ԸՆԿԵԼ Է ԳՆԱՑՔԻՑ
ՌԴ-ի Ամուրի մարզում գնացքի 42-ամյա ուղեւորը պատահաբար ընկել է վագոնից եւ 40 աստիճան ցրտին վազել գնացքի հետեւից: Տուժողի խոսքով՝ նա դուրս է եկել ծխելու, վերադառնալիս սխալ դուռ է բացել եւ հայտնվել ռելսերի վրա: Այնուհետեւ նա, մոտ 7 կմ վազելով, հասել է «Ռիխարդ Զորգե» կայան, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել: Ոստիկանները փորձում են պարզել` միջադեպը դժբախտ պատահար էր, թե ուղեկցորդի անպատասխանատվության արդյունք:
ԱՐՄԱՏԱԽԻԼ ԵՆ ԱՐԵԼ
«Բարբարոսներն արմատախիլ են արել Պլատոնի սրբազան ձիթապտղի ծառի մնացորդները, որի ստվերում մ.թ.ա. 5-րդ դարում հունական մեծն փիլիսոփան ուսուցանում էր իր աշակերտներին»,-գրում է Euromag.ru-ն: Ծառը 1970-ականներին վնասվել էր ավտոբուսի բախման հետեւանքով, որից հետո ծառի ճեղքված բունը կտրել եւ տեղադրել էին Աթենքի ագրարային համալսարանում՝ հատուկ ցուցափեղկի մեջ: Ըստ փորձագետների՝ չարագործները մի քանիսն են եղել, քանի որ ծառի արմատը կշռում էր 250-350 կգ:
15 ՏԱՐԻ ԱՆՑ
«Պորտլենդի 31-ամյա բնակչուհին փոստով նամակ է ստացել, ինչի միջոցով հեղինակը հետ է վերադարձրել 15 տարի առաջ գողացված մատանիները եւ ներում հայցել»,-գրում է Lifenews.ru-ն: Մարգոն ընդամենը 16 տարեկան էր, երբ իր թանկարժեք զարդերը անհետացել էին տանից: Ընտանիքն այնքան է զարմացել, որ նույնիսկ չի փորձել պարզել, թե ով է եղել այդ ամենի հեղինակը:
ԶՈՀՎԵԼ ԵՆ
Կիեւում ընկել է վերամբարձ կռունկի սլաքը, ինչի հետեւանքով մահացել է երկու բանվոր: Եւս երկու մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել Օբոլոնսկյան շրջանում: Ըստ տեղեկությունների՝ վերամբարձ կռունկի 30-մետրանոց սլաքն ընկել է պարանի կտրվելու պատճառով: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:
ՀԱՋՈՂԱԿ ՈՍԿԵԽՈՒՅԶԸ
Ավստրալիայի Վիկտորիա նահանգում սիրողական ոսկեխույզը 5,5 կգ-անոց բնակտոր է գտել: Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, ոսկու կտորը գտել է Բալարատ քաղաքի մոտ պորտատիվ մետաղորսիչի օգնությամբ: Այն եղել է 60 սմ խորության վրա: Գտածոն գնահատվել է 315 հազար դոլար: Տեղացի փորձագետների խոսքով՝ այս շրջանում ոսկու նման մեծ կտորներ նախկինում երբեք չէին հայտնաբերվել: