«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին օրերին Սյունիքի մարզում «պատերազմ» է սկսվել. կռվախնձորը ՀՀԿ մարզային շտաբի ղեկավարի պաշտոնն է: Թեեւ վաղուց որոշված էր, որ ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբը պետք է ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, բայց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ստորեւ:
Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
-Պարո՛ն Հակոբջանյան, տեղեկություններ կան, որ Դուք ցանկություն եք հայտնել ղեկավարել Սիսիանի ՀՀԿ շտաբը, սակայն Սյունիքի մարզպետը թույլ չի տվել:
-Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքայինի ղեկավարն եմ, ես ո՞նց կարող եմ ՀՀԿ շտաբի ղեկավարը լինել:
-Դուք անգամ հայտարարել եք, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մոտ վստահություն ունեք, ուստի կկարողանաք արժանապատվորեն ղեկավարել ՀՀԿ շտաբը:
-Սերժ Սարգսյանին ես չեմ հանդիպել, բայց ես վստահ եմ, որ որպես քաղաքապետի՝ նա ինձ վստահում է, բայց այդ հարցը չի քննարկվել: Ես քաղա՞քը տիրություն անեմ, թե՞ շտաբը ղեկավարեմ:
-Կասե՞ք՝ երբ եք քննարկել Սիսիանի ՀՀԿ-ի շտաբի պետի հարցը: Նշվում է, որ դրանից հետո Ձեր եւ Սուրեն Խաչատրյանի միջեւ լուրջ միջադեպ է տեղի ունեցել:
-Մենք շատ լավ, գործնական, ընկերական հարաբերություններ ունենք: Ո՞վ է ականատես եղել նման բաների: Նման բան չի կարող լինել: Ի՞նչ հարց պետք է լինի, որ մենք իրար հետ վիճաբանենք: Եթե ես ցանկություն չունեմ շտաբը ղեկավարել եւ իրավասու էլ չեմ, ինչո՞ւ պետք է մեր միջեւ վիճաբանություն տեղի ունենա:
-Արդեն որոշե՞լ եք, թե առաջադրված 8 թեկնածուներից ում եք սատարելու, ում համար եք աշխատելու:
-Ես Ձեր այդ հարցին չեմ պատասխանի՝ ես ում ձայն կտամ: Ես չեմ ասի, քանի որ Դուք դրանով Սահմանադրություն եք խախտում: Իհարկե որեւէ բան չեմ ասելու:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, կոմունիստ ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, Դուք տարեվերջին հայտարարեցիք, որ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբի ղեկավարն եք լինելու: Բայց լուրեր կան, որ Սյունիքի մարզպետն այդ «պաշտոնը» Ձեզնից խլել է:
-Ճիշտ չէ, ես հենց հիմա նստած եմ շտաբի պետի աթոռին:
-Բայց Սուրեն Խաչատրյանը հայտարարել է, որ ինքն է ղեկավարելու ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբը:
-Ո՞վ է նման բան ասել, ինքը Սիսիանն է ղեկավարելու:
-Նա իր թիմակիցներին ասել է, որ նաեւ ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբն է ղեկավարելու:
-Ի՞նչ անենք, թող ինքն էլ ղեկավարի, ես էլ:
-Այսինքն՝ Ձեր եւ Սուրեն Խաչատրյանի միջեւ կրկին տարաձայնություննե՞ր են առաջացել:
-Չէ՛, մենք վաղուց ախպերներ ենք, վաղուց ախպերացել ենք:
-Բա ասում են, որ վիճաբանել եք ՀՀԿ շտաբի ղեկավարի «աթոռի» համար:
-Ինչո՞ւ պետք է վիճաբանենք, սխալ են Ձեր տեղեկությունները, իրականությունն այն է, որ շտաբի ղեկավարը ես եմ: Սյունիքի մարզպետի հետ նման վիճաբանություն չի եղել, դրանք հորինված են: Այո՛, դա էլ կարող եք գրել, որ ես եմ ղեկավարում շտաբը, ու իմ օգնականն էլ օգնում է ինձ՝ գործերն անելու համար: Մենք անընդհատ աշխատում ենք, մենք օրենքով սահմանված կարգով ենք աշխատում: Իսկ մարզպետն անձամբ չի կարող չխառնվել այդ աշխատանքներին, ինքն էլ է պատասխանատու, ո՞նց կարող է այդ աշխատանքներին չխառնվել: Եթե ընտրություններ են, ապա ինքն էլ է կազմակերպում, որ անթերի անցնի, ամեն ինչ նորմալ գնա: Մենք միասին ենք աշխատում, որպեսզի բարձր որակի ընտրություններ ունենանք:
-Այդ դեպքում ինչի՞ց է առաջացել Ձեր եւ մարզպետի կռիվը ՀՀԿ վերջին նիստի ժամանակ:
-Ամեն օր էլ նիստ ենք անում, ու վեճ էլ չի եղել, անգամ կարող եմ ասել, թե ինչ եմ ասել նիստի ժամանակ: Ես ասել եմ, որ մարզպետը ճիշտ քաղաքականություն է տանում, եւ բոլորս պետք է այդ քաղաքականությունն առաջ տանենք ու այնպես անենք, որ ընտրություններն անթերի անցնեն: Ասել եմ, որ բոլորը շատ տպավորված պետք է հեռանան մեր մարզից: Այսքանը:
Հ.Գ. Փորձեցինք զրուցել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին համառորեն չպատասխանեց: