«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ հանրությունը չէր հասցրել համակերպվել 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան հետ, օրեր անց այդ դեպքին հաջորդեց 23-ամյա ծննդկան Ջուլիետտա Գասպարյանի մահը:
…Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մ. Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել եւ չի կատարել իր պարտականությունները: Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով Մ. Մարգարյանը 2015 թվականի հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ վերջինիս նորածին դուստրը:
Իսկ, ահա, 23-ամյա ծննդկան Ջուլիետտա Գասպարյանի մոտ ախտորոշվել էր բակտերիալ էնդոկարդիտ (սրտի բորբոքում), պլեւրիտ, սրտի երկփեղկ փականի 3-րդ աստիճանի անբավարարություն, ինչպես նաեւ՝ սրտային անբավարարություն 4-րդ աստիճանի: Նրա հղիությունը ժամանակից շուտ ընդհատվել էր, սակայն բժիշկները չէին կարողացել փրկել կյանքը:
«Շենգավիթ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքից հետո «Ժողովուրդ»-ի խմբագրությունը չի դադարում ահազանգեր ու բողոքներ ստանալ՝ կապված բժշկական կենտրոնների, հատկապես՝ ծննդատների հետ: Նշենք, որ բողոքների մեծ մասը վերաբերում է «Շենգավիթ» ԲԿ-ին: Օրինակ՝ մեզ դիմած քաղաքացիներից մեկի՝ Աննա Կարապետյանի (անունը փոխված է) բողոքը նույնպես կապված է Շուշանիկ Բախշյանի աշխատանքային գործունեության հետ: «Իր աշխատասենյակի մոտ մշտապես հերթեր են, եւ եթե հստակ ժամ էի պայմանավորվում իր հետ, ապա նա կա՛մ տեղում չէր լինում, կա՛մ էլ շատ ուշ էր ընդունում: Անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել իմ նկատմամբ: Երբ զանգում էի, որպեսզի հետաքրքրվեմ՝ որտեղ է եւ երբ կմոտենա, պարզվում էր, որ քաղաքում չէ: Բայց ամենասարսափելին այն էր, որ ինձ մի անգամ դեղային նշանակումներ արեց, ես սկսեցի խմել այդ դեղը, հետո գնացի կոնսուլտացիայի, նայեց իր նշանակած դեղը եւ ասաց, թե վայ, քեզ շփոթել եմ մեկ այլ հիվանդի հետ եւ ուրիշ դեղ եմ նշանակել, ու արգելեց շարունակել խմել դեղը»,- պատմեց մեզ դիմած քաղաքացին:
Բացի այս՝ նրա պատմելով՝ Շուշանիկ Բախշյանը իր նկատմամբ կոպիտ վերաբերմունք է դրսեւորել: «Կարճ, կոնկրետ էր խոսում, չէի կարողանում իմ գանգատների մասին հարցեր տալ: Իսկ երբ դեղ էր նշանակում, հետաքրքրվում էի, թե դա ինչ դեղ է, եւ ինչի համար պետք է այն օգտագործեմ: Շատ անտարբեր տոնով հարցնում էր՝ դու ինձ չես վստահում, եթե դա եմ նշանակում, ուրեմն խմիր ու հինգ օրից կգաս: Գնում էի, բայց այնտեղ չէր լինում»,- հիշեց Աննան:
Իհարկե, մենք փորձեցինք կապվել Շուշանիկ Բախշյանի հետ՝ պարզաբանելու, թե ինչու են իր աշխատաոճից մշտապես դժգոհում այցելուները, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Տեղի ունեցած դժբախտությունները առիթ տվեցին սոցիալական ցանցերում բուռն քննարկումների եւ քննադատությունների՝ ուղղված ծնունդ ընդունող բժիշկներին եւ ընդհանրապես առողջապահության ոլորտում այդ մասնագիտացմամբ աշխատողներին:
…Ահա թե ինչ է կատարվում մեր հիվանդանոցներում եւ բժշկական կենտրոններում, եւ ահա թե ինչպես են վերաբերվում ծննդկաններին: Ու դեռ մեր երկիրը՝ իր Կառավարությունով, հռչակել է ծնելիության խթանման քաղաքականություն: Մինչդեռ իրականում շատ են գումար շորթելու, հղիների ու ծննդկանների նկատմամբ կոպիտ վերաբերմունք դրսեւորելու դեպքերը:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարը, որի ուղղակի գործառույթն է առողջապահության ոլորտում առկա խնդիրների լուծումը, լավագույն դեպքում «հետին թվով» է արձագանքում: Նախարարը պետք է այդ դեպքերի առիթով օպերատիվ խորհրդակցություն հրավիրեր, հրահանգեր ոլորտի մասնագետներին արագ քննարկել խնդիրը եւ եզրակացություն տալ, որպեսզի հասարակական հետաքրքրությունն ու զայրույթը մեղմվեր: Բայց Արմեն Մուրադյանն ընդամենը ձեւական կողմը պահելով՝ հանձնաժողով է ձեւավորել, եւ նրանք դեռ քննում են ու քննում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօր