Armlur.am-ն արդեն հայտնել է, որ մի քաղաքացուհի հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 4-ին` ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել է Ագարակ քաղաքի իրենց շենքի մոտ և դիտավորյալ հարվածել է իր ամուսնու` 53-ամյա Ստեփան Հովհաննիսյանի «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև անհայտ անձինք «Պորշ Կայեն» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներով հետապնդել են ամուսնուն և կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Հաղորդում ներկայացրած կինը հայտարարել է, թե կատարվածը Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերն է: Սակայն վերջինս Armlur.am-ի հետ զրույցում միանգամայն այլ պատկեր ներկայացրեց: Նրա խոսքով, իրականում իր համաքաղաքացի Ստեփան Հովհաննիսյանը կոնֆլիկտային անձնավորություն է, Ագարակում զենքով է շրջում, իսկ իր խնդիրները կրակոցներով է լուծում.
«Այդ մարդը ապօրինաբար հող է զավթել Չարենցի 28 շենքի մոտ, որտեղ որ եղել է այդ դեպքը: 2010թ քաղաքապետարանը դատ է շահել, ու հիմա թույլտվություն կա, որպեսզի զբոսայգին վերականգնենք: Ապօրինի հողազավթում ունեցող 5 բնակչից 4-ը կամավոր համաձայնել են հանձնել, միայն ինքն է ընդդիմանում, վճիռը կա, մենք շահեցինք առաջին ատյանում, ինքը վերաքննիչում բեկանեց, նորից վճռաբեկ բողոք տարանք եւ այլն»: Մխիթար Զաքարյանի խոսքով, Ս. Հովհաննիսյանը փորձում է «ցեխ շպրտել իր վրա»:
Armlur.am-ը կատարվածի շուրջ զրուցեց հաղորդում ներկայացրած կնոջ` Անահիտ Հովհաննիսյանի հետ, ով վստահեցրեց, որ իր ամուսնու նկատմամբ մահափորձ է կազմակերպվել: Իսկ «պատվիրատուն», մեր զրուցակցի համոզմամբ, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն է:
Վերջինս, Անահիտ Հովհաննիսյանի խոսքով, իրենցից վրեժ է լուծում. «2008 թվականին Ագարակում ՏԻմ ընտրություններ էին, թեկնածուներն էին երկու ՀՀԿ-ականներ Մխիթար Զաքարյանն ու Մայիս Խաչատրյանը: Մենք մեր ձայնը Մայիս Խաչատրայնին էինք տվել, ու սրանից Մխիթար Զաքարյանը զայրացել էր: Արդեն 7 տարուց ավել է` նա հետապնդում է մեզ, ընտանիքիս: Եվ սա մահափորձի առաջին դեպքը չէ: Նախկինում մի քանի անգամ ևս նա կազմակերպել է մահափորձը: Ու զարմանալի զուգադիպությամբ` ամեն անգամ երբ քաղաքում միջադեպեր են լինում, քաղաքապետն այստեղ չի լինում»:
Անահիտ Հովհաննիսյանը վստահ է, որ բոլոր այն մարդիկ, որոնք ՏԻՄ ընտրություններինն Մխիթար Զաքարյանին ձայն չեն տվել, նրա կողմից հետապնդվում են.
«Նրան ով չի ընտրել, նա պարտադիր վրեժ է լուծում, կամ ընտնիքի անդամներին է նեղում, կամ եթե բիզնես ունեն, խլում են ձեռքից: Նա, որ ասում է, թե հողի պատմություն է եղել, դա է այս ամեն ինչի պատճառը, ստում է: Մենք ունեցել ենք հողի պատմություն, բայց նա դատը շահել է, կրակոցների հետ դա կապ չունի: Կամ որ ասում է, թե կրակոցներին նպաստել են Շլանգ Ռուբոն, Սաղոն, դա էլ է ստում: Նրանք կապ չունեն այդ պատմության հետ: Պարզապես նրա նպատակն է ևս մի ագարակցու արտաքսել Ագարակից: Սա առաջին դեպքը չի, մի անգամ ևս մահափորձ է եղել, ամուսնուս ավտովթարն են կազմակերպել: Հարձակումներ են եղել, չի ստացվել: Ուրիշ տարբերակներով ևս չի ստացվել: Տեղի իրավապահների թեթև ձեռքով այդ բոլոր կոնֆլիկտները ծածկվել են, կորել են: Տուժվողը միշտ մենք ենք եղել: Իմ ընտանիքի հետ կապված ցանկացած խնդիր կատարվում է նրա պատճառով: Նա իրեն վատ է զգում, որ Ստյոպան (խմբ. նկատի ունի ամուսնուն) ապրում է Ագարակում, որովհետև Ստյոպան իր հացը արդար քրտինքով է վաստակում: Նա ապրում է իր ընտանիքի հետ, ի տարբերություն Մխիթար Զաքարյանի ընտանիքի»:
Վրդովված կինը հայտնեց նաև, որ ինքն ու որդիները տեսել են` ինչպես են կրակում ամուսնու մեքենայի ուղղությամբ: Անահիտ Հովհաննիսյանը հիշեց նաև ամուսնուն հետապնդած ավտոմեքենաների պետհամարանիշները` 19-946 համարանիշով «Վազ-2106» և 77-707 «Պորշ-Կայեն» մակնիշների ավտոմեքենաներ. «Ես իմ խանութի դիմացը նստած եմ եղել: Նա վրեժ է լուծում և ամեն անգամ մահափորձ է կազմակերպում, բայց քանի որ համայնքում չէ, ջրից չոր է դուրս գալիս»:
Կնոջ հետ զրույցի ընթացքում միացավ նաև, ըստ նախնական հայտարարության, մահափորձի ենթարկված Ստեփան Հովհաննիսյանը, ով, կրկնելով կնոջ խոսքերը, վստահեցրեց, որ իր դեմ իրականացված մահափորձը Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձեռքի գործն է. «Նույնիսկ եթե հողի խնդիր է եղել, թեպետ այդպես չէ, դա նշանակում է`պետք է ինձ հետապնդե՞ն, դարանակալե՞ն, սպանե՞ն: 7 տարի է` քաղաքապետ է, հանցագործ խումբ ունի, ինչի մասին տեղյակ են Ագարակի ոստիկանները, ԱԱԾ-ն, բոլորն էլ այդ մասին տեղյակ են»:
Ստեփան Հովհաննիսյանի փոխանցմամբ, իրենց շենքի մուտքի պատին դիպել է 12 փամփուշտ, մի քանիսն էլ այլ ուղղություններով են արձակվել:
Հովհաննիսյանների ներկայացրածի շուրջ ևս փորձեցինք պարզաբանում ստանալ քաղաքապետից, սակայն ապարդյուն: Մխիթար Զաքարյանը հրաժարվեց մեկնաբանել ընտրությունների հետ կապված իր հնարավոր վրեժի մասին լուրերը` ասելով, որ ինքն արդեն իր խոսքն ասել է:
Հիմա մնում է սպասել` ինչ կպարզի քննությունը, ով կպատժվի կրակոցներ արձակելու համար, և ի վերջո կհարթվե՞ն արդյոք քաղաքապետի և իր համաքաղաքացու հարաբերությունները: