Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, հայտնում են կառավարության պաշտոնական կայքից:
Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Սուխորենկոյի կատարած աշխատանքը հայ-բելառուսական հարաբերությունների սերտացման գործում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության խորացումը և ընդլայնումը:
Ստեփան Սուխորենկոն շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին կառուցողական համագործակցության համար և նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Ընդգծելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Բելառուսի համար, դեսպան Սուխորենկոն համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս երկու երկրների միջև կապերը կշարունակեն դինամիկ զարգանալ և ամրապնդվել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտության, Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայնման շուրջ: