Հուլիսի 27-ին Երեւանի քաղաքապետարանը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ հայտնելով. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների, առեւտրի եւ բնապահպանության վարչությունների եւ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ հրդեհավտանգ հատվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ»: «Ուշադրության կենտրոնում պահեք այն վայրերը, որտեղ չորացած խոտ ունենք: Խիստ հսկողության տակ պահեք սպասարկող ընկերությունների եւ ռեստորանային համալիրների աշխատանքը եւ արգելեք հրավառությունները… նախազգուշացրեք տվյալ օբյեկտների պատասխանատուներին առնվազն այս ժամանակահատվածում ձեռնպահ մնալ հրավառություններ կազմակերպելուց»,- ընդգծել էր Տարոն Մարգարյանը: Բայց պարզվում է՝ քաղաքապետի խոսքը գրոշի արժեք չունի անգամ իր աշխատակիցների մոտ, ինչի հետեւանքով խայտառակվեց մեր երկիրը: Ինչպե՞ս, բացատրենք: Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ այս կիրակի, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, քիչ էր մնում կեսից դադարեցվեր: Պատճառն այն էր, որ կազմակերպված հրավառության արդյունքում մարզադաշտի հարեւանությամբ հրդեհ բռնկվեց, քաղաքապետի ասած, չոր խոտերի պատճառով: Փաստորեն քաղաքապետարանի աշխատակիցները ոչ միայն չէին զգուշացրել միջոցառման կազմակերպիչներին հրդեհի հնարավորության մասին, այլեւ զլացել էին այդ կարեւոր միջոցառման առիթով շրջակա տարածքը կարգի բերել՝ գոնե ջրելով: Ու, ընդհանրապես, մայրաքաղաքում չմշակված տարածքները փոխանակ պակասեն, ավելանում են: Եւ Երեւանի քաղաքապետարանն իր անտարբեր ու անպատասխանատու պահվածքով հերթական անգամ ապացուցեց, որ այդ կառույցը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեւական գովքն իրականացնելուց այն կողմ, այլ` լուրջ միջոցառում կազմակերպելու կարողություն չունի:
Բայց եթե նույնիսկ գործ անելու պայմանը Տարոն Մարգարյանի գովքն է, ապա այս դեպքում էլ քաղաքապետարանը կարող է անխնամ տարածքները ոռոգել եւ քաղաքապետի` «շլանգը» ձեռքին նկարը տարածելով՝ հայտարարել, թե վսեմաշուքն անձամբ է Երեւանի բուսականությունը խնամում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում շորթման մեղադրանքով քննվող քրեական գործը փորձ է արվում կապել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավարության հետ: Այս օրերին ձգտում են նման բովանդակությամբ ցուցմունքներ կորզել ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանից, որը շորթման մեղադրանքով կալանավորված է: Գրե՞լ է արդյոք Տիգրանը, որ ինքը գործել է ՀԱԿ ղեկավարության ցուցումով, թե՞ ոչ, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, Տիգրանի ընտանիքի անդամներից եւ ԱԱԾ-ից եւս հնարավոր չեղավ պարզել լուրի իսկությունը: Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Առաքելյանը մեղադրվում է ՀՀԿ-ականներ որոշ պատգամավորների ինտիմ տեսագրությունները ձեռք բերելու եւ դրանցում պատկերված անձանցից գումար շորթելու մեջ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանից ճշտել` Տիգրանի կողմից ՀԱԿ-ի դեմ ցուցմունք տալու մասին լուրերը, սակայն Խաչատրյանն ասաց, որ որեւէ տեղեկություն չունի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում Տիգրան Խաչատրյանի ձերբակալության հարցը քննարկելիս, նրա հայրը` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, միջանցքում «հերթապահել» է ՀՀ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանի ընդունարանի մոտ՝ ցանկանալով արժանանալ նրա ընդունելությանը: Ու երբ արդեն հստակ որոշվել է, որ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվելու է, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հովսեփյանը Սյունիքի մարզպետին մեկ նախադասություն է ասել. «Մնացած բոլոր հարցերով՝ նախագահին»: Այսինքն՝ ՔԿ ղեկավարը Սուրիկ Խաչատրյանին ուղարկել է Սերժ Սարգսյանի մոտ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետը համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողության ժամանակ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Իսկ կայացե՞լ է արդյոք այդ հանդիպումը, կամ ի՞նչ արդյունք է ունեցել, առաջիկայում կպարզվի: Տեղեկացնենք, որ Խաչատրյանները բողոքարկել են կալանքի որոշումը, եւ երեկ փաստաբանը հայտնեց, որ Տիգրան Խաչատրյանը վատառողջ է:
Հայաստանի մշտական բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ տարում 4 հազար 300-ով նվազել է: Նկատենք, որ եթե պաշտոնապես նշվում է՝ մշտական բնակչության թիվը նվազել է, ապա նշանակում է, որ այդքան թվով մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Բանն այն է, որ մշտական բնակչության թվի մեջ ներառված են նաեւ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները: Այսինքն՝ արտագաղթի այն տարբերակը, երբ մարդիկ Հայաստանից հեռանում են, բայց քաղաքացիությունից չեն հրաժարվում, մշտական բնակչության թվաքանակում չի արտացոլվում: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթի թվերին, ապա, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կեսից Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 103 հազար 994 ՀՀ քաղաքացի: Բնականաբար, մեկնած, չվերադարձածների մի մասը մինչեւ տարեվերջ կվերադառնա Հայաստան: Սակայն փորձը ցույց է տվել, որ արտագաղթի թիվը կազմում է նույն տարվա առաջին կեսին մեկնած եւ չվերադարձածների թվի մոտ կեսի չափ:
ՏՀԱՃ ԵՐԵՎՈՒՅԹ
Պարզվում է` ստեղծվել է նոր կառույց` «Հայ-Ռուսական միություն», որը մտադիր է զբաղվել ՀՀ գյուղերին օգնության ցուցաբերմամբ արտագաղթը կասեցնելու նպատակով: Իհարկե, շատ լավ նպատակ է, ամբողջ խնդիրն այն է, թե ով է զբաղվելու դրա իրականացմամբ: Ահա, հենց այս հարցի պատասխանն է, որ զրոյացնում է որեւէ դրական ակնկալիքի իրատեսականությունը: Բանն այն է, որ այս նորաստեղծ կառույցի նախագահն է ոչ անհայտ Անդրանիկ Նիկողոսյանը, որը հիմնադիր նիստում հայտարարել է. «Մարդիկ լքում են Հայաստանն ընտանիքներով, եւ մեր սուրբ պարտքն է թույլ չտալ դա»:
Նկատենք, որ մինչ այս, հայ հանրությունն ականատես է եղել նույն Ա. Նիկողոսյանի կողմից «սուրբ պարտքի» այլ դրսեւորումների, որոնք հայաստանցիների գերակշիռ մասի մոտ, մեղմ ասած, դրական էմոցիաներ չեն հարուցել: Բավական է հիշել հենց միայն տխրահռչակ «Պուտին» ակումբները, որոնցով սույն պարոնը փորձում էր հաճոյանալ Կրեմլին` իրականում բավականին ծիծաղելի վիճակի մեջ դնելով վերջինիս, քանի որ բացման օրվանից այդ տարածքների դատարկությունն առավել ցցուն դարձրեց հայ հանրության վերաբերմունքը անձի պաշտանմունքի` պուտինյան դրսեւորումների հանդեպ:
Կրեմլին քծնելու հարցում անգերազանցելի բարձունքների հասած սույն երիտասարդի «սուրբ պարտքի» հաջորդ դրսեւորումը Աժ-ում հայ-ռուսական բարեկամության ակումբի բացումն էր: Այն հանրության մոտ հիշվեց իր հարկի ներքո հյուրընկալած այնպիսի օդեոզ դեմքերի հակահայկական եւ ճղճիմ հայտարարություններով, ինչպիսիք Դ. Կիսելյովն ու Ա. Միհրանյանն են: Արդեն 2 տարի գործող հայ-ռուսական բարեկամության այդ ակումբը, կարելի է ասել, ծառայում է՝ այդ բարեկամությունը հարամելով:
Եվ չնայած այդ ամենին` Անդրանիկ Նիկողոսյանի ակումբների «նոր հավաքածուն» տարեսկզբին ներկայացավ ի դեմս ՀՀ ԳԱԱ-ում Հայ-ռուսական գիտական մտավորականության բարեկամության ակումբի: Եթե սրան գումարենք նաեւ «Ռուսական գրքի տուն» եւ ՀՀ-ում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոնները, ապա կստանանք Ա. Նիկողոսյանի նախաձեռնած, սակայն այդպես էլ որեւէ արդյունավետ գործունեություն չիրականացրած նախագծերի ամբողջական պատկերը: Եվ որ ամենաուշագրավն է` հայտնի չէ, թե ով է վճարում այդ ամենի համար: Ձախողակ, նախկին մեդիամագնատն ասում է, թե ինքը՝ իր ղեկավարած ինչ-որ ճոռոմ անվամբ ՀԿ-ի միջոցներով: Իրականում, սակայն, դժվար չէ հասկանալ, թե որտեղից են ֆինանսավորվում նման «պրոյեկտները»:
Իսկ թե որն է Նիկողոսյանի այս վերջին նախաձեռնության նպատակը, առայժմ դժվար է ասել: Չի բացառվում, որ սա ընդամենը բռնաբարության փորձի հետ կապված վերջերս մամուլ սպրդած խայտառակ պատմության խարանը մաքրելու փորձ է: Ամեն դեպքում, եթե Հայաստանի գյուղերով եւ արտագաղթի խնդրով սկսել է զբաղվել Անդրանիկ Նիկողոսյանը, ապա ՀՀ գյուղերն ու համապատասխան մարմինները պետք է զգուշանան: