«ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թատրոն 32»-ի պրոդյուսեր, գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր, նախկին «32 ատամ» հումորային ակումբի հիմնադիր-անդամ Կարեն Բաբաջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է այսօրվա հեռուստատեսային հումորի որակին` նկատելով, որ դաշտում գործողները ստեղծագործական առումով ծերացել են: Նա խոսել է նաեւ երբեւէ հեռուստատեսություն վերադառնալու, «Վիտամին» ակումբի տղաների հետ ունեցած հարաբերությունների մասին` չբացառելով իրենց հնարավոր համագործակցությունը:

-Կարե՛ն, «Թատրոն 32»-ի բեմում հանդիսատեսին ի՞նչ նորություններ են սպասվում: Ներկայացումներում նոր դեմքերի պակաս չե՞ք տեսնում:
-Ամառային հանգստի մեկնելուց առաջ երկու նոր ներկայացում բեմադրեցինք` մեկը կատակերգություն, մյուսը մանկական ներկայացում: Սեպտեմբերին կսկսենք նոր թատերաշրջանը, մինչեւ տարեվերջ հավանաբար կունենաք եւս երկու նոր ներկայացում: Ինչ վերաբերում է նոր դեմքերին, ապա ամեն նոր ներկայացման շրջանակներում նոր մարդկանց հետ ենք համագործակցում: Մեր սկզբունքներից մեկը նոր, երբեմն անհայտ կադրերին հարթակ տրամադրելն է:
-Մի ժամանակ հայաստանյան հումորային դաշտի հիմնական դեմքերից էիք, իսկ հիմա այդ ոլորտին մեծ մասամբ նայում եք կողքից: Ինչպիսի՞ն է այն Ձեր աչքին:
-Երբ դաշտում տեղի չունեցավ սերնդափոխություն, ունեցանք այն, ինչ ունեցանք: Այդ սահուն սերնդափոխությունը, որը պետք է լիներ, երկար տարիներ չիրականացավ, ուստի հեռուստատեսային հումորային դաշտն ինչ-որ առումով լճացավ, սակայն նույնը չեմ կարող ասել ոչ հեռուստատեսային, հենց թեկուզ մեր թատրոնի ներկայացրած հումորի մասին: Էկրաններին երեւացող մարդիկ սպառվում են. դա նորմալ երեւույթ է: Մի ծառը կարո՞ղ է 40 տարի պտուղ տալ… Պետք է նոր շիվեր ծլեն:
-Ինչո՞ւ այդ շիվերը չեն ծլում:
-Հիմնական պատճառն այն է, որ եկավ մի շրջան, երբ արագ տեմպով դաշտը լցվեց մեծաքանակ կադրերով, հետո այդ քանակությունը թույլ չտվեց, որ ուրիշ մեկը ասպարեզ գա: Այդ մեծ քանակության մաս կազմողները հետագայում հոգնեցին, մեծացան, ստեղծագործական առումով ծերացան, եւ նրանց հետեւից չեկան նորերը: Ես դեռ մի քանի տարի առաջ էի կանխատեսել, որ դաշտում վակուում է սպասվում, մարդկային ռեսուրսի կրիզիս:
-Բայց այդ հնարավորությունը, ամեն դեպքում, կա, հատկապես, երբ ինքներդ եք նշում, որ դաշտը զբաղեցնողները ստեղծագործական առումով ծերացել են: Ուրեմն ո՞րն է ելքը:
-Պետք է գտնվեն մարդիկ, որոնք իրենց սեփական շահը մի կողմ կդնեն (ինչը շատ դժվար է), կվերցնեն պոտենցիալ ունեցող մի տասը հոգու, մի քանի տարի «կմեծացնեն» ու պատրաստ կլինեն անգամ սկզբնական շրջանում արդյունքի չհասնելու: Բայց այդպիսի մարդ որտեղի՞ց գտնես, առնվազն պետք է ֆանատ լինի: Կամ էլ պետք է հատուկ մասնագետի կանչել, ասել` դու կարեւոր հարց ես լուծում, շահդ դի՛ր մի կողմ, մենք քեզ հետո վարձահատույց կլինենք, բայց ինչպե՞ս է դա հնարավոր իրականացնել` մշակույթի նախարարի՞, թե՞ վարչապետի հրամանով…
-Իսկ հնարավո՞ր է Ձեզ կրկին տեսնենք հումորային հեռուստահաղորդման շրջանակներում: Հրավերներ չկա՞ն, թե՞ Դուք եք հապաղում:
-Կվերադառնանք սահմանադրական բարեփոխումներից հետո (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ` հնարավոր է, բայց, ճիշտն ասած, ես հիմա այլ նպատակներ ունեմ, թեեւ հումորը մեզ հետ կլինի միշտ` անկախ այն հանգամանքից` կմատուցվի դա էկրանից, թե բեմից: Բոլոր հեռուստաընկերություններն այսօր շատ վատ ֆինանսական վիճակում են հայտնվել: Մենք էլ իրենց համար «էժան պրոդուկտ» չենք, փող չունեն. իրենց էլ օբյեկտիվորեն կարելի է հասկանալ: Այս պայմաններում, երբ մարդիկ երկրից գնում են, ո՞նց կարող է որեւէ բան զարգանալ, կլինի դա գիտություն, արվեստ, թե ուրիշ մի բան:
-Բազմիցս խոսվել է Ձեր ու Վահագնի եւ «Վիտամին» ակումբի տղաների հարաբերությունների մասին: Ի վերջո, դրանք Դուք ինչպե՞ս կորակեք:
-Նորմալ, բավարար:
-Իսկ հնարավո՞ր է երբեւէ համագործակցեք:
-Միշտ հնարավոր է…

 

 

 

 

 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ ԼՈՒՄԱՆԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է ՀՀ մշակույթի եւ ֆինանսների նախարարությունների տրամադրած տեղեկություններն այն մասին, թե որքան են կազմել 2005-2014թթ. այլ երկրների պետական կառույցներից, Եվրամիության մարմիններից եւ միջազգային կազմակերպություններից մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպությունների ստացած դրամաշնորհները:

Ըստ այդ տվյալների` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 8.000 ԱՄՆ դոլար «Մշակութային քաղաքականություն եւ քաղաքականություն մշակույթի համար: Մշակույթ եւ զարգացում» խորագրով միջազգային տարածաշրջանային 2-րդ գիտաժողովի կազմակերպման համար: Իսկ, ահա, 2014թ. Եվրոպական միությունից ստացվել է 9.500 եվրո դրամաշնորհ «Եվրոպական ժառանգության օրեր» հաղորդակցման պլատֆորմի զարգացման եւ ԵԺՕ հաղորդակցման պլատֆորմին ազգային կայքէջի ինտեգրման համար:
Պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման գիտաժողովներից լուրջ ակնկալիքներ ունենալ չի կարելի, եւ որ դրանք «դատարկ բաներ են». «Դրա փոխարեն պետք է մտածել հետեւյալ հարցի շուրջ` առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն որեւէ լումա տրամադրե՞լ է իր համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում գտնվող հայկական հուշարձաններից որեւէ մեկի վերականգնման համար: Այս առումով որեւէ զգալի, տեսանելի արդյունք մենք ունեցե՞լ ենք: Իսկ գիտաժողովների համար տրամադրվող գումարներն ինչպես գալիս, այնպես էլ գնում են»,-նկատեց նա:
Ա. Այվազյանի համոզմամբ` գիտաժողովների եւ նմանատիպ այլ միջոցառումների միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարզապես հանրահռչակում է իր կատարած որոշ աշխատանքներ: Իսկ մշակույթի նախարարությունը, նրա խոսքով, պետք է հիմնավորումներ ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, օրինակ` Հաղպատավանքի, Սանահինի վանքի կամ Զվարթնոցի վերականգնման աշխատանքների անհրաժեշտության վերաբերյալ, այս խնդիրները պետք է լուծվեն նաեւ կազմակերպության հովանու ներքո: «Հայաստանը պետք է կարողանա հիմնավորված պահանջներ ներկայացնել եւ այնքան գումար ստանալ, որի շնորհիվ հուշարձանների վերականգնման հարցում տեսանելի արդյունք կգրանցենք: Այլապես ձգտել այս կամ այն հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառել, անիմաստ է»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ
Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 2-րդ դասարանի աշակերտ Հարություն Մելիքյանը Իսպանիայի Գրանադա քաղաքում անկացված «Մարիա Հերերո 2015» դաշնակահարների 5¬րդ միջազգային մրցույթում արժանացել է 2¬րդ մրցանակի: Հուլիսի 20¬24¬ը կայացած մրցույթին հանդես է եկել 26 երկրի 67 մասնակից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցած պատանի երաժիշտը հանդես է եկել Լ. Վ. Բեթհովենի «Ռոնդո», Է. Գրիգի «Թիթեռնիկ», Ի. Բերկովիչի «Վարիացիաներ Պագանինիի թեմաներով», Պ. Չայկովսկու «Վալս», Ա. Բաբաջանյանի «Հումորեսկ» ստեղծագործությունների կատարումներով:

 

«ՏՈՒՏՍԻ»-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Տարբեր երկրների հայտնի դերասաններից կազմված խումբը բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ է համարում Դասթին Հոֆմանի մասնակցությամբ «Տուտսի» ֆիլմը։
Կինոյի 73 աստղերի շրջանում անցկացված հարցման հեղինակն ամերիկյան Time Out New York ամսագիրն է։
Հարցմանը մասնակցել են նաեւ եվրոպացի դերասաններ Ժյուլետ Բինոշը, Մայքլ Շինը, Քիլիան Մերֆին եւ Էնդի Սերկիսը։
Ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել Մառլոն Բրանդոյի եւ Ալ Պաչինոյի դերակատարմամբ «Կնքահայրը» ֆիլմը։
Երրորդ հորիզոնականում է Ջոն Կասավետիսի «Կինն ազդեցության տակ» ֆիլմը։

 

ԿՐՔԵՐ ՀԱՅՏՆԻ ԵՐԳԻ ՇՈՒՐՋ
Ռեժիսոր Ջենիֆեր Նելսոնի փաստաբաններն «անհերքելի ապացույցներ» են գտել, որոնց միջոցով հնարավոր կլինի «Happy Birthday to You» երգը զրկել հեղինակային իրավունքներից:
Ջենիֆեր Նելսոնը 2013 թվականին հայց է ներկայացրել երգի իրավատերերի դեմ՝ վավերագրական ֆիլմում այն օգտագործելու համար 1,5 հազար դոլար վճարելուց հետո:
Հեղինակային իրավունքը պատկանում է Warner/Chappell-ին, որը տարեկան շուրջ 2 միլիոն դոլար է ստանում 19-րդ դարի վերջի շնորհավորական մեղեդին ֆիլմերում եւ հեռուստատեսային շոուներում օգտագործելու համար:
Դատական նիստը, որտեղ կհրապարակվեն ապացույցները, կանցկացվի այսօր, Լոս Անջելեսում: Փաստաբանները հայտարարում են, որ նոր տվյալների համաձայն՝ երգը չի եղել հեղինակային իրավունքի մասին օրենքի պաշտպանության տակ 1922 թվականից:




Լրահոս