ուշացել է եզրակացությունը, փաստ է: Մարդիկ օրեր շարունակ քննարկում ու քննադատում են առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ վերից վար, սակայն պատասխանատուները դեռ անիմաստ քննարկումներ են անում: