Էրեբունի ԲԿ-ում մահացած ծննդկանի մոտ ախտորոշվել էր սրտի բորբոքում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ հուլիսի 29-ին, ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզից 23-ամյա Ջուլիետա Գասպարյանն ընդունվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ` թոքային հիպերտենիզա ախտորոշմամբ:

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ հիվանդն ուղեգրվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն հետազոտման, ուր ախտորոշվել է բակտերիալ էնդոկարդիտ (սրտի բորբոքում), պլևրիտ, սրտի երկփեղկ փականի 3-րդ աստիճանի անբավարարություն, ինչպես նաև սրտային անբավարարություն 4-րդ աստիճանի:

Հաշվի առնելով հղիության հետ անհամատեղեի սրտային արատի առկայությունը` հանրապետության լավագույն սրտաբանների մասնակցությամբ կազմակերպված կոնսիլիումների արդյունքում որոշում է կայացվել ընդհատել հղիությունը և մոր կյանքը փրկելու համար կատարել անհրաժեշտ վիրահատությունը:

Արդեն իսկ ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված կնոջը կատարվել է կեսարյան հատում, կազմակերպվել են բազմաբովանդակ քննարկումներ և նեղ մասնագիտական կոնսիլիումներ, անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:

Նշենք, որ, ըստ գործող ընթացակարգերի, մայրական մահացության յուրաքանչյուր դեպք, անկախ այդ կապակցությամբ բողոք լինել-չլինելու հանգամանքից, ենթարկվում է մասնագիտական վերլուծության, որի արդյունքները ներկայացվում են մասնագիտական հանձնաժողովին:

Մասնագիտական հանձնաժողովի վերլուծության արդյունքները քննարկվում են ՀՀ առողջապահության նախարարության Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստում` բոլոր պատասխանատու և դեպքին առնչված անձանց մասնակցությամբ:




Լրահոս