ՔԱՐՈԶՉԱՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ ՀՀ զինված ուժերի բժշկական ծառայությունում առկա խնդիրներին` նշելով, որ այդ ոլորտի թերացումներն իրեն մտահոգում են: «Բացթողումներից մեկը նախազորակոչային բժշկական աշխատանքն է, հետազոտումը եւ բուժումը, քանի որ հայտնաբերվել են մի շարք դեպքեր, երբ զորակոչիկի հիվանդության մասին  տեղյակ չեն եղել  ո՛չ զորակոչային հանձնաժողովը, ո՛չ էլ հրամանատարը»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ նախօրեին ռազմաբժշկական ծառայության աշխատանքի բարելավման հարցով խորհրդակցությունից հետո աշխատանքից ազատվել է ռազմաբժշկական  վարչության պետ Արտաշես Փարսադանյանը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մինչ այդ մամուլին տեղեկացրել էր, որ Փարսադանյանի աշխատանքից ազատումը կապված է նախօրեին Սովետաշենում ժամկետային զինծառայող Արմենակ Մկրտչյանի մահվան դեպքի հետ: Ինչ խոսք, որեւէ, առավելեւս` զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտում առկա թերացումների համար պատասխանատու պաշտոնյային աշխատանքից հեռացնելու որոշումը կարելի է միայն ողջունել: Հարցն այն է, սակայն, որ կոնկրետ այս ոլորտում առկա բազմաթիվ աղաղակող դեպքերի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են  տարբեր իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական ակտիվիստներ եւ զինվորների հարազատներ: Սակայն պաշտպանության նախարարին այդ բարձրաձայնումները կարծես թե այն աստիճան չէին մտահոգում, որ նա պաշտոնանկ աներ իրավիճակի համար պատասխանատու պաշտոնյային: Մինչդեռ  արձանագրված դեպքերը ոչ պակաս ողբերգական էին, իսկ զինված ուժերի բժշկական ծառայության աշխատակիցների թերացումներն էլ` ոչ պակաս աններելի, քան վերը նշված դեպքում: Ուստի այն, որ Ս. Օհանյանը հենց հիմա որոշեց պաշտոնանկ անել ծառայության պետին, կարող է ունենալ մեկ բացատրություն. նախագահական ընտրություններից առաջ իշխանություններն ամեն կերպ փորձում են ձեռք բերել հանրության համակրանքը եւ գոնե առերեւույթ  ժողովրդին առավելապես հուզող խնդիրներին լուծում տալ: Չմոռանանք, որ   Օհանյանի երեկվա ասուլիսի նախօրեին ՊՆ-ում ծավալուն ելույթով էր հանդես եկել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` փորձելով հանրային ուշադրությունը սեւեռել իր կարծիքով ՀՀ ամենակայացած  ինստիտուտի` ՀՀ զինված ուժերի վրա: Եվ Օհանյանի երեկվա ասուլիսում տեղ գտած հայտարարությունները` բանակի ձեռքբերումների մասին, այդ  քարոզչական  գործընթացի շարունակությունն են: Մենք, իհարկե, դեմ չենք, որ բանակում կամ ՀՀ պետական որեւէ գերատեսչությունում  կառուցվածքային բարեփոխումներ կատարվեն` թեկուզ քարոզչական նպատակներով: Միայն թե` կոնկրետ այս  դեպքում ի՞նչ պատասխան պիտի տա Սեյրան Օհանյանն այն բոլոր զոհված զինվորների հարազատներին, որոնց զավակները դժբախտություն ունեցան  առողջական խնդիրներ ունենալ ոչ  նախընտրական շրջանում:




Լրահոս