«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, ով այժմ կալանավորված է Սդղի գյոլի գործով, բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված: Նրա ախտորոշումն է՝ «չափավոր արտահայտված նեւրաստենիա»:
Նշենք, որ այս տեղեկությունը հայտնել էր «Փաստինֆոն»: Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ Տիգրան Խաչատրյանը բանակից ազատվել է ոչ թե նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, այլ ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ: Ասել է թե՝ հանձնաժողովը համոզված է եղել, որ Տիգրան Խաչատրյանը հոգեկան խնդիրներ ունի ու պիտանի չէ ծառայության համար:
Այս հանգամանքը, սակայն, հաշվի չի առնվել Բուդաղյանների գործով Տիգրան Խաչատրյանի ցուցմունքների դեպքում: Եթե Տիգրան Խաչատրյանն իրոք «չափավոր արտահայտված նեւրաստենիա» ունի, ապա կարող է հարց ծագել թե Սղդի գյոլի, թե Բուդաղյաննների գործով նրա ցուցմունքների հավաստիության առթիվ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս:
Հոգեկան խնդիրներով բանակից ազատված մարզպետի որդին Գորիսի երիտասարդ երկրապահների տարածքային կոմիտեի նախագահն է, եւ վերջերս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից պարգեւատրվել էր ԵԿՄ հուշամեդալով:
Նա Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետո նման «թուղթ» ունեցող երկրորդ ԵԿՄ-ականն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: