ՈՐԵՎԷ ՄԵԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,-«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցին ի պատասխան՝ նման արտահայտություն էր արել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, ինչի արդյունքում «Ժողովուրդ»-ը եւ լրագրողը դատական հայց են ներկայացրել գործարարի դեմ՝ նրանից պահանջելով ներողություն խնդրել օրաթերթից եւ լրագրողից:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարի վարքը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ որոշում պետք է կայացնի դատարանը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե իսկապես նման բան եղել է, եւ կա ձայնագրություն, որ նա այդպիսի բառերով է խոսել լրագրողի հետ, իհարկե դատապարտելի է: Որեւէ մեկն իրավունք չունի լրագրողի հետ խոսել այդ լեզվով, եւ եթե դուք դիմել եք դատարան, համոզված եմ՝ կլինի արդարացի լուծում: Կրկնում եմ՝ ով ուզում է լինի, լրագրողի հետ այդ բառապաշարով չի կարելի խոսել: Այսպիսի վարքագիծը անհատական կուլտուրայի խնդիր է: Ամեն մեկն իր արտահայտություններով, իր բառապաշարով ստեղծում է իր անհատական կուլտուրան:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԵՍԱՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Թե դատարանն ինչպիսի որոշում կկայացնի, այս պահին ես չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է լրագրողին վիրավորելուն, ապա պետք է ասեմ, որ որեւէ մեկին անթույլատրելի է նման դրսեւորում՝ անկախ նրանից, թե նա ինչ մասնագիտության տեր անձնավորություն է: Եվ անպատժելիության մթնոլորտն է, որ այսպիսի դեպքեր ունենք: Կրկնում եմ՝ երեւույթն անթույլատրելի է: Պետք է ասեմ, որ վերջին տարիներին նմանօրինակ հարցերի հետ կապված դատական պրոցեսներում բարելավում կա, եւ ապացույցների ներկայացման դեպքում որոշակի օբյեկտիվ վճիռ կլինի:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, ամեն դեպքում, փաստաբանի մեկնաբանությունը կարող է լինել սուբյեկտիվ: Որեւիցե մեկն իրավունք չունի լրագրողին վիրավորել, քանի որ տվյալ անձն իր աշխատանքն է կատարում: Այս երեւույթը շատ տհաճ է:

ԹԱԴԵՎՈՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
փաստաբան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
շարունակելի




Լրահոս