«ՀԱՅԳԱԶԱՐԴ»-Ը ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԴԵՌ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի մի քանի գյուղերում, այդ թվում նաեւ Լուսակերտ եւ Գուսանագյուղ համայնքներում, օրեր առաջ լարված իրավիճակ է եղել. Լուսակերտի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ մի քանի օր առաջ ինչ-որ մարդիկ եկել են գյուղ, պտտվել տներով եւ առաջարկել ժամանակից շուտ հացահատիկը քաղել, քանի որ հողի տակ գազի հին խողովակներ կան, որոնք պետք է շտապ ապամոնտաժվեն: Այս մասին մեզ ահազանգած քաղաքացիները նշեցին նաեւ, որ տվյալ մարդիկ չեն ներկայացել, թե որ ընկերությունից են եւ ինչ նպատակով են ցանկանում այդ խողովակներն ապամոնտաժել:

ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընկերությունը, որն ապամոնտաժել է գազի այդ խողովակները, բնակիչների հետ իրենց վնասը փոխհատուցելու մասով պայմանագիր է կնքել: «Իրենք խոստացել են, որ ապամոնտաժելուց հետո նաեւ հողատարածքի իրենց կողմից քանդված հատվածները կբերեն նախկին տեսքին: Ու արեցին դա: Միշտ ուշադիր եմ եղել, որպեսզի բնակիչներին չնեղեն, չմոլորեցնեն: Պահանջել եմ մինչեւ վերջին փաստաթուղթը ներկայացնել, որպեսզի ոչ մի անօրինական գործողություն չլինի՝ լիցենզիա, սեփականության վկայական, թույլտվություն, առուաճառքի պայմանագիր եւ այլն»,- ներկայացրեց գյուղապետ Ղազարյանը: Մեր զրուցակցի պատմելով՝ այս հարցով հետաքրքրվել են նաեւ մարզային ոստիկանությունն ու դատախազությունը: «Նույնիսկ մի ընթացք դադարեցվեցին այդ աշխատանքները, երբ դատախազությունը ստուգեց բոլոր փաստաթղթերը եւ անօրինական ոչինչ չգտավ, նորից շարունակվեցին ապամոնտաժման աշխատանքները»,- հավելեց Գուսանագյուղի գյուղապետը:
Իսկ նույն մարզի Լուսակերտ համայնքի ղեկավար Սամվել Բալաբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գազի խողովակները ապամոնտաժելուց հետո հիմա գյուղացիներն զբաղված են հացահատիկի բերքահավաքով: Իսկ գազի հին խողովակների հետ կապված էլ նշեց հետեւյալը. «Ճիշտ է, մարդիկ եկել են ու գազի հին խողովակները հանել են, բայց դրա դիմաց վճարել են գյուղացիներին: Իհարկե, ցանքսի ժամանակ այդ խողովակները չեն խանգարել, բայց մենք ենք սխալվել, որ այդ տարածքներում հացահատիկ ենք ցանել: Իրավունք չունեինք կոմունիկացիաների վրա վարուցան անել»: Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ այն ընկերությունը, որն իրականացրել է գազի խողովակների ապամոնտաժումը, դեռ պետք է գյուղի յոթ բնակչի գումար փոխհատուցի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետերը, ինչպես նաեւ՝ գյուղերի բնակիչները, չկարողացան նշել, թե կոնկրետ որ ընկերությունն է ապամոնտաժել գազի հին խողովակները: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակի մարզային տեսչության պետ Սերգեյ Ամիրբեկյանի հետ: Սակայն պարզվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարզային ներկայացուցիչը տեղյակ չէր խնդրին: «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին, որովհետեւ «Գազպրոմ Արմենիա»-ի բալանսի կազմում չեն գտնվում այդ խողովակները: Դրանք մեր բալանսից դուրս գրված խողովակներ են, բայց տեղյակ չեմ, թե որ կառույցն է ապամոնտաժում»,- նկատեց Ամիրբեկյանը:
Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գազի հին խողովակաշարը, որն ապամոնտաժվել է, պատկանում է «Հայգազարդ» ՓԲԸ-ին: Փորձեցինք ընկերության ներկայացուցչից հետաքրքրվել, թե ինչու են գյուղերի բնակիչներին առաջարկել ժամանակից շուտ հացահատիկը հավաքել, եւ ինչու չեն փոխհատուցվել Լուսակերտի յոթ բնակիչների գումարները: Ապամոնտաժման հարցերով զբաղվող Գեորգի Գրիգորյանը, մեզ հետ զրույցում ներկայացրեց. «Բնակիչներին համապատասխան փոխհատուցումն արվել է: Ավելին՝ իրենց հավաքած բերքից երեք անգամ շատ է տրվել: Պատահել է, որ ապամոնտաժվող հատվածներում խոտ է եղել կամ էլ արտի սեփականատերն ասել է՝ ինչիս է պետք, քանդեք, հանեք: Մենք գյուղացու դաշտում փչացրել ենք ընդամենը 10-40 քմ տարածք, բայց դրա դիմաց կրկնակի-եռակի ավել գումար ենք տվել: Նույնիսկ գյուղացի կա, ով ստորագրել է, որ իրեն պատկանող այսքան ցորեն փչացել է ապամոնտաժման արդյունքում, եւ դրա դիմաց այսքան գումար փոխհատուցում է ստացել»: Իսկ Լուսակերտի փոխհատուցում չստացած 7 բնակիչների մասով էլ ընկերության ներկայացուցիչը հավաստիացրեց. «Առաջիկայում կանենք: Խնդիր չկա»: Նշենք, որ ապամոնտաժված այդ խողովակները «Հայգազարդ»-ից գնել է «Արազ շին» ընկերությունը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հայգազարդ» ՓԲԸ-ի տնօրեն Վալերի Հարությունյանի հետ. «Դրանք չգործող, շատ հին խողովակաշարեր են եղել, որոնք մենք օտարել ենք: Տասնյակ տարիներ ոչ ոքի կողմից դրանք չեն շահագործվել, մեր բալանսի կազմում էին գտնվում: Մեր գործառույթն էլ հիմնականում դա է. պահեստներում ինչ ունենք, օտարում ենք, որպեսզի ձեռնարկությունը կարողանա աշխատել: Ոչ մի լարված իրավիճակ չի ստեղծվել դրա շուրջ: Պայմանագրով որ ընկերությանը օտարել ենք, իրենք էլ իրենց հերթին գյուղացիների հետ պայմանագիր են կապել»,- եզրափակեց ընկերության տնօրենը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին: Հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրել է Իրաքյան Քրդստանի կրթական համակարգը եւ նշել, որ իր Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը համագործակցության եզրեր փնտրելն է եւ այս տեսանկյունից կարեւորում է համագործակցությունը նաեւ կրթության բնագավառում՝ հատկապես շեշտելով բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կապերի զարգացման կարեւորությունը:
ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգը, ընդգծել է, որ հիմնված լինելով խորհրդային կրթական մոդելի վրա՝ վերջին շրջանում այն արդիականցվել ու նկատելիորեն բարեփոխվել է. «Հատկապես Հայաստանի բարձրագույն կրթական համակարգն այսօր առավել մոտ է եվրոպական կրթական մոդելին եւ ընդգրկված է եվրոպական կրթական տարածքում»,- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի մի շարք բուհերում այժմ կազմակերպվում է միջազգային չափանիշներով օտարալեզու (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն) բարձրագույն մասնագիտական կրթություն` բժշկական, ճարտարագիտական եւ ՏՏ ոլորտի մասնագիտություններով: Հյուրին հետաքրքրել են հատկապես անգլալեզու բուհական մասնագիտական ծրագրերը, որոնց ծանոթանալու նպատակով կլինեն այցելություններ մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհային երթեւեկության բարելավման նպատակով, հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոսի 1-ից Երեւան քաղաքի Տերյան եւ Կողբացի փողոցների Արամի ու Թումանյան փողոցների միջեւ ընկած հատվածներում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Տերյան եւ Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Տերյան փողոցում Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղություններով:

 

ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
Վրաստանը միացել է ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցներին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի «Ղրիմի ու Սեւաստոպոլի շուրջ իրավիճակի պատճառով սահմանափակող միջոցառումներին միանալու մասին» հռչակագրում: Հուլիսի 29-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հանդեպ Եվրամիության երկարաձգված պատժամիջոցներին միացել է եւս 6 երկիր` Չերնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան, եւ որ զարմանալի է, Ուկրաինան (այն իմաստով, որ միայն հիմա է միանում):




Լրահոս