ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԿԱՆԱՅՔ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ. ՊԵՏԵՐԸ ԼԿՏԻԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ Աբովյան քրեակատարողական հիմնարկի բաց տիպի գաղութի դատապարտյալ մի խումբ կանայք հայտնվել են անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատապարտյալները նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին եւ ՀՀ ԱՆ ՔԿՀ պետ Արթուր Օսիկյանին, քանի որ իրենց զրկել են օրենքով հասանելիք արձակուրդից:

Նախ՝ նշենք՝ բաց տիպի պատիժը ենթադրում է, որ դատապարտյալը կարող է օրվա ընթացքում մի քանի ժամով դուրս գալ կալանավայրից, աշխատել, զբոսնել, բուժվել… եւ երեկոյան ներկայանալ կալանավայր՝ հաշվառման:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած ՔԿՀ-ի մի խումբ կանայք հայտնեցին, որ թեեւ շատ խնդիրներ ունեն, սակայն այս պահին ամենամեծ պրոբլեմը արձակուրդի հարցն է: Մեզ հետ զրույցում Սյունիքի մարզի բնակիչ, ՔԿՀ դատապարտյալ Հերմինե Խաչատրյանը պատմեց. «Երկու անչափաս աղջիկ երեխաներ ունեմ եւ ծեր հայր, որն անկողնային վիճակում է: Նպաստավոր ընտանիքի մայր եմ, իմ երեխաներն իմ խնամքի տակ են: Ես դատապարտվել եմ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1 մասով (Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որեւէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով), որը նախատեսում է այլընտրանքային պատժատեսակ, եւ ես կարող եմ ներկայանալ մեր մարզային ոստիկանություն, ստորագրություն տալ՝ ներկա լինելու մասին: Այսինքն՝ կարող եմ եւ կալանավայրում չմնալ: Բայց քիչ չէ, որ ինձ զրկել են այդ իրավունքից, մի բան էլ հասանելիք արձակուրդս չեն տալիս: Մեզ օրենքով հասնում է, որ տարվա մեջ 6 անգամ մեկ ամսով կարող ենք արձակուրդի գնալ, որը կոչվում է կարճատեւ մեկնում: Այ մարդ, թո՛ղ 15 օրով տան, գնանք տուն, բայց երեք օրից ավել չեն տալիս: Դուք պատկերացրեք՝ Աբովյանից մինչեւ Սյունիքի մարզ 7 ժամվա ճանապարհ է, բա ես իմ գնալ-գալուց ի՞նչ պիտի հասկանամ 3 օրով»:
Ըստ դատապարտյալի՝ այս խնդրի առաջ կանգնած են ՔԿՀ բաց ռեժիմում գտնվող բոլոր կանայք եւ պարզաբանման համար դիմել են ՔԿՀ ղեկավարությանը, սակայն նրանց պատճառաբանությունը չի գոհացրել դատապարտյալներին.«Պատասխանել էին, թե նպատակահարմար չեն գտնում, իսկ ինչո՞ւ չեն գտնում, մի բառ չեն ասել: Ինչ ասենք: Փաստն այն է, որ մենք, հայտնվելով բաց ուղղիչ հիմնարկում, մեր պրոբլեմներն ավելի են շատացել: Երբ դատապարտյալին տեղափոխում են բաց ռեժիմ, դա ենթադրում է, որ նրան հնարավորություն են տալիս ինտեգրվել հասարակությանը, աշխատանք գտնել, գումար վաստակել, բայց մեզ այդ հնարավորությունը չեն տալիս, ինչպես մենք մեզ վերագտնենք, եթե մեզ վանդակի մեջ են պահում»:
Ըստ Հերմինեի՝ երբ իրենք աղմուկ են բարձրացրել, թե ինչո՞ւ հնարավորություն չեն տալիս դուրս գալու, աշխատանք գտնելու, ՔԿՀ ղեկավարությունը պատասխանել է, թե հեռախոսով ձեզ աշխատանք գտեք. «Դա անհնար է, ինչպե՞ս կարող է մարդ հեռախոսով գործ գտնել կամ պայմանագիր կնքել: Օրինակ՝ եթե ատամնաբուժի մոտ ես ցանկանում գնալ, ասում են՝ միայն մեր ուզած բժշկի մոտ պիտի գնաս, եւ սա էլ դեռ քիչ չէ, մենք պիտի մեր գրպանից վճարենք ատամնաբուժի համար, մեզ միջոց չեն տրամադրում: Մեր աղջիկներից մեկը ցանկացել է մասնակցել մանկավարժականում հայտարարված աշխատանքի մրցույթի, սակայն ասել են, թե հեռախոսով հնարավոր չէ հայտը լրացնել: Այնպիսի իրավիճակ է, որ առնվազն Սերժ Սարգսյանի կինը պետք է լինես, որ կարողանաս մասնակցել քասթինգի»:
Մեր զրուցակցի պատմելով՝ կանացից մեկը բժշկի մոտ սեփական գումարով հետազոտման է գնացել, եւ երբ սկսվել է բուժման կուրսը, կնոջը թույլ չեն տվել դուրս գալ ՔԿՀ-ի տարածքից. «Այսինքն՝ մարդը մի կերպ գումար է հայթայթել բուժման համար, հարամել են բուժումը: Նույնիսկ մենք հրաժարվել ենք իրենց ուտելիքից, ինքներս ենք մեր հացը հայթայթում: Պատկերացնո՞ւմ եք այս ամռան շոգին ո՛չ բանջարեղեն, ո՛չ միրգ, ո՛չ միս չենք ուտում, մենակ իրենց տուշիտ արած կաղամբը պիտի ուտենք, տենց ո՞նց կլինի»:
Հերմինե Խաչատրյանի ներկայացմամբ՝ երբ կանայք իրենց իրավունքների համար ՔԿՀ-ի ներսում աղմուկ են բարձրացրել, Աբովյան ՔԿՀ-ի ղեկավարության կողմից հոգեբանական ճնշման են ենթարկվել. «Ասել են, եթե աղաղակեք, ապա ձեր հարազատների հետ տեսակցությունից կզրկվեք: Դե, տեսեք, մեր միտքն ու իրավունքն են խոշտանգել: Այլ ելք չունենալով՝ մենք նամակ ենք ուղարկել Սերժ Սարգսյանին եւ Արթուր Օսիկյանին ու սպասում ենք՝ տեսնենք, թե ինչ կլինի այս ամենի վերջը»:
Նշենք, որ ՀՀ ՔԿՀ օրենսգրքի 80 հոդվածի համաձայն՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին մինչեւ մեկ ամիս տեւողությամբ կարճաժամկետ արձակուրդ է տրամադրվում: Ավելին՝ ըստ ՔԿՀ ներքին կանոնակարգի՝ բաց ուղղիչ հիմնարկում գտնվող դատապարտյալին տարվա մեջ 6 անգամ մինչեւ 1 ամիս տեւողությամբ արձակուրդ է տրվում: Ուստի «Ժողովուրդ»-ը ԱՆ ՔԿՀ հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե ինչու դատապարտյալ կանանց իրենց հասանելիք արձակորդը չեն տրամադրում: ՔԿՀ վարչությունից հայտնեցին, որ Աբովյան ՔԿՀ գտնվող կանանց իրենց հասանելիք արձակուրդը վարչակազմի կողմից տրամադրվել է, եւ նման խնդիր չկա: Իսկ ինչ վերաբերում է դատապարտյալների նամակին՝ ուղղված Արթուր Օսիկյանին, ապա հավաստիացրեցին, որ նամակը դեռեւս ՔԿՀ վարչությունում չեն ստացել, ստանալու դեպքում անպայման կհետազոտեն՝ հասկանալու համար խնդրի էությունը: Հուսանք՝ շուտ կհասկանան եւ իրավիճակից բխող անհրաժեշտ քայլերը կկատարեն՝ դատապարտյալների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Ի վերջո, կալանավորված լինելը դեռ ստրկություն չի նշանակում, եւ «բերդի պետն» էլ ստրկատերը չէ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է շորթում կատարելու մեղադրանքով: Նա գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Armlur.am-ի հետ զրույցում ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ իրենք ձերբակալման մասին միայն դրանից մեկ օր անց են իմացել, մինչ այդ կարծել են, թե նա Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում:
Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով, այն է` շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ՝ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը:
Aravot.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար: Երեկ ողջ օրվա ընթացքում ՀՀԿ-ականներից չհաջողվեց պարզել` որ երկու պատգամավորների մասին է խոսքը, որոնց ինտիմ տեսանյութերը հայտնվել են Տ. Առաքելյանի ձեռքում: Մեզ խոստացան մեկնաբանել այսօր:
Իսկ, ահա, ՀԱԿ անդամ Արեգ Գեւորգյանը հայտնեց, որ իրենք որեւէ տեղեկություն նշված տեսանյութերի մասին այս պահին չունեն. «Մեր իմացած միակ փաստն այն է, որ Տիգրանը կալանավորված է: Նրան վերջին անգամ ձերբակալությունից մի քանի օր առաջ ենք տեսել: Հիմա փորձում ենք հասկանալ` որն է կալանավորման դրդապատճառը, ինչ խնդիրներ են առաջացել»,- Armlur.am-ի հետ զրույցում ասել է Արեգ Գեւորգյանը:
Երեկ՝ երեկոյան, օմբուդսմենի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանի հետ եւ առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին եւ ներկայացրել է դիմում՝ խնդրելով օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում: Տիգրան Առաքելյանն առանձնազրույցի ընթացքում ասել է, որ որեւէ բողոք չունի մեկուսարանում պահման պայմաններից, իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, ունի փաստաբան, ում հետ արդեն տեսակցել է: Առաքելյանը ներկա պահի դրությամբ իր դատավարական իրավունքների խախտման վերաբերյալ դժգոհություններ չի ներկայացրել: Օմբուդսմենն իր լիազորությունների շրջանակներում կքննարկի Տ. Առաքելյանի դիմումը, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում կպահի քրեական վարույթը Տիգրան Առաքելյանի դատավարական իրավունքների լիարժեք ապահովման նպատակով:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ԶԻՆՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՈՎ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բուդաղյան եղբայրների սպանության գործով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի տանը առգրավված զենքի օրինականության հետ կապված քննարկումներից ելնելով, որոշել է պարզել, թե անցած տարիներին քանի միավոր զենք, որ պետական մարմնի կողմից եւ ում է պարգեւատրվել: Պարզվել է, որ 23 տարիների ընթացքում տարբեր գերատեսչություններ պարգեւատրել են ընդհանուր թվով 2291 միավոր զենքով:
Առավել շատ զենք պարգեւատրել է պաշտպանության նախարարությունը՝ 873 միավոր, այնուհետեւ ոստիկանությունը՝ 787 միավոր, ՀՀ Կառավարությունը՝ 418, ազգային անվտանգության ծառայությունը՝ 174 միավոր, եւ առավել քիչ թվով ՀՀ նախագահի աշխատակազմը՝ 39 միավոր: Ի դեպ, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից զենքով պարգեւատրումները կատարվել են 1998թ-ից: Բոլոր պետական կառույցները հայտնել են, որ չեն կարող տրամադրել այն անձանց տվյալները, որոնք պարգեւատրվել են զենքով՝ հղում կատարելով տարբեր իրավական նորմերին:

 

ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԵՆ
Ոստիկանությունը երեկ «Ազատություն» ռադիոկայանին է հանձնել «Panasonic AG-AC 160» տեսախցիկ եւ համալրող սարքեր՝ լույս, եռոտանի, հիշողության քարտ ու ռադիոմիկրոֆոն, ինչպես նաեւ «Samsung Galaxy S4» հեռախոս՝ այսպիսով փոխհատուցելով հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում վնասված սարքերը: Սարքավորումները «Ազատությանը» փոխանցել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մալխասյանը:

 

ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԿՄՆԱ
Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է բավարարել պաշտպանող կողմի բողոքը Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Այսպիսով՝ դատարանն իր նախորդ որոշումներն անփոփոխ է թողել, իսկ փողերի յուրացման եւ լվացման մեջ մեղադրվող Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչեւ սեպտեմբերի 15-ը:




Լրահոս