Երկար բանակցություններից հետո հաջողվել է ցուցարար-իջևանցիներին համոզել` բացել միջպետական ավտոճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզում ի նշան բողոքի՝ բազմաթիվ գյուղացիներ փակել են Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը: Պատճառը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի այսօրվա կայացրած վճիռն է, որով Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը դատապարտվեց` 5, ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանը՝ 4, իսկ «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը՝ վեցուկես տարվա ազատազրկման:

Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց Ոսկեպար գյուղի գյուղապետ Երվանդ Եգանյանի հետ՝ պարզելու ինչ վիճակ է այժմ Տավուշում: Վերջինս նշեց, որ երկար բանակցություններից հետո բանկիչներին հաջողվել է համոզել բացել ավտոճանապարհը: Համայնքապետի փոխանցմամբ, վրդովված բնակիչների խնդիրն, իհարկե, չի լուծվել, սակայն այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Առավոտվա լարվածությունն այլևս չկա», – նշեց նա:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Իջևանի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 1-ի ժամը 24-ի սահմաններում Իջևանի «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի զուգորդմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:

Դա արտահայտվել է օրինական կերպով Խոջումյանին ամրակցված և հրազեն հանդիսացող «Սայգա» տեսակի ինքնաձիգով, համալիրի բակ եկած Աշոտ Այդինյանի եւ Արսեն Չապուխյանի ուղղությամբ կրակոցներ արձակելով, ինչի հետևանքով իրական վտանգ է ստեղծվել նրանց կյանքի և առողջության համար: Ա. Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Կոթի գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Անդրանիկ Ազիբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ոստիկանության Իջևանի բաժնի պետ, կատարված հանցագործությունների հայտնաբերման, ստացված հաղորդումների, ահազանգերի ընդունման, գրանցման, քննարկման համար պատասխանատու անձ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց մտերիմ, սպառնալիքի եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Անդրանիկ Խոջումյանին օգնելու, վերջինիս քրեական պատասխանատվությունից զերծ պահելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դեպքի առթիվ քրեական վարույթի կապակցությամբ պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները:

Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել Իջևանի բնակիչ Աշոտ Այդինյանի իրավունքներին, պետության օրինական շահերին, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ սպանության փորձ կատարելու մեջ ակնհայտ անմեղ Աշոտ Այդինյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության, վերջինիս մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, նա կալանավորվել եւ շուրջ 5 ամիս պահվել է անազատության մեջ: Նման մեղադրանք է առաջադրվել նաեւ Արտակ Ավետիսյանին, Ազիբեկյանը և Ավետիսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով: Ա. Խոջումյանի, Ա. Ազիբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Ա. Ավետիսյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Լուսանկարը` Aravot.am-ի:




Լրահոս