Անդրկովկասում իրավիճակը կարող է սրվել, եթե գեոքաղաքական օբյեկտներից մեկը փորձի ստատուս քվոն փոխել. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շփման գծում ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել է և պարբերաբար կրակոցներ է արձակում և սրում իրավիճակը: Ադրբեջանական կողմի ակտիվացման պատճառների և իրավիճակի մասին Armlur.am-ը զրուցեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:

-Պարոն Կարապետյան, վերջին ժամանակահատվածում կրկին լարված իրավիճակ է շփման գծում, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, այլև օգտագործում է նոր` առավել հզոր զինատեսակներ: Ինչի՞ կարող է հանգեցնել այս չդադարող, տեղայնացված պատերազմական վիճակը:

-Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ուղղակի ուզում է հարցի կարգավորմանը հասնել: Ես կարծում եմ սադրանք է դա՝ ուղղված միջազգային հանրությանը: Ադրբեջանը միշտ սադրում է եւ հատկապես հիմա, քանի որ բանակցային հիմնական գործընթացները սկսվում են սեպտեմբերից: Բոլոր հանդիպումները եւ լուրջ քննարկումները կազմակերպվում են սեպտեմբերից մինչև տարվա վերջ: Եվ պարզ է, որ ամռան ընթացքում նաև տեխնիկական նկատառումներով ավելի հեշտ է սադրելը: Իրենց մոտ միշտ նույն տպավորություն է, որ եթե սադրեն, ապա միջազգային հանրությունը կփորձի անպայման լուծումներ գտնել:

-Իսկ աշխարհաքաղաքական փոփոխությունները որևէ կերպ առնչվո՞ւմ են այդ կրակոցներին:

– Ոչ մի տարածաշրջան չկա, որ բախման թատերաբեմ չդառնա: Մի քանի տեղերում դա ակտիվ է: Իհարկե, հիմա Իրանի հետ հարաբերություններ են փոխվում: Իհարկե, այդ ամեն ինչն էլ ազդեցություն է ունենում, բայց դրանք երկրորդական են: Այդ լարվածությունը, որ առաջացել է, կարող ենք կապել, բայց ոչ ուղղակի կերպով:

–Տեսակետ կա, որ այդ փոքր գործողությունները կարող են սրանալ և վերածվել պատերազմի: Դուք պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:

– Ոչ, ես կարծում եմ դա սխալ թեզ է, քանի որ փոքր գործողությունները սադրանքներ են: Ես հասկանում եմ, որ Անդրկովկասում իրավիճակը կարող է սրվել և վերածվել պատերազմի, եթե գեոքաղաքական օբյեկտներից մեկը հիմա փորձի ստատուս քվոն փոխել: Այդ ժամանակ մի բան կարող է լինել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս