Արդեն տեւական ժամանակ է, ինչ հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակ է. չդադարող գնդակոծությունները հետզհետե ավելի մտահոգիչ են դառնում, քանի որ հակառակորդն արդեն գործի է դնում ծանր զինտեխնիկա եւ հայկական դիրքերը գնդակոծում խոշոր տրամաչափի ականանետերից եւ նռնականետերից: ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԼՂՀ պաշտպանության բանակը ստիպված են հանդես գալ հաղորդագրություններով՝ հորդորելով ագրեսոր Ադրբեջանին դադարեցնել հրադադարի խախտումները:
«Հուլիսի 29-ին եւ լույս 30-ի գիշերը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, ինչպես նաեւ՝ 60 միլիմետրանոց ականանետերից (60 արկ) եւ ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (51 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»,-նշված է ԼՂՀ ՊԲ` նախօրեին տարածած հաղորդագրությունում:
«Տվյալ երկրի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման: ԼՂՀ ՊԲ-ն իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում: Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնակցությամբ տեղում անցկացնել դիտարկում եւ պարզել իրական ճշմարտությունը»,-հայտարարվեց Արցախի պաշտպանական բանակի կողմից: Սակայն, չնայած բոլոր այս նախազգուշացումներին, Ադրբեջանը շարունակում է սահմանային գնդակոծությունները:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է կրկին նման լարված իրավիճակ ստեղծվել սահմանի վրա, ու արդյո՞ք այս ամենը կարող է բերել պատերազմական գործողությունների վերսկսման:
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
-Պարո՛ն Բաբայան, վերջին ժամանակահատվածում կրկին լարված իրավիճակ է շփման գծում, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը, այլեւ օգտագործում է նոր` առավել հզոր զինատեսակներ: Ի՞նչ իրավիճակ է այժմ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, եւ ինչի՞ կարող է հանգեցնել այս չդադարող, տեղայնացված պատերազմական վիճակը:
-Հիմա համեմատած վերջին օրերին` հարաբերականորեն կայուն իրավիճակ է: Եղավ մի պոռթկում՝ օլիմպիական խաղերից հետո, հիմա կարծես թե նորից կայունացել է իրավիճակը: Սրանք ուղղակի ահաբեկչական գործողություններ էին, որոնք մշտապես Ադրբեջանը իրականացնում է: Այսինքն՝ Ադրբեջանը որդեգրել է այդ ահաբեկչության ռազմավարությունը ու կատարում է տարբեր տիպի նման գործողություններ: Իհարկե, Ադրբեջանը ստանում է արժանի հակահարված, բայց, այդուամենայնիվ, հստակ պետք է արձանագրենք` Ադրբեջանն այս օրերին զբաղված էր ահաբեկչությամբ:
-Ամեն անգամ, երբ ադրբեջանական կողմը ակտիվանում է, նշվում է, որ դա կապված է ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում սպասվող ինչ-որ նշանակալի գործընթացի հետ: Այս անգամ, ըստ Ձեզ` ինչով էր մոտիվացված Ադրբեջանի նման ակտիվացումը:
-Ես կարծում եմ, որ սա դարձել է իրենց պահելաոճը, ապրելակերպը: Նրանք, իհարկե, ակտիվանում են, երբ որ տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կամ ինչ-որ մի կարեւոր հանդիպում է սպասվում: Ճիշտ է՝ որոշակի աշխարհաքաղաքական զարգացումներ եւս կան, որոնք միգուցե ազդում են, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ այդ ամենով արդարացվում են նրանց գործողությունները, բայց ընդհանուր առմամբ այս ամենը դարձել է ախտորոշում. նման ահաբեկչական պետությունների պահելաձեւն է այդպիսին: Դժբախտաբար, այս դեպքում արդեն որեւէ տարօրինակ բան չկա:
ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, տեւական ժամանակ է, ինչ կրկին լարվել է իրավիճակը սահմանում: Որոշ փորձագետների գնահատմամբ` սա արդեն վերածվում է պարբերական բնույթ կրող հիբրիդային պատերազմի: Ո՞րն է սահմանին կատարվող գործողությունների` Ձեր գնահատականը, եւ ըստ Ձեզ` ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը:
-Հարցն այն է, որ պատերազմը դեռեւս չի ավարտվել, բայց չի կարելի ասել, որ պատերազմ է, կամ նորից պատերազմական իրավիճակ է ստեղծվել: Այս ժամանակահատվածում կրակոցները մշտապես եղել են ու շարունակվում են, իսկ մենք գիտակցում ենք, որ պետք է պատրաստ լինենք այդ իրավիճակին: Ցանկացած դեպքում մենք պատրաստ ենք, ու բոլորն էլ գիտակցում են, որ պատերազը ավարտված չէ: Փոքր կրակոցներից է պատերազմը սկսվում, միշտ էլ պատերազը այդպես է սկսվում, փոքր գործողությունները վերածվում են մեծ կռվի՝ դառնալով մեծ պատերազմ: Բայց ես համոզված եմ, որ մոտ ժամանակներում պատերազմ չի լինելու, այն պատերազմը, որը մենք գիտենք, որը մենք գիտակցում ենք, նման պատերազմ չի լինելու:
-Բայց վերջին օրերին Ադրբեջանն ավելի հզոր զենքեր է սկսել կիրառել, արդյո՞ք դա բավարար չէ` ենթադրելու համար, որ հակառակորդը ինչ-որ նոր գործողությունների է պատրաստվում:
-Ադրբեջանը մշտապես էլ հզոր զենքեր է օգտագործել, մշտապես էլ պատերազմի է պատրաստվել, բայց մենք էլ ենք միշտ պատրաստվել: Եթե նման զենքեր է օգտագործում, դա դեռեւ չի նշանակում, որ վաղը պատերազմ է սկսում, միշտ էլ եղել է նման ագրեսիվ պահվածք: Ես համոզված եմ, որ մոտ ժամանակահատվածում պատերազմ չի լինելու, դրա հոտը չի զգացվում: Չնայած դրան` մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի:
ՎՃԱՐԵԼ ԵՆ 50 ՏՈԿՈՍԸ, ՄՆԱՑԱԾԸ՝ 1 ՏԱՐՈՒՑ
Չնայած հանրային ընդվզմանը եւ Բաղրամյան պողոտայում քսան օր շարունակվող պայքարին, օգոստոսի 1-ից ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ 6.93 դրամով: Այդ գումարը, մինչ անցկացվելիք աուդիտի արդյունքների հրապարակումը, վճարելու է ՀՀ Կառավարությունը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին արդեն հայտարարել է, որ դա արվելու է «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի վաճառքից ստացված գումարներով: Ի դեպ, այդ մասին «Ժողովուրդը» գրել էր դեռ նախորդ ամսվա սկզբին:
Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, թե իրենք այս ընթացքում ՀՀ Կառավարությանը բազմաթիվ հարցեր են ուղղել, որոնց սակայն, ըստ էության, պատասխան չի տրվել. «Օրինակ՝ թե ինչ միջոցներով պետք է իրականացվի աուդիտը: Մեզ պատասխան եկավ, որ «Ինտեր ՌԱՈ»-ի միջոցներով պետք է լինի, սակայն երկու մյուս կետերին անգամ անդրադարձ չեղավ՝ պատճառաբանելով, որ դեռ պարզ չի սուբսիդավորման հարցը: Մյուս կետերի պատասխանը շատ չուշացավ: Մի քանի օր հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց, որ «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքից պետք է տրամադրեն միջոցները: Սակայն կա՛մ մեր Կառավարությունը լավ չի գիտակցում խնդիրը, կա՛մ դեռ շարունակում է չգիտակցել վերջին հնարավորությունը, որ տրված էր իրեն` չօգտագործել հանրության միջոցները եւ խելամիտ որոշում կայացնել՝ թալանին վերջ տալու համար»,-հայտարարեց նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարին ՀՀ Կառավարությունը «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրել էր գույքի առքուվաճառքի փաստաթուղթը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ամերիկյան կողմն ամբողջությամբ ՀՀ Կառավարությանը վճարել է կասկադի գումարը, որից էլ պետք է այս ընթացքում վճարվի ՀԷՑ-ին թանկացած 6.93 դրամը: «Մենք վճարել ենք այնքան, որքան նախատեսված է պայմանագրով, այսինքն՝ ընդհանուր գույքի արժեքի 50 տոկոսը, մյուս 50 տոկոսը կվճարենք 12 ամիս հետո»,-հայտարարեց Հովսեփյանը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՉԵՆ ՆԵՐԿՐՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակին, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ներկրված ավտոմեքենաների թիվը նվազել է շուրջ 7 նագամ: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ներմուծվել ընդհանուր 3 հազ. 645 ավտոմեքենա, որից 533-ը` բեռնատար: Իսկ, ահա, անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել 25 հազար 92 ավտոմեքենա: Ավտոմեքենաների ներկրման թվի կտրուկ անկումը հիմնականում բացատրվում է Հայաստանի շուկայում առկա ավելցուկով: Այլ կերպ ասած՝ նախորդ տարիներին այնքան շատ ավտոմեքենա է ներկրվել, որ շուկայում ավելցուկ է առաջացել, եւ վերավաճառելու նպատակով ավտոմեքենա ներկրելը դարձել է ոչ ձեռնտու:
ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ ԵՆ
«Երեւանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված է եղել, որ օգոստոսի 2-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Երեւան Տարազ-ֆեստ» փառատոնը: Ուստի գիդերը եւ էքսկուրսավարները նշված օրը մեծ թվով զբոսաշրջիկների ուղեկցել են Հյուսիսային պողոտա՝ նշված փառատոնին հետեւելու համար, սակայն պարզվել է, որ այն չի կայանալու, ընդ որում, առանց զգուշացման: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության պետ Արթուր Գեւորգյանը խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Փառատոնը կանցկացվի օգոստոսի 5-ին: Ընդամենը տեխնիկական խնդիր է եղել` պայմանավորված Համահայկական խաղերի բացման արարողությամբ: Ուստի որոշում է կայացվել փառատոնը տեղափոխել: Ցավոք սրտի, հայտարարություն չի արվել»: Ասել է թե՝ քաղաքապետարանը թույլ է տվել անպատասխանատվություն երեւանցիների ու հյուրերի նկատմամբ:
Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետը Մարիա Բարաղամյանն է, որը միաժամանակ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջի պատասխանատուն է, ողջ օրը զբաղված է իր սրճարանային եւ ռեստորանային այցերի լուսանկարները սոցիալական ցանցերում տարածելով: Եթե նա մեկ-մեկ իր պաշտոնեական պարտականությունները կատարեր, միգուցե չէր մոռանա, որ փառատոների հետաձգման մասին հարկավոր է նախապես հայտարարել, ի վերջո, դա մարդկանց համար է կազմակերպվում, ոչ թե Տարոն Մարգարյանին շնորհակալություն հայտնելու:
ԱՆԵՐՈՋ ՊԵՍ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, որը մի քանի ամիս առաջ դարձավ Արտաշատի քաղաքապետ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արտաշատցիներին տրամադրել է միկրոավտոբուս, որով նրանք անվճար կարող են հասնել Երեւան՝ Հարավ-Արեւմտյան թաղամաս: Կարծիքներ կան, որ Արգամ Աբրահամյանն այսպիսով փորձում է ընդօրինակել իր աներոջը՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը ֆինանսավորում է Աբովյան-Երեւան անվճար երթուղին: «Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ փորձեց զրուցել Արգամ Աբրահամյանի հետ, սակայն ապարդյուն: