Արդեն երկու օր է, ինչ ,Նաիրիտ գործարանե ՓԲԸ աշխատակիցներն առավոտյան հավաքվում են ձեռնարկության անցակետի մոտ՝ դեպի նախագահական շարժվելու մտադրությամբ: Այն հասունացել էր դեռ երկու օր առաջ՝ հունվարի 22-ին:
“Ինչպե՞ս է լինում, որ ֆինանսական մեծ ճեղքվածք ունեցող գործարանում Մելքոնյանի բերած մարդիկ, ղեկավար պաշտոններ զբաղեցնող, մեկ ամսում ստանում են մեր մեկ տարվա աշխատավարձը”,- բարձրաձայն դժգոհել են գործարանի մուտքի մոտ կուտակվածները:
Ինչպես հայտնի է, անցյալ տարեվերջին ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ 2013 թվականի հունվարին “Նաիրիտի” հարցը կլուծվի: Հունվարն ավարտվում է, բայց նախարարից ձայն չկա: Ոչ մի հուսադրող լուր նաիրիտցիները չեն ստացել: Նրանց աղմկոտ ակցիաները նախագահական ընտրությունների քարոզարշավի այս շրջանում վտանգավոր են իշխող կուսակցության թեկնածուի համար, բայց ի՞նչ անեն խեղճ բանվորները, եթե Բաղրամյան 26-ի մոտ կազմակերպված վերջին միտինգից հետո բաժանած փողը վերջացել Է, իսկ տնօրինությունից հերթական աշխատավարձը պոկելու միակ միջոցը միտինգն Է: Հունվարի 22-ին գործարանի մուտքի մոտ սառչող ժողովրդի հետ խոսելու է եկել “Նաիրիտ գործարան” ՓԲԸ տնօրեն Հովիկ Հախինյանը և փորձել է համոզել կոլեկտիվին, որ ամեն անգամ ինքը 12 տոկոսով բանկից պարտք է անում, մարդկանց աշխատավարձ է տալիս: “Ինչ կարող ենք անում ենք, իսկ ում ձեռք չի տալիս թող գնա”,- հայտարարել է Հախինյանը՝ ավելի բորբոքելով կրքերը, որից հետո բողոքավոր ժողովուրդի շարասյունը քաղաքի կենտրոնի ուղղությունն է բռնել…
Երեկ երեկոյան գործարանի ղեկավարությունը արտադրության պետերին հավաքել է և հայտնել, որ մյուս շաբաթվա վերջում կլինի աշխատավարձը, սակայն հասարակ աշխատողները չեն հավատում տնօրենին և այսօր մտադիր են կրկին այցելել Բաղրամյան 26: