ՀԱՂԹՈՂԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեպի կինո» նախագիծը, որը սեպտեմբերից եթերում է, կավարտվի փետրվարին: Այս ընթացքում հեռուստադիտողը ակնդիր է եղել մոտ 200 մասնակցի ելույթի: Ի՞նչ նպատակով է  ստեղծված նախագիծը, ինչո՞վ կարող է օգնել դերասանական արվեստով հետաքրքրվողներին եւ  ի՞նչ մրցանակ է ստանալու հաղթողը. այս եւ այլ հարցերի պատասխանները ստացանք նախագծի փոխտնօրեն ՍՈՍԻ ԽԱՆԻԿՅԱՆԻՑ:
-Նախագիծը՝ որպես դերասանի մրցույթ, առաջին անգամ է աշխարհում, բայց ձեւաչափը համաշխարհային է: Այդ ձեւաչափով են աշխատում նաեւ «X factor»-ը», «The voice»-ը: «Դեպի կինո» նախագծի հիմնական նպատակը դերասանական տաղանդով օժտված մարդկանց բացահայտելն է, նաեւ օգնելը նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Այս նախագիծը կարող է ինչ-որ չափով սկիզբ դառնալ սկսնակի համար:
-Որքանո՞վ է ճիշտ ոչ մասնագիտական կրթություն ունեցող մարդկանց ներգրավել նախագծի մեջ:
-Իմ կարծիքով՝ այդ մրցույթը հենց նրանց համար է: Երբ այդ մարդիկ գալիս են, պարզ է, որ միանգամից եթեր չեն մտնում, մի ամիս նրանց հետ զբաղվում են, տարրական դերասանական գիտելիքներ տալիս… Յուրաքանչյուր ելույթից առաջ նրանց հետ մանրակրկիտ աշխատանք է տարվում: Էնպես է արված, որ նկարահանումները լինեն շաբաթը մեկ անգամ, որ մասնակիցների հետ կարողանան աշխատել: Երբ մնաց լավագույն տասնյակը, մասնագետները մոտ մեկ ամիս շատ ինտենսիվ աշխատում էին նրանց հետ: Մատուցվում է ոչ միայն դերասանական արվեստ, այլեւ կինոյի, թատրոնի, արվեստի պատմություն, գրականություն… Այսինքն՝ համընդհանուր գիտելիքներ, ընդհուպ մինչեւ այն, թե ինչպես պետք է նրանք իրենց պահեն տեսախցիկի առջեւ:
-Տարիքային սահմանափակում կա՞ր:
-Ո՛չ, մենք ունեցել ենք 4-87 տարեկան մասնակիցներ, բայց կարծում եմ, որ «Դեպի կինո 2»-ի ժամանակ տարիքային սահմանափակում կլինի:
-Ինչպիսի՞ն կլինի լավագույն տասնյակի մասնակիցների ճակատագիրը:
-Հենց նրանց հետ կապված շատ ծրագրեր ու անելիքներ կան, բայց ես հիմա չեմ կարող ասել: Այս պահին տասնյակից մնացել է 6 մասնակից:
-Իսկ ո՞վ է որոշում` նախագծում ով մնա, ով գնա:
-Միայն հեռուստադիտողը, սակայն ժյուրիի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի իր նախընտրած մասնակցի օգտին տալ 100 ձայն:
-Ովքե՞ր են ժյուրիի կազմում:
-Ամենասկզբում Աննա Էլբակյանը, Լեւոն Հարությունյանը, Հրաչյա Վարդանյանը, նաեւ Էնթոնի Մեյնդելը: Երբ տասնյակը ընտրվեց, ժյուրիի կազմը փոխվեց: Իհարկե, անգնահատելի է Աննայի եւ Լեւոնի աշխատանքը, նրանք շատ բարդ փուլերին են ներկա եղել ու ընտրել են լավագույններին: Հիմա արդեն երկրորդ փուլն է, մասնակիցների հետ այս պահին աշխատում են Հակինթ Բաղդասարյանը, որը Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս է, դերասանուհի, նաեւ Արման Նշանյանը, որը նույնպես լավ դերասանական կրթություն է ստացել, օպերային երգիչ է, Ալ Պաչինոյի ղեկավարած «Actor’s studio»-ի անդամ: Ժյուրիի մշտական անդամ է նաեւ Հրաչյա Վարդանյանը` «Արնոմա» կազմակերպության հիմնադիր տնօրենը, որը նույնպես կրթություն է ստացել Հոլիվուդում, սովորել Մարտին Սկորսեզեի եւ Քվենտին Տարանտինոյի մոտ: Ժյուրիի անդամները մեծ աշխատանք են տանում մասնակիցների հետ: Եթե թեկուզ նայեք լավագույն տասնյակի նախնական ու հիմիկվա ելույթները, հսկայական տարբերություն կա:
-Մի քանի ամիս տեւողությամբ նախագիծն ունա՞կ է ոչ դերասանին դարձնել դերասան:
-Այդքան կարճ ժամանակահատվածում իհարկե ոչ: Դերասանությունը շատ պահանջկոտ արվեստ է, ու հարկավոր է երկար տարիների նվիրում:
-Հեռուստադիտողներից ոմանք դժգոհություն են հայտնում, թե ինչու են շատ անտաղանդների եթեր տալիս: Չե՞ք լսել նման քննադատություններ ու չե՞ք կարծում, որ պետք էր միանգամից ընտրել լավագույններին ու նոր եթեր տալ:
-Չեմ կարծում, քանի որ այդ դեպքում ընտրությունը չէր երեւա արդար: Պարտադիր պետք է երեւային բոլորը, որ հեռուստադիտողն ինքը տեսներ՝ ով է արժանի տասնյակ մտնելու: Ես երկու անգամ եմ լսել նմանատիպ կարծիք, ինչը դրական է: Իհարկե, 1500-ից եղել են մասնակիցներ, որոնք, մեղմ ասած, նույնիսկ մոտավոր կապ չունեին դերասանության հետ:
-Ի՞նչ է ստանալու հաղթողը:
-Մեկնելու է Հոլիվուդ` սովորելու Էնթոնի Մեյնդելի դերասանական դպրոցում: Հոլիվուդ մեկնողը ստանալու է շատ լավ դերասանական կրթություն` 6 շաբաթ անվճար ուսուցում: Էնթոնի Մեյնդելը ներկա էր առաջին 2 նկարահանումներին, երբ 1500 մասնակցից ընտրվեցին  նախ 1000-ը, հետո 500-ը: 500-ից էլ ընտրվեցին լավագույն 200-ը, ու նրանք բոլորն էլ հեռուստատեսությամբ ներկայացվեցին:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս