Նախկին հիվանդանոց-որբանոցի պատմական շենքը վտանգված է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Թուրքիայի իշխանությունները ցանկանում էին քանդել Ստամբուլի Թուզլա թաղամասում տեղակայված նախկին հայկական «Քամփ Արմեն» որբանոցը եւ դրա փոխարեն շքեղ բնակելի շենք կառուցել, ամիսներ առաջ Ստամբուլի փողոցներ դուրս եկան մեծ թվով հայեր եւ այլազգիներ` որբանոցը հայերին վերադարձնելու պահանջով:

1

«Քամփ Արմեն»-ի ճակատագրի մասին քիչ չէր խոսվում նաեւ Հայաստանում, հայաստանցիներն էլ իրենց հերթին միացել էին պահանջին: Բայց երբ հենց մեր մայրաքաղաքում վճռվում է Բուզանդի 107 հասցեում գտնվող «Ամերկոմ» (Մերձավոր Արեւելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտե) կազմակերպության կողմից տնօրինվող ամերիկյան հայտնի հիվանդանոց-որբանոցի նախկին պատմական շենքի ճակատագիրը, մենք լռում ենք եւ դրսեւորում քար անտարբերություն:

19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի այս սեւ շենքը մեզ համար ունեցել է հայապաշտպան նշանակություն. հիվանդանոցի նախկին շենքում Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան են գտել մի շարք հայ գաղթականներ, այդ թվում` մեծ թվով որբեր, ուստի այս տնակը հայերիս համար պատմական նշանակություն ունեցող կառույց է:

Բուզանդի 107-ի բնակիչներից ոմանք, սակայն, «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ շենքն առաջիկայում պետք է քանդվի: Այնտեղ բնակվող գրեթե բոլոր ընտանիքներն արդեն ստացել են նոր բնակարաններ եւ պատրաստվում են լքել տնակը: Նրանց խոսքով` շենքի ներկայիս սեփականատերը Բուզանդի 107-ի նախկին բնակիչ է: Նա մոսկվաբնակ գործարար Արթուր Դերոյանն է: Բնակիչների փոխանցմամբ` գործարարը մտադիր է նախկին հիվանդանոցի շենքը նույնությամբ, դետալները պահպանելով` կառուցել մեկ այլ վայրում: Իսկ թե ինչպես է օգտագործվելու քանդված շենքի տարածքը, նրանք տեղյակ չեն:

3

Մենք զննեցինք նախկին հիվանդանոցի շենքը եւ դրա պատերից մեկի վրա` բավական տեսանելի տեղում, նկատեցինք «Պահպանվում է պետության կողմից» գրությամբ ցուցանակը: «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ մշակույթի նախարարությանը` պարզելու` արդյոք շենքը ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում, եւ արդյոք որեւէ կառույց խորհրդակցել է նախարարության հետ այն քանդելու հարցի շուրջ:
Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին, որ ՀՀ

Կառավարության 2004 թվականի հոտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ` Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում Բուզանդի 107 հասցեում գտնվող շենքն ընդգրկված չէ: Մեզ տեղեկացրին նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը եւ քաղաքաշինության նախարարությունը նշված շենքի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարություն որեւէ հարցում չեն ներկայացրել, չեն քննարկել նաեւ ապամոնտաժման եւ շենքն այլ վայրում նույնությամբ վերակառուցելու տարբերակը: «ՀՀ մշակույթի նախարարությունը, ելնելով Երեւան քաղաքի պատմաճարտարապետական միջավայրի եւ որակների պահպանման շահերից, առաջարկել էր Երեւան քաղաքի պատմամշակութային պահպանության հիմնավորման նախագծում ընդգրկել նաեւ առավել արժեքավոր շենքերը, որոնց պահպանման համար անհրաժեշտ է մշակել կանոնակարգ: Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվել էր առաջարկը, եւ նախագծում նշվել ճարտարապետական տեսանկյունից առավել արժեքավոր շենքերը, այդ թվում` Բուզանդի 107 հասցեում գտնվող շենքը»,- ասված է նախարարության պատասխանում:

Իսկ Երեւանի քաղաքապետարանից, մասնավորապես` Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից, մեզ տեղեկացրին, որ Փ. Բուզանդի փ.107 հասցեի շենքի տեղում այլ կառույց իրականացնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանը որեւէ կառուցապատողի ճարտարապետաշինարարական փաստաթղթեր չի տրամադրել: Մենք քաղաքապետարանին ներկայացրինք Բուզանդի 107 հասցեի բնակիչների փոխանցած տեղեկությունը, սակայն Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից երկրորդեցին.

«Շենքն ապամոնտաժելու, տեղափոխելու կամ վերակառուցելու համար Երեւանի քաղաքապետարանը սեփականատիրոջը որեւէ ճարտարապետաշինարարական փաստաթուղթ չի տրամադրել»:

Թե ինչպես կդասավորվի նախկին հիվանդանոցի շենքի ճակատագիրը, կերեւա այն ժամանակ, երբ բնակիչներն առաջիկայում կլքեն այն: Կարծում ենք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին պատկան մարմինները պետք է առավել քան երբեւէ շահագրգիռ լինեն պատմական նշանակություն ունեցող շենքի պահպանմամբ։ Լուսանկարները՝ Աննա Բաբաջանյանի

 Աննա Բաբաջանյան




Լրահոս