Սերժ Սարգսյանի հորդորո՞վ է Գագիկ Ծառուկյանն անցել ՀՅԴ-ի հովանավորմանը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ին ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել էր Բեյրութ եւ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այդ հանդիպման ժամանակ էլ Ծառուկյանը իր անունը կրող հիմնադրամի անունից 500 հազար դոլար է նվիրել կաթողիկոսությանը, որի մի մասը կօգտագործվի սիրիահայերի կարիքների համար:

Կարելի է կարծել, որ նույնիսկ քաղաքականությունից դուրս գալուց հետո Ծառուկյանը չի կարող առանց բարեգործության, որ բարեգործությունը նրա համար կենսակերպ է դարձել, եւ նա անգամ առանց քաղաքական շահախնդրության հարյուր հազարներ է նվիրաբերում Անթիլիասի կաթողիկոսությանը: Բայց Ծառուկյանի բեյրության լուսանկարները, որոնցում նա պատկերված է Լիբանանի ՀՅԴ կառույցի պատասխանատուների ընկերակցությամբ, հուշում են, որ Ծառուկյանը շարունակում է բարեգործությամբ զբաղվել բացառապես քաղաքական ենթատեքստով, եւ եթե նախկինում նա բարեգործություն էր անում հանուն ԲՀԿ-ի, ապա հիմա փոխվել է հասցեատերը, եւ Ծառուկյանի հովանավորյալն այժմ ՀՅԴ-ն է:

Նույնիսկ Բեյրութի ոչ դաշնակցական կառույցներն են պնդում, որ Ծառուկյանի կողմից նվիրաբերված գումարից 200 հազարը հատկացվել է անմիջականորեն Բեյրութի ՀՅԴ կառույցին, չնայած մեծ հաշվով՝ Անթիլիասի կաթողիկոսության եւ ՀՅԴ բյուրոյի միջեւ մեծ տարբերություն չկա, եւ դրա ապացույցը դարձյալ Ծառուկյանի բեյրության լուսանկարներն են, որոնցում եթե Ծառուկյանի մի կողմում կանգնած էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ապա մյուս կողմում՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ՀՅԴ քաղաքական ու հոգեւոր կառույցների ղեկավարները:

Կես միլիոն դոլար տրամադրելով Դաշնակցությանը՝ կարեւոր չէ, թե որ երկրում, արդյոք Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու հա՞յտ է ներկայացնում՝ այդպիսով անտեսելով Սերժ Սարգսյանի՝ քաղաքականությամբ չզբաղվելու արգելքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս