«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Սահմանադրության նախագիծն ավելի խայտառակ փաստաթուղթ է, քան մինչ օրս բոլորը պատկերացնում էին: Այդ փաստաթղթի հմայքները պարզվեցին երեկ, այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվեց նոր Սահմանադրության ամբողջական նախագիծը:
Ըստ այդմ, պարզվում է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են ներդնել մի համակարգ, որի պայմաններում Սահմանադրության կոնկրետ գլուխներում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ չի լինի հանրաքվե կազմակերպել: Նաեւ խորհրդարանը հնարավորություն կունենա երկու երրորդով փոփոխություններ կատարել: Մասնավորապես, առանց հանրաքվեի ԱԺ-ի կողմից փոփոխման ենթակա կարող են լինել ԱԺ-ի, նախագահի, Կառավարության, Դատախազության եւ քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, վերահսկիչ պալատի եւ կենտրոնական բանկի վերաբերյալ գլուխները:
Այսինքն՝ երբ ՀՀ իշխանությունները նոր Սահմանադրությունը ընդունել կտան հանրաքվեի միջոցով, իրավական ուժ կունենա, այդուհետ կարող են իրենց ցանկությամբ փոփոխել Հայաստանի ողջ կառավարման համակարգը: Ասենք՝ կարող են մեկ կամ երկու տարի հետո որոշել, որ Հայաստանը անցնում է կառավարման նախագահական համակարգին, եւ այդ նախագահին էլ նշանակում է հանրապետական կուսակցությունը, իսկ ինչու ոչ: Մի խոսքով, այս համակարգը ներդնելով՝ Հայաստանի ներկա իշխանությունները լիակատար ազատություն կստանան, եւ այլեւս նույնիսկ ձեւական հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտություն չի լինի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: