ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ ԹՈՇԱԿԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր այցելել Երեւան քաղաքի Ե. Չարենցի անվան հ. 67 հանրակրթական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանը: Նա մեզ պատմեց, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի վերադարձնում իրեն օրենքով հասանելիք մասնակի կենսաթոշակը: Սիմոնյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որը բավարարել է ուսուցչուհու պահանջը: Սակայն անգամ դրանից հետո նախարարությունը հրաժարվում է թոշակ հատկացնել:
Անահիտ Սիմոնյանը 1984թ. հունիսի 1-ից առ այսօր աշխատում է Երեւանի Ե. Չարենցի անվան հ. 67 հանրակրթական դպրոցում: 1984թ. հունիսի 1-ից մինչեւ 1994թ. սեպտեմբերի 1-ն աշխատել է որպես կազմակերպիչ, արտադասարանական-արտադպրոցական աշխատանքների գծով դպրոցի տնօրենի տեղակալ եւ անգլերենի ուսուցչուհի: 1994-ի սեպտեմբերի 1-ից ազատվել է կազմակերպչի պարտականություններից եւ առ այսօր շարունակում է աշխատել որպես անգլերենի ուսուցչուհի:
2010թ. դեկտեմբերի 1-ին 55 տարին լրանալու կապակցությամբ ուսուցչուհին դիմել է ՀՀ ԱՍՀ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժին երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակ ստանալու նպատակով, ինչը նախատեսված է  օրենքով: Սակայն նրա դիմումը մերժվել է. «Երբ դիմեցի, անմիջապես ինձ հաշվառեցին, բայց հետո տեղեկացրին, որ չի հասնում: Դրանից հետո անընդհատ դիմել եմ ու մերժվել»:  
Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմից Ա. Սիմոնյանին պատասխանել էին, որ   26.12.2008թ.-ի ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ համատեղությամբ կամ ժամավճարով աշխատած ժամանակաշրջանը մասնագիտական ստաժում չի հաշվարկվում: Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակ նշանակվում է, եթե լրացել է նրանց 55 տարին, եւ ունեն առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններով: Այսինքն` մինչեւ 2003-ի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածի մասնագիտական աշխատանքային ստաժը չի հաշվառվում:
«Նոր ընդունած որոշումը կիրառում են անցյալ տարիների համար: Մերժել էին` պատճառաբանելով, որ իմ աշխատած ժամանակահատվածը կազմում է ընդամենը 8 տարի 10 ամիս 22 օր պահանջվող 12 տարվա մասնագիտական ստաժի փոխարեն»,-բացատրեց ուսուցչուհին:
Նույն մերժման տեքստն ուղարկել էր նաեւ ՀՀ ԱՍՀ նախարարության աշխատակազմը. «Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակ նշանակելիս մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպություններում այդ իրավունքը տվող մասնագիտություններով եւ պաշտոններով աշխատած ժամանակահատվածը»:
Այս մերժումներից հետո Ա. Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժին` ՀՀ ԱՍՀ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժնի 23.12.2010 թվականի թիվ սս/սս-1-/5746-11 մերժումները վերացնելու եւ պատասխանողին մասնակի կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջով:
ՀՀ վարչական դատարանը 2012թ. նոյեմբերի 5-ին բավարարել է Անահիտ Սիմոնյանի հայցը եւ պահանջել վերացնել ՀՀ ԱՍՀ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժնի մերժումները. «Պարտավորեցնել ՀՀ ԱՍՀ նախարարությանը Ա. Սիմոնյանին նշանակել մասնակի կենսաթոշակ՝ 03.12.2010թ.-ից սկսած: Նաեւ` ՀՀ ԱՍՀ նախարարությունից հօգուտ ուսուցչուհու բռնագանձել 8 հազար դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում»: 2012թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունը դատարանի վճիռը բողոքարկել է: Ըստ Սիմոնյանի՝ այստեղ եւս օրենք է խախտվում. «Հնարավոր է միայն մեկ ամսվա ընթացքում բողոք ընդունել նույն գործի մասով, սակայն, ինչպես նկատում եք, այստեղ նույնպես օրենք է խախտվել: Եվ ՀՀ վերաքննիչ դատարանը վերցրել է եւ վարույթ ընդունել: Ես էլ իմ հերթին եմ բողոքարկել: Այս տարվա փետրվարի 21-ին պետք կայանա դատը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս