ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՏՆՕՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հիմք ընդունելով Սեւքարի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը, հունվարի 14-ին Նաիրա Թանանյանին նշանակել է «Սեւքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում եւ նրա հետ հինգ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել: Նույն օրը մեկ այլ որոշմամբ մարզպետ Ղուլարյանը Սեւքարի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատել է Մարուս Բալասանյանին եւ լուծել 2012 թվականի փետրվարի 1-ին նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը: 2012 թվականի դեկտեմբերի 28-ին Սեւքարի դպրոցում կայացել է տնօրենի թափուր պաշտոնի  համար մրցույթ, թեկնածուն եղել է մեկը՝ Նաիրա Թանանյանը, որը ստացել է 5 կողմ եւ 1 դեմ ձայն: Նաիրա Թանանյանը դպրոցի տնօրեն դարձավ երկրորդ փորձով: 2012թ. նոյեմբերի 24-ին Սեւքարի դպրոցում կայացել էր դպրոցի տնօրենի թափուր տեղի համար ընտրություն, որի ժամանակ եղել էր միայն Նաիրա Թանանյանի թեկնածությունը: Դպրոցի կառավարման խորհրդի ութ անդամներից  քվեարկությանը մասնակցել էր վեցը, որից չորսը քվեարկել էր Նաիրա Թանանյանի օգտին, երկուսը՝ դեմ, իսկ տնօրեն ընտրվելու համար Թանանյանը պետք է առնվազն 5 քվե ստանար: Այդ օրը գյուղի երիտասարդությունն ավտոմեքենաներով ժամանել էր դպրոցի բակ եւ դժգոհել, որ մարզպետ Ղուլարյանի ենթակայի թելադրանքով Սեւքարում դպրոցի տնօրեն են ընտրում: Նշենք, որ Սեւքարի դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Թանանյանը մանկավարժական կրթություն չունի: Սեւքարի բնակիչները «Ժողովուրդ»-ի թղթակցին ասացին, որ Թանանյանի ընտրությունը գյուղում միանշանակ չի ընդունվել: Նշենք, որ այդ դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհի են աշխատում Նաիրա Թանանյանի  սկեսուրը եւ եղբոր կինը: Ըստ Սեւքարի դպրոցից ստացված տեղեկությունների՝ Նաիրա Թանանյանի ամուսնու եղբայրը դպրոցի կառավարման խորհրդի անդամ է: Նույն աղբյուրների համաձայն՝ առաջիկայում Թանանյանի եղբոր կինը նշանակվելու է դպրոցի ուսմասվար, իսկ ամուսնու եղբայրը գարնանը ղեկավարելու է դպրոցի կառավարման խորհուրդը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս