Զինվորին ծառայությունից ազատողը բռնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել քաղաքացի Կ.Ս-ն: Քաղաքացին հայտարարել է, որ 2012 թվականի դեկտեմբերին քաղաքացի Ա.Բ-ին տվել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս, իբր պետական մուծումներ կատարելով, իր եղբոր որդուն օրինական ճանապարհով ազատի զինծառայությունից: Ա.Բ-ն վերցրած գումարի դիմաց Կ.Ս-ին փոխանցել է զինծառայությունից ազատվելու վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթուղթ: Ըստ տրված հայտարարության` ՌՈ է բերման ենթարկվել Ա.Բ-ն, ով խոստովանել է, որ նմանօրինակ խարդախության միջոցով գումարներ է շորթել նաև այլ քաղաքացիներից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախապատրաստված նյութերով ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Եթե կան այլ քաղաքացիներ, ովքեր տուժել են տվյալ անձի խաբեություններից, կարող են դիմել ՊՆ ռազմական ոստիկանություն կամ քննչական ծառայություն:
Խարդախության նմանօրինակ դեպք էր բացահայտվել հունվարի 13-ին և այդ առնչությամբ հարուցվել էր քրեական գործ:
ՊՆ ռազմական ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից, նմանաբնույթ դեպքերում դատապարտելի են ոչ միայն քրեածին տարրերի, այլև այն ծնողների վարքը, ովքեր, կուլ գնալով գայթակղիչ առաջարկներին, փորձում են իրենց զավակներին զերծ պահել զինծառայությունից կամ տեղավորել իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում: 




Լրահոս