«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին էկրան կբարձրանա «Գարեգին Նժդեհ» ֆիլմը` նվիրված հայոց բանակի կազմավորման 21-ամյակին: Ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի խոսքով` Նժդեհի մասին ֆիլմ նկարելու գաղափարն իր մոտ վաղուց է եղել, եւ ինքը շուրջ 4 տարի ուսումնասիրել  է Նժդեհի կենսագրությունը: Ըստ ռեժիսորի՝ Նժդեհի ամբողջ կենսագրությունը մի ֆիլմի մեջ ներառել անհնար կլիներ: Ֆիլմում մենք կտեսնենք Նժդեհի կյանքի երեք շրջանները` 1918-1922թթ., 1944-1952թթ. եւ 1953թ:
Սցենարի հեղինակը Քրիստ Մանարյանն է: Գլխավոր դերերում Արտաշես Ալեքսանյանն ու Շանթ Հովհաննիսյանն են: Երկուսն էլ Նժդեհ են մարմնավորել, սակայն տարբեր տարիների: Ֆիլմում նկարահանվել են նաեւ հրավիրված դերասաններ` Միխայիլ Եֆրեմովը եւ Չուլպան Խամատովան: Վերջինս մարմնավորել է Նժդեհի կնոջը: Հայազգի դերասաններից ֆիլմում խաղացել են` Վիգեն Ստեփանյանը, Խորեն Լեւոնյանը, Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Մարգարյանը, Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի նկարահանումներն անց են կացվել Հայաստանում ու Եվրոպայում: Ի դեպ, նախքան նկարահանումները դերասանները երկու ամիս սովորել են ձիավարություն եւ սուսերամարտ: Ինչ վերաբերում է ֆիլմի բյուջեին, ռեժիսորն այն չի հրապարակում, միայն նշում է, որ պետպատվեր չէ:
Ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզան Բագրատունին նույնպես փաստեց, որ Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը պետական բյուջեի միջոցներով չի ֆինանսավորվել: Սակայն ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ֆիլմը ֆինանսավորողների ցանկում նշվում է նաեւ Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի անունը:




Լրահոս