ՀԱՆՐԱՀԱՇՎԱԿԱՆ ՄՏԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ՝ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններին առաջիկայում բավական լուրջ թվաբանական մտավարժանքներ են սպասվում: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հստակ հրահանգ է իջեցվել 2012թ. արդյունքներն ամփոփելիս արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ: Սա, ի դեպ, այն թիվն է, որ հրապարակել էր Սերժ Սարգսյանն՝ ամանորյա իր ուղերձում:
Այն, որ ԱՎԾ-ն շատ հեշտությամբ կիրականացնի այս հրահանգը, որեւէ մեկը չի կասկածում. ի վերջո, այս իշխանություններն իրենց գոյության ողջ ընթացքում մասնագիտացել են թվանկարչության մեջ: Թվանկարչության հիմնական «ոլոլորտը» եղել են ընտրությունները, բայց դժվար չէ կռահել՝ այստեղ եւս հեշտությամբ կարելի է ստանալ ցանկալի պատկերը: Ընդ որում, զուտ թվաբանական առումով իշխանություններից մեծ ջանք չի պահանջվի ցանկալի արդյունք գրանցելու համար: Միայն թե, տնտեսական աճի մասին հերթական հեքիաթին հասարակությունը չի հավատա. ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում քաղաքացիները կորցրել են հավատն իշխանությունների ցանկացած խոսքի հանդեպ, այլ՝ որովհետեւ հասարակությունն իր մաշկի վրա չի զգում տնտեսական աճի հրաշալի ազդեցությունը: Ինչպես հայտնի է, 2012թ. Հայաստանում չի բարձրացել ո՛չ աշխատավարձը, ո՛չ կենսաթոշակը, ավելին, օտարերկրյա ներդրումների առումով էլ ավելի քան 35 տոկոս նվազում է արձանագրվել: Ու տնտեսական աճի մասին ցանկացած հիշատակման մարդիկ լավագույն դեպքում կվերաբերեն հումորով՝ աճի «մունետիկներին» համեմատելով Բարոն Մյունհաուզենի հետ:
Եթե իշխանությունները երկրում գրանցեն տնտեսական աճ, դրան զուգահեռ՝ պետք է գրանցեն նաեւ աղքատության թվի, գործազրկության մակարդակի ու մի շարք այլ բացասական ցուցանիշների նվազում: Այլապես անհասկանալի կլինի մի կողմից տնտեսության, մյուս կողմից աղքատության աճը: Ուրեմն այստեղ իշխանություններին օգնության կհասնի արտագաղթը, այն երեւույթը, որն իր հայտնի հարցազրույցում կատակով խրախուսում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես հայտնի է, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պաշտոնական ցուցանիշներով 2012թ. ՀՀ-ից մեկնել է 2 մլն 234 հազար 597 մարդ,  վերադարձել 2 մլն 191 հազար 833-ը, ասել է թե՝ նախորդ տարի Հայաստանից արտագաղթել է 42 հազար 764 մարդ: Ու սա այն դեպքում, երբ 2012թ. Սիրիայում տեղի ունեցող հայտնի դեպքերի պատճառով հատկապես ամռանը սիրիահայերի զանգվածային ներհոսք գրանցվեց: Բայց փաստորեն, այդքանից հետո անգամ տարեկան ցուցանիշներն ամփոփելիս գրանցվում է լուրջ արտագաղթ, որն իր ծավալներով գրեթե չի զիջում նախորդ տարիներին: Համեմատության համար նշենք, որ 2011թ. ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է -43.8 հազար մարդ, իսկ 2010-ին՝ -46.7 հազար մարդ, 2009-ին՝ -25 հազար, իսկ 2008-ին՝ -23.1 հազար մարդ: Այսինքն՝ վերջին հինգ տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 181 հազար մարդ:
Հայտնի փաստ է, որ արտագաղթողները  հիմնականում մարդիկ են, որոնք ունեն չլուծված տարբեր սոցիալական խնդիրներ՝ գործազրկություն, աղքատություն եւ այլն: Ասվածի առհավատչյան ՌԴ կառավարության կողմից իրականացվող  «Համերկրացիներ» ծրագիրն է, որի շրջանակներում Հայաստանից, տարբեր տվյալներով, տարեկան հեռացել է 30-40 հազար մարդ: Այսինքն՝  հեռացողները հենց աշխատանք փնտրողներն են, ասել է թե՝ գործազուրկները կամ սոցիալական վատ պայմաններում ապրողները: Ուրեմն որքան Հայաստանից հեռանում են գործազուրկները կամ աղքատները, այնքան նվազում է գործազուրկների ու աղքատների թիվը: Ճիշտ եւ ճիշտ խորհրդային տարիներից ժառանգություն մնացած հայտնի բանաձեւով՝ չկա մարդ, չկա նաեւ պրոբլեմ:
Այսպես օրինակ՝ Հայաստանում գործազրկության թիվը 2012թ. նվազել է. առայժմ հրապարակված են նախորդ տարվա երրորդ եռամսյակի տվյալները (չորրորդ եռամսյակի ու տարեկան ցուցանիշները կհրապարակվեն մոտ օրերս): Եվ եղած տվյալների համաձայն՝ գործազուրկների թիվը այդ ընթացքում կազմել է 16 տոկոս 2011թ. 17.4 տոկոսի փոխարեն. եթե 2011թ. երրորդ եռամսյակում գրանցված է եղել 253.8 հազար գործազուրկ, ապա 2012թ. այդ թիվը հասել է 228.1 հազարի: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանից տարեկան արտագաղթում է մոտ 42-43 հազար մարդ. այսինքն՝ եթե այդ մարդիկ չհեռանային երկրից, ապա գործազրկության թիվը հազիվ թե նվազեր: Եւս մեկ կարեւոր հանգամանք. ԱՎԾ-ն հրապարակում է աշխատանքի եւ զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը, այնինչ՝ շատ մարդիկ կան, որոնք նույնիսկ գրանցված չեն այնտեղ:
Նույնը, թերեւս, կարելի է ասել նաեւ աղքատության ցուցանիշի մասին. ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ-ում աղքատությունը 35,8 տոկոսից դարձել է 35 տոկոս: Սակայն երբ խնդիրը դիտարկում ես առկա բնակչության թվի տեսանկյունից, ստացվում է, որ աղքատության ցուցանիշը նվազել է հենց արտագաղթի շնորհիվ, որովհետեւ մոտ 42 հազար հոգու հեռանալուց հետո աղքատությունը 35 տոկոս է, իսկ մինչեւ նրանց հեռանալը՝ 35,8 տոկոս:
Այնպես որ՝ Տիգրան Սարգսյանի կատակները այնքան էլ հիմնազուրկ չէին. ախր այդ արտագաղթի արդյունքում իշխանություններին հաջողվում է իրոք վիճակագրական հրաշքներ գործել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս