ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ Կառավարության շենքի դիմաց

Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին Կառավարության առջեւ: Ինչպես հայտնի է` նրանց խոստացել էին մինչեւ հուլիսի վերջ վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, սակայն ոչ բոլորն են այն ստացել: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնել է, որ մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում աշխատավարձերը կվճարվեն: Գործարանի աշխատակիցների համակարգող անդամ Անուշ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք այդ երկու օրը անցկացնելու են Կառավարության առջեւ, մինչեւ վերջին նաիրիտցու աշխատավարձը չփոխանցվի:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ովքե՞ր իրավունք ունեն մասնակցել կամավոր կենսաթոշակային բաղադրիչին, եւ դրան մասնակցելիս անձը կրո՞ւմ է հարկային արտոնություններ:

Լիանա Բարսեղյան (34 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ` անկախ տարիքից եւ անկախ այն հանգամանքից, թե նա պարտադիր կուտակային եւ բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է, թե ոչ: Անձի օգտին կամավոր կուտակային վճար կարող են կատարել նաեւ գործատուները՝ այդ նպատակով միանալով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի որեւէ կենսաթոշակային սխեմայի: Կամավոր կուտակային վճարի չափը կսահմանվի կողմերի՝ կամավոր կուտակային վճար կատարողի եւ կամավոր կուտակային սխեմա առաջարկող ֆինանսական կազմակերպության, փոխադարձ համաձայնությամբ: Կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելու դեպքում անձն օգտվում է եկամտային հարկի արտոնություններից: Մասնավորապես, անձի եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտը նվազեցվում է մինչեւ 5%-ի չափով: Օրինակ՝ եթե անձի ամսական բազային եկամուտը կազմել է 100 000 դրամ, եւ նա կատարել է 5000 դրամ կամավոր կուտակային վճար, ապա նրա եկամտային հարկը կհաշվարկվի 95 000 դրամից: Իսկ գործատուներն իրավունք ունեն նվազեցում կատարել շահութահարկի բազայից, եթե կամավոր կուտակային վճարներ կատարեն իրենց աշխատողների օգտին: Գործատուի հարկվող շահույթը որոշելիս՝ համախառն եկամուտը նվազեցվում է գործատուի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 2,5 տոկոսի չափով:
Գործատուն շահութահարկ չի վճարի վարձու աշխատողի օգտին կատարված կամավոր կուտակային վճարների՝ տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների, 7.5%-ը չգերազանցող մասի համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կամավոր կուտակային բաղադրիչը գործում է 2011թ. հունվարի 1-ից, եւ դրա մասնակից կարող է լինել 16 տարին լրացած ցանկացած անձ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կա՞ն դեպքեր, երբ օրենքով սահմանված կարգով չի թույլատրվում կնքել ամուսնության պետական գրանցում:

Տաթեւ Սիրադեղյան (31 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Սիրադեղյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաեւ՝ հարազատ եւ համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր եւ մորեղբոր զավակների) միջեւ.
գ) որդեգրողների եւ որդեգրվածների միջեւ.
դ) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում նվազել են ամուսնության դեպքերը: 2015 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ամուսնության 4 հազար 346 դեպք, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 9 տոկոսով: Ավելի ստույգ պատկերացնելու համար նշենք, որ յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկել ամուսնության ընդամենը 6 դեպք:




Լրահոս