ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի՝ գուցե ոչ ուղղակի հովանավորությամբ մի շարք քաղաքացիներ տարբեր կեղծ գործարքներ են կատարել եւ, ըստ էության, մնացել անպատիժ:
Հիմա ամեն ինչի մասին սկզբից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրազդանի «Օրինաց երկիր» կուսակցության կառույցի նախկին նախագահ, իսկ այժմ կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանի որդին՝ Վարդանը, մեկ տարի առաջ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Տեղեկացանք, որ Մարիամ Հովհաննիսյանի որդին՝ Վարդանը, զբաղվել Է կեղծ շենգեն վիզաներ պատրաստելու գործով: Սակայն, ինչպես նկատում ենք, նախկին ՕԵԿ-ականի որդու եկամտաբեր աշխատանքը կարճ է տեւել, եւ վերջինս ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերվել ու ձերբակալվել է:
Ինչպես հայտնի է՝ նման եկամտաբեր գործի գլխին «տանիքներ» են լինում, այլապես դժվար կլինի լայնամասշտաբ գործողություններ իրականացնել: Եվ, ահա, պարզվում է, որ Վարդանը եւս «տանիք» է ունեցել: Համենայնդեպս, նրա հարազատների, ընկերների շրջանում տեղեկություններ կան, որ երբ Վարդանը որեւէ տհաճ պատմության մեջ է ընկել, նրան մշտապես օգնել է ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: Ու թերեւս նրա «դուխով» է Վարդանը գործի անցել եւ մի շարք քաղաքացիների համար կեղծ շենգեն վիզաներ պատրաստել: Սակայն գործունեությունը դադարեցվել է իրավապահների միջամտությունից հետո:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Հրազդանի ՕԵԿ կառույցի նախկին ղեկավար, իսկ այժմ կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանի հետ: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունը. իսկապես, նրա որդին կալանավորված է եղել կեղծ շենգեն վիզաներ պատրաստելու մեղադրանքով, սակայն ավելի ուշ նրան ազատ են արձակել. «Դա թյուրիմացություն էր եղել, որդիս կալանքի տակ է մնացել շատ կարճ: Նորմալ դատ տեղի ունեցավ, ու հասկացան, որ թյուրիմացություն է եղել: Քաղաքացիների կանչել, ստիպել էին, բաներ էին գրել: Մի խոսքով, թյուրիմացություն էր: Մենք դատարան միջնորդություն ներկայացրեցինք, որ գրավի դիմաց որդուս ազատ արձակեն եւ ազատ արձակեցին, իսկ հետո դատավճիռ եղավ: Իսկ ինչ վերաբերում է Մաշադյան ազգանունով մարդու, որ Դուք նշեցիք, ապա ես նման մարդու չեմ ճանաչում, չգիտեմ: Ես եմ իր մեջքը, ես եմ իր մայրը, մեջք ու տանիք չունի իմ որդին»:
Մեր այն հարցին՝ միգուցե Հրազդանի ՕԵԿ կառույցի նախագահի կարգավիճա՞կը օգնեց, որ իր որդին այս պատմությունից չոր դուրս գա, Մարիամ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես 2008 թվականից եմ Հրազդանի ՕԵԿ կառույցի նախագահի պաշտոնից հիասթափվել ու դուրս եմ եկել: Ընդդիմություն էր գնում, հետո չգիտեմ՝ գնաց, դարձավ, չգիտեմ ինչ, ու ես այդպես դուրս եկա: Ինձ ասեց, թե պիտի աշխատեք մեր համար, ես էլ պատասխանել էի՝ չեմ պատրաստվում աշխատել իր համար: Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ սա… ինքը այդ ժամանակ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր, մի խոսքով, ես չեմ կարող ասել մի բան, ինչը հաստատ չգիտեմ: Բայց մտածում եմ, որ սա ուղղորդված գործ էր իմ որդու դեմ»:
Տիկին Մարիամն ակնարկում էր, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ձեռամբ է որդու նկատմամբ մեղադրանք առաջադրվել, սակայն հստակ մեղադրանք առայժմ դժվարացավ հնչեցնել:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանին, ապա նրա անվան շուրջ աղմկահարույց պատմություններն այսքանով չեն ավարտվում: Բանն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ Ռաֆիկ Մաշադյանն ունեցել է մի քարտուղարուհի՝ Ստելլա անունով, որին ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատանքի է ընդունել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր որդու՝ Արթուր Այվազյանի միջնորդությամբ: Նշենք, որ Այվազյանը Սյունիքի մարզի Կապանի հարկային տեսչության պետն է:
Եվ, ահա, ամիսներ առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունում աղմկալի կեղծ գործարքի դեպք բացահայտվեց: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Ռաֆիկ Մաշադյանի քարտուղարուհին՝ Ստելլան, ՀԴՄ կեղծ կտրոններ էր պատրաստել տվել եւ մարդկանց խաբել էր: Համենայնդեպս, այսպիսի գործընթացի բացահայտումից հետո Ստելլային հեռացրին աշխատանքից, սակայն քրեական պատասխանատվության չենթարկեցին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ստելլան ասաց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, իսկ կեղծ կտրոնների մասին խոսք լինել չի կարող. «Չգիտեմ՝ ինչ բացահայտում է եղել