ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա առաջին կեսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող գումարների թիվը, եւ ըստ այդմ, պարզ է դառնում, որ տրանսֆերտների ծավալների՝ անցած տարվա ցուցանիշն այդպես էլ չի վերականգնվում:
Այս տարվա հունիսին Հայաստան եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ մեր երկիր փոխանցված եւ մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների դրական տարբերությունը կազմել է 96 մլն 969 հազար դոլար: Անցած տարի այդ ցուցանիշը կազմել էր 123 միլիոն 365 հազար դոլար, այսինքն՝ այս տարվա հունիսին, անցած տարվա նույն ամսի համեմատ, տրանսֆերտների անկումը կազմել է 21,4 տոկոս: Ինչպես հայտնի է՝ դեպի Հայաստան եկող տրանսֆերտների հիմնական մասը` մոտ 90 տոկոսը, գալիս է Ռուսաստանի Դաշնությունից: Ասենք՝ անցած տարի ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 141 մլն 881 հազար դոլար, իսկ հակառակ ուղղությամբ փոխանցումները կազմել են 19 մլն 630 հազար դոլար, ինչպես արդեն վերը նշել ենք՝ անցած տարվա հունիսին Ռուսաստանից եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 123 մլն 365 հազար դոլար:
Նշենք, որ այս տարի Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 108 մլն 974 հազար դոլար, իսկ մեր երկրից դեպի մեր հյուսիսային դաշնակից պետություն փոխանցվել է 23 մլն 199 հազար դոլար: Ստացվում է, որ Հայաստանի` Ռուսաստանում հարազատ ունեցող բնակիչները սկսել են նախկինի համեմատ ավելի շատ գումար փոխանցել իրենց բարեկամներին: Այլ կերպ ասած՝ սովորաբար հայաստանցիներն են Ռուսաստանում գտնվող հարազատների ուղարկած գումարների հաշվին ապրում, բայց վերջին շրջանում հակառակ տարբերակը սկսել է լայն տարածում ստանալ: Մենք «պահում ենք» ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներին:
Փաստորեն, երբ նավթի միջազգային գների անկման արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը սկսեց անկում ապրել, առաջնահերթ տեսանելի դարձավ ռուսական ռուբլու` անցած տարվա վերջին երեք ամիսների կտրուկ արժեզրկմամբ: Այդ երեւույթն անմիջապես իրեն զգացնել տվեց նաեւ Հայաստանում, քանի որ այդ երկրից եկող տրանսֆերտները մոտ կիսով չափ կրճատվեցին: Սակայն լավատեսական կանխատեսումների համաձայն՝ այդ երեւույթը պետք է ժամանակավոր բնույթ կրեր: Ենթադրվում էր, որ նավթի գների կայունանալուց հետո Ռուսաստանի տնտեսությունում իրավիճակը կկարգավորվի, կկայունանա նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքը, ինչը կհանգեցնի այդ երկրից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալների վերականգմանը: Սակայն ժամանակն անցնում է, իսկ զարգացումները դրական ուղղությամբ չեն ընթանում: Եթե հաշվի առնենք, որ անցած ամսվա վերջից նավթի միջազգային գները կրկին սկսել են իջնել, իսկ ռուսական ռուբլին էլ մի քանի ամսյա կայունությունից հետո նորից սկսել է արժեզրկվել, ապա այսպես շարունակվելու դեպքում Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալներն առաջիկայում շարունակելու են նվազել` այդտեղից բխող բացասական հետեւանքներով հանդերձ:
Ի դեպ, կիսամյակի կտրվածքով այս տարի Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 332 միլիոն 371 հազար դոլար: Անցած տարվա առաջին կեսին այդ ցուցանիշը կազմել էր 548 մլն 156 հազար դոլար: Ստացվում է կիսամյակի կտրվածքով տրանսֆերտների անկումը կազմել է 39,3 տոկոս: Ի դեպ, վերը բերված թվերն իրենց մեջ ներառում են միայն բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումները: Սակայն հայտնի է, որ արտերկրից եւ հատկապես Ռուսաստանից Հայաստան եկող գումարների մի մասը մարդիկ իրենց հետ առձեռն են բերում: Ընդունված է հաշվել, որ բակային համակարգի եւ առձեռն բերվող գումարները մոտավորապես լինում են նույն ծավալի: Այսինքն՝ եթե անցած տարի բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել կես միլիարդ դոլարից մի փոքր ավել գումար, ապա նույնքան էլ առձեռն է բերվել: Հետեւաբար, եթե հրապարակված ներկա պաշտոնական տվյալների համաձայն՝ կես տարվա կտրվածքով բանկային համակարգով փոխանցված տրանսֆերտները նվազել են 215 մլն 785 հազար դոլարով, ապա ստացվում է՝ արտերկրից Հայաստան եկող ընդհանուր գումարները նվազել են մոտ կես միլիարդ դոլարի չափով:
