Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հուլիսի 25-ից մեկնել է արձակուրդ, որի տեւողությունը պաշտոնապես չի հրապարակվում: Պաշտոնական հաղորդագրությունում ընդամենը նշվել էր «կարճատեւ արձակուրդ»: Իսկ թե նախագահական նստավայրում որքան ժամանակն են համարում «կարճատեւ»՝ մեկ շաբաթը, 15 օրը, թե մեկ ամիսը, հայտնի չէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, ամեն դեպքում, ստիպված է լինելու մի պահ ընդհատել իր «կարճատեւ արձակուրդը» եւ վերադառնալ Հայաստան: Բանն այն է, որ օգոստոսի 2-ին նախատեսված է համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությունը, որին նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը:
Ի դեպ, մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվում, թե Սերժ Սարգսյանը կոնկրետ որտեղ է անցկացնում իր «կարճատեւ արձակուրդը»: Երեկ «Ժողովուրդ»-ը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց պարզել, թե ճիշտ է, որ նա օգոստոսի 2-ին իր արձակուրդը ընդհատելու է եւ վերադառնալու է Հայաստան` համահայկական խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար: Հակոբյանից մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե, ի վերջո, որքան է տեւելու այդ «կարճատեւ արձակուրդը», եւ որտեղ է նա այն անցկացնում: Սակայն մեր բոլոր հարցերին Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը տվեց հետեւյալ պատասխանը. «Որպես կանոն, ՀՀ նախագահի այցերի եւ հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով եւ ժամանակին»: Մի խոսքով, նախագահականում շարունակում է թեւածել «սերս գաղտնի թող մնա» վարակը:
Արմավիր զորամասերից (առավել հայտնի է «Սերժանտական» զորամաս) հրամանատար Գեւորգ Ենոքյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ենոքյանը առավել հայտնի է Մասո անունով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ենոքյանը խնդիրներ է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ, իսկ վերջինս էլ Սերժ Սարգսյանին «խնդրել» է նրան ազատել այդ պաշտոնից: Նշվում է նաեւ, որ Ենոքյանն ու Երանոսյանը Արմավիրի մարզում «շուկա» ունեն, որն իսկական գլխացավանք է դարձել փոխոստիկանապետի համար: Գեւորգ Ենոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց Երանոսյանի հետ հակասություններ ունենալու լուրերը եւ վստահեցրեց, թե ինքն այժմ արձակուրդում է: «Ինչի մարդն իրավունք չունի հանգստանալ մի 40 օր»,- ասաց Ենոքյանը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Գնդի, օղակի հրամանատարության մեջ նշանակումներն ու ազատումներն ամենօրյա գործընթաց են եւ ենթակա չեն մեկնաբանման»,- ասաց Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը հուլիսի 25-ին ձերբակալվեց, օրերս պարգեւատրվել է ԵԿՄ հուշամեդալով: Պարզվում է՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատեց Խաչատրյանին պարգեւատրելու լուրը եւ սկսեց գովերգել նրան: «Երբ նա համալրել է երկրապահի շարքերը, դրսեւորել է շատ ակտիվություն եւ շատ նորմալ կազմակերպել է միջոցառումները, այդ իսկ պատճառով ներկայացվել է խրախուսման: Արժանացել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալի»,- ասաց Սարգսյանը: Ավելին՝ ըստ Կապանի փոխքաղաքապետի՝ Տիգրան Խաչատրյանը շատ նորմալ վարք ունի եւ «շատ դաստիարակված տղա է»: Հետաքրքիր է, եթե Սարգսյանը լիներ Զաքարյան կամ Բուդաղյան եղբայրների փոխարեն, նույնը կասե՞ր Տիգրան Խաչատրյանի մասին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նոր պաշտոն է ստացել: Հիշեցնենք, որ նա 2012 թվականին հեռացվեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնից, եւ այդ ազատման վերաբերյալ տարբեր պատմություններ էին շրջանառվում՝ կեղծիքների համատեքստում: Թերեւս կարելի է կռահել, թե ինչ աստիճանի չարաշահում պետք է թույլ տված լիներ Բեյբությանը, որպեսզի ՊԵԿ-ից նրան հեռացնեին, քանի որ այդ համակարգը ինքնին չարաշահումներով է «ապրում»: Ամեն դեպքում, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Բեյբությանը հարկային ծառայությունում 16 տարի աշխատելու արդյունքում հասցրել է դառնալ միլիոնատեր: Եվ, ահա, սույն նախկին պաշտոնյան, վերջերս նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Երեւանի տարածքային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Հիրավի անհասկանալի է, թե միլիոնների կարողություն դիզած մարդու ինչին է պետք երկու կամ երեք հարյուր հազար դրամ աշխատավարձով պետական աշխատանքը: Կամ նախարարության համար որքանո՞վ է պիտանի կոռումպացված չինովնիկի համբավ ունեցած մարդու վերադարձը պետական համակարգ:
ԽՆԴՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրած շարժական արագաչափ սարքերը ժամանակավորապես կհանվեն շահագործումից: Այս մասին երեկ հայտնել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը` հավելելով, թե այդ քայլին իրենք դիմել են վարչապետի խնդրանքով:
«Այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց ժամանակավորապես դադարեցնել շարժական արագաչափերի գործածությունը: Մենք էլ համաձայնեցինք, որ ժողովրդին շատ չանհանգստացնենք ու ժամանակավոր հետաձգեցինք դրա կիրառումը, հետո կորոշենք` ինչ անել»,-ասել է Զաքարյանը:
Ստացվում է, որ «Սեքյուրիթի դրիմ»-ում հասկանում են, որ շատ են անհանգստացնում ժողովրդին, բայց դա չանելու համար նրանց անհրաժեշտ էր վարչապետի խնդրանքը: Մենք էլ միամտաբար մտածում էինք, թե արագաչափերը տեղադրվում են այլ` երթեւեկության կարգավորման եւ անվտանգության բարձրացման անվիճարկելի հիմնավորումներով, որոնք պետք է որ փոփոխության ենթակա չլինեին ո՛չ վարչապետի, ո՛չ էլ նախագահի խնդրանքի, անգամ աղաչանքի դեպքում:
Առավել եւս, որ կոնկրետ շարժական լուսանկարահանող սարքերի կիրառությունը, ըստ Զաքարյանի, բխում էր Կառավարության հետ կնքած պայմանագրից: Բայց, ինչպես ասում են, եթե գործին խառնվում է վարչապետը, ինչ պայմանագիր, ինչ բան:
Իհարկե, վարորդների մասին մտածող վարչապետի այս խնդրանքի մեջ ինքնին որեւէ վատ բան չկա, եթե հարցին նայենք զուտ մարդկային տեսանկյունից, խնդիրն այն է, որ նման խնդրանքներով կամ հորդորներով նույն վարչապետը կամ նախագահը կասկածի տակ են դնում կայացված որոշման հիմնավորվածությունը: Այսպես՝ երբ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի հայտնի դեպքերի արդյունքում, ի վերջո, ասաց՝ Տարո՛ն, սիրուն չէ, եւ դրանով, ըստ էության, հանգուցալուծվեց մի խնդիր, որի համար ավելի քան երկու ամիս պայքարող հանրությանն ասվում էր` անհնար է, կան օրենքներ, որոնք քաղաքապետարանը չի կարող շրջանցել, հանրությունը հերթական անգամ համոզվեց, որ Հայաստանում որեւէ օրենք գերակա եւ անփոփոխելի չէ, եթե կա այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի «քաղաքական կամքը», իսկ ավելի ճիշտ` քմահաճույքը:
Նույնը հիմա, երբ վարորդները օրեր շարունակ բողոքում էին շարժական արագաչափերի դեմ, նրանց ասվում էր, որ սա անհրաժեշտ միջոցառում է, արագաչափերը պետք է լինեն ամենուր, եւ վարորդը չպետք է իմանա դրանց գոյության մասին: Եվ այս ամենը պայմանավորվում էր հանրության գերակա շահի` երթեւեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ: Սակայն բավական էր, որ Հ. Աբրահամյանը «խնդրեր», եւ մեկեն թե՛ ՃՈ-ն, թե՛ «Սեքյուրիթի դրիմը» հասկացան, որ պետք չէ անհանգստացնել ժողովրդին: Ընդ որում, այս դեպքում ասվում է, որ դա ժամանակավոր է` «մինչեւ որոշեն ինչ անել», պարզ ասած` մինչեւ վարչապետի լավ տրամադրությունն անցնի:
Հ. Գ. Իսկ գուցե ազգովի խնդրե՞նք, որ Հ. Աբրահամյանը խնդրի ՀԷՑ-ին չթանկացնել էլէներգիան: