Արդեն տեւական ժամանակ է, ինչ հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակ է. չդադարող գնդակոծությունները հետզհետե ավելի մտահոգիչ են դառնում, քանի որ հակառակորդն արդեն գործի է դնում ծանր զինտեխնիկա եւ հայկական դիրքերը գնդակոծում խոշոր տրամաչափի ականանետերից եւ նռնականետերից: ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԼՂՀ պաշտպանության բանակը ստիպված են հանդես գալ հաղորդագրություններով՝ հորդորելով ագրեսոր Ադրբեջանին դադարեցնել հրադադարի խախտումները:
«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է կրկին նման լարված իրավիճակ ստեղծվել սահմանի վրա, ու արդյո՞ք այս ամենը կարող է բերել պատերազմական գործողությունների վերսկսման: «Ժողովուրդ»-ի հարցերին պատասխանել է ԼՂՀ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
-Պարո՛ն Բաբայան, վերջին ժամանակահատվածում կրկին լարված իրավիճակ է շփման գծում, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը, այլեւ օգտագործում, է նոր` առավել հզոր զինատեսակներ: Ի՞նչ իրավիճակ է այժմ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւ ինչի՞ կարող է հանգեցնել այս չդադարող, տեղայնացված պատերազմական վիճակը:
-Հիմա համեմատած վերջին օրերին` հարաբերականորեն կայուն իրավիճակ է: Եղավ մի պոռթկում՝ օլիմպիական խաղերից հետո, հիմա կարծես թե նորից կայունացել է իրավիճակը: Սրանք ուղղակի ահաբեկչական գործողություններ էին, որոնք մշտապես Ադրբեջանը իրականացնում է: Այսինքն՝ Ադրբեջանը որդեգրել է այդ ահաբեկչության ռազմավարությունը ու կատարում է տարբեր տիպի նման գործողություններ: Իհարկե, Ադրբեջանը ստանում է արժանի հակահարված, բայց, այդուամենայնիվ, հստակ պետք է արձանագրենք` Ադրբեջանն այս օրերին զբաղված էր ահաբեկչությամբ:
-Ամեն անգամ, երբ ադրբեջանական կողմը ակտիվանում է, նշվում է, որ դա կապված է ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում սպասվող ինչ-որ նշանակալի գործընթացի հետ: Այս անգամ, ըստ Ձեզ` ինչով էր մոտիվացված Ադրբեջանի նման ակտիվացումը:
-Ես կարծում եմ, որ սա դարձել է իրենց պահելաոճը, ապրելակերպը: Նրանք, իհարկե, ակտիվանում են, երբ որ տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կամ ինչ-որ մի կարեւոր հանդիպում է սպասվում: Ճիշտ է՝ որոշակի աշխարհաքաղաքական զարգացումներ եւս կան, որոնք միգուցե ազդում են, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ այդ ամենով արդարացվում են նրանց գործողությունները, բայց ընդհանուր առմամբ այս ամենը դարձել է ախտորոշում. նման ահաբեկչական պետությունների պահելաձեւն է այդպիսին: Դժբախտաբար, այս դեպքում արդեն որեւէ տարօրինակ բան չկա:
Սոնա Գրիգորյան