Ի դեպ, պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է նաեւ այս տարվա առաջին կիսամյակի արտաքին առեւտրի ցուցանիշները: Ըստ այդմ, արտահանման անկումը, որը առկա էր այս տարվա նախորդ ամիսներին, որոշակի մեղմվել է: Կիսամյակի արդյունքներով այս տարի, անցած տարվա համեմատ, արտահանման ծավալները նվազել են ընդամենը 1,3 տոկոսով: Սակայն ուշագրավն այն է, որ վիճակը հիմնականում բարելավվել է դեպի Չինաստան արտահանման ծավալների մոտ 35 տոկոսով աճի շնորհիվ: Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանից Չինաստան հիմնականում պղնձի խտանյութ է արտահանվում:
Փոխարենը դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը, ինչպես նախորդ ամիսներին, շարունակում է մնալ շատ ցածր: Այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը նվազել է 41,5 տոկոսով:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ
«Մի կաթիլ մեղր»-ը հիշեցնող պատմութան հետեւանքով հուլիսի 28-ից Վարդենիս քաղաքի բնակիչներ Հակոբ Թովմասյանն ու նրա որդին՝ Թովմասը, կալանավորված են:
«Ժողովուրդ»-ը հուլիսի 29-ին գրել էր, որ Հ. Թովմասյանն ու նրա որդին կարտոֆիլի դաշտում ջուր անելուց հետո մի փոքր գինովցած մտել էին Վարդենիսի խանութներից մեկը՝ գնումներ անելու եւ տուն վերադառնալու նպատակով: Միաժամանակ խանութ էր մտել Վարդենիսի ոստիկանության աշխատակից Նարեկ Նիկողոսյանը (նրա անունը խնամքով թաքցնում էին ե՛ւ ոստիկանությունում, ե՛ւ քննչական կոմիտեում, բայց մենք պարզեցինք), վիճաբանություն հրահրել խանութում՝ հերթ կանգնելու առիթով, ապա Թովմասյաններին դուրս էր հանել ու խանութի բակում ծեծի ենթարկել: Ոստիկանն իրեն պահել է լկտի, հայհոյել է քաղաքացիներին, անձամբ ծեծի ենթարկել Հ. Թովմասյանին եւ կապ հաստատել իր գործընկերների հետ, որպեսզի գան եւ բերման ենթարկեն հորն ու որդուն: Պարզվում է՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը հայր ու որդի Թովմասյաններից վրեժ է լուծել եւ իր ենթակա Ն. Նիկողոսյանի միջոցով կռիվ հրահրել՝ նրանց նկատմամբ ՀՀ քր. օր. 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, գործ սարքելու եւ քննիչներին հանձնելու համար: Աղվան Հովսեփյանի կոմիտեի քննիչներն էլ «ականջները կախ» կատարել են տեղական իրավապահների պատվերը (այստեղ գործին միացել է նաեւ Վարդենիսի դատախազ Կարեն Խաչատրյանը, որը «հին հաշիվներ» է ունեցել Հ. Թովմասյանի եղբոր հետ, ով տասնյակ տարիներ առաջ եղել է Վարդենիսի ոստիկանապետը եւ իր ընտանիքի հանցանքները «ջրի երես է հանել»): Ահա, այսպես՝ «խոռ»-ով, ՀՀ քաղաքացու գլխին գործ են սարքել՝ ստիպելով որդի Թովմասյանին գրել իրենց համար ցանկալի ցուցմունք:
Հավելենք, որ հայր ու որդի Թովմասյանները ծեծի արդյունքում վնասվածքներ են ստացել, եւ հուսանք այս փաստը իրավապահները չեն թաքցրել՝ կատարելով պաշտոնեական դիրքի չարաշահում:
«Ժողովուրդ»-ը այս միջադեպը պահում է իր ուշադրության կենտրոնում. բացահայտումներն առջեւում են:
ԿՀՐԱՊԱՐԱԿԵՆ
Վենետիկի հանձնաժողովի մասնագետների կողմից նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ տված գնահատականից հետո ՀՀ իշխանությունները վերջին ուղղումներն են կատարում այդ փաստաթղթում: Օգոստոսի 1-ին մասնագիտական հանձնաժողովը պետք է նախագիծը ներկայցներ Սերժ Սարգսյանին, սակայն հետաձգվել է: Բայց չի բացառվում, որ այսօր արդեն կհրապարակվի ամբողջական նախագիծը: Ենթադրվում է, որ Վենետիկի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերին: Իսկ մինչ այդ հանձնաժողովը ՀՀ իշխանություններին կոչ է արել շարունակել բանակցությունները քաղաքական բոլոր ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` խուսափելու հետագա թյուրըմբռնումներից՝ փոփոխությունների համար ապահովելով լայն կոնսոլիդացիա: Մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը երեկ հայտարարել է, թե չեն փոխի հրապարակված նախագծի ամենավիճահարույց հատվածը, որը վերաբերում է ԱԺ ընտրությունների 2-րդ փուլին եւ կայուն մեծամասնության ձեւավորելուն:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏ Է ԿԱՆԳՆԵԼ
Երեկ երեկոյան Կիեւյան կամրջի մոտ 30-ամյա մի կին սպառնացել է ցած նետվել՝ պահանջելով, որ իրեն ընդունի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Կինը իր հետ դեպքի վայր է տարել նաեւ մանկահասակ երեխաներին։ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ժամանելով դեպքի վայր, կնոջը համոզել է հետ կանգնել իր որոշումից։ «Առաջին լրատվական»-ի տեղեկացմամբ` Աշոտ Կարապետյանը, կապ հաստատելով Վլադիմիր Գասպարյանի հետ, հեռախոսը փոխանցել է կնոջը: Թե ինչ են զրուցել ինքնասպանությամբ սպառնացող կինն ու Վլադիմիր Գասպարյանը, հայտնի չէ: Նշենք, սակայն, որ հեռախոսազրույցից հետո կինը հրաժարվել է կամրջից ցած նետվելու մտադրությունից:
ԻՍԿ ՈՎ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը, անդրադառնալով վերելակների շահագործման անվտանգության խնդիրներին, երեկ ասել է. «Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ վերելակների սպասարկման ոլորտում ունենք մասնագետների պակաս. էլեկտրոմեխանիկները մեծահասակներ են, աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Փաստացի շատ տեղերում չունենք տեխնիկական սպասարկում, ունենք վթարային ծառայություններ, բայց ուղղակի զննել եւ հասկանալ վերելակի տեխնիկական վիճակը, շատ դժվար է: Ունենք պահեստամասերի խնդիրներ, որոնց ներկրումը թանկ է ու ժամանակատար: Բացի այդ՝ վերելակներին խնամքով չենք վերաբերվում: Մարդատար վերելակներն ուղղակի օգտագործում են որպես բեռնափոխադրող միջոց»:
ԼԱՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը` երեք օրում, Երեւանում ծնվել է 218 երեխա՝ 106 տղա եւ 112 աղջիկ:
ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի կալանավորմանը` ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի նյութեր տնօրինելու եւ հրապարակելու կասկածանքով, երեկ ասել է. «Քննարկումներ չեն եղել կուսակցության ներսում, ես գիտեմ այնքան, ինչքան դուք գիտեք»: Araratnews.am-ի տեղեկացմամբ` ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն է:
Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ Տիրգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով (շորթում):
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐԿ
«Ընդհանրապես ՌԴ-ից վարկ վերցնելը համարում եմ շատ վտանգավոր, որովհետեւ Ռուսաստանն իր պարտքերը Հայաստանից հետ է վերցնում մեր ռազմավարական օբյեկտներով, Հայաստանի բաժնեմասով, մասնավորապես «ՀայՌուսգազարդ» ընկերությունում, այսինքն՝ մեր անկախության եւ պետականության ինչ-որ մասնիկներ է ամեն անգամ վերցնում»,- Aravot.am-ին ասել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով 200 միլիոն դոլարի ռուսական ռազմական վարկին: «Հնարավոր է հերթական անգամ շատ թանկ վճարենք: Չի բացառվում, որ սրանից հետո, եթե 200 մլն-ի մեզ զենք է վաճառել, ապա մի քանի միլիարդի սպառազինությունների մատակարարման պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ»: