«Փորձել եմ երեխայիս հետ մեքենայի տակ ընկնել». ինչու էր Կիևյան կամրջից ինքնասպանություն գործել սպառնացող կինը պահանջում Վլադիմիր Գասպարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ անել սպառնացող կինը` Լուսինե Սիմոնյանը, վաղը հանդիպում կունենա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Լուսինե Սիմոնյանը: Նրա պատմելով` մոտ երկու տարի առաջ Թբիլիսյան խճուղիում գտնվող իր բնակարանից գողություն է կատարվել, որը բացահայտելու համար ինքը դիմել էր ոստիկանություն: Այնուհետև Քննչական կոմիտեում գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, հիշյալ կինն իր բնակարանը վարձակալությամբ է տվել ինչ-որ մարդկանց, ովքեր էլ իրենց հերթին են վարձակալությամբ տվել բնակարանը: Դրանից հետո այդ տանն ապրողները վաճառել են տան գույքը: Լուսինեի խոսքով` իր բնակարանից այդ ժամանակ նաև գումար են գողացել:

«Սակայն հակառակ կողմը փաստաբանի միջոցով կարողացավ հասնել նրան, որ գործը կարճեն: Ես բազմիցս դիմել եմ տարբեր կառույցների, բայց` ապարդյուն: Ինձ անընդհատ ասում էին` փաստաբանի հետ արի: Հետո ես պատահաբար իմանում եմ, որ գործը կարճել են: Ինձ ոչ մի կերպ տեղյակ չեն պահել: Իսկ այդ երկու մարդիկ, ովքեր գողություն էին արել, հիմա բանտում են, բայց ոչ իմ տան գողության համար, այլ` ուրիշ»,- պատմեց Լուսինե Սիմոնյանը: Նա նշեց, որ առաջին անգամը չէ, որ ինքնասպանության փորձ է կատարել. «Ես մի անգամ երեխայիս հետ փորձեցի մեքենայի տակ ընկնել: Ճանապարհային ոստիկանները թույլ չտվեցին, ինձ տարան բաժին: Եվ հիմա ես դիմել եմ Վլադիմիր Գասպարյանին, որովհետև ինքը կարող է իմ հարցին լուծում տալ»:

Մեր հարցին` հստակ պահանջը Վլադիմիր Գասպարյանից որն է, կինը նշեց. «Իմ երեխան սեպտեմբերին առաջին դասարան է գնալու, ես գումար չունեմ, ինձ գումար է պետք: Ես պահանջում եմ, որ ինձանից գողացած գումարը հետ տան, որ ես իմ երեխային ճանապարհեմ դպրոց: Ես հո տան շորերով չեմ ուղարկելու երեխայիս: Ես հիմա վաղը հանդիպելու եմ նրա հետ, որպեսզի իմ հարցին լուծում տա»:




Լրահոս