Բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և խուլիգանության դեպքերով հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանության աշխատակից Ալբերտ Թ.-ն հայտնել է, որ 2015 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել է մի խումբ քաղաքացիների, ովքեր, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ փոխադարձ տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցրել միմյանց, որի պատճառով քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
ՀՀ ոստիկանության բաժին բերման ենթարկված Սարգիս Պ-ն էլ, իր հերթին, հայտնել է, որ հիշյալ դեպքի օրը՝ նույն ժամանակահատվածում, վիճաբանության կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո, ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ:
Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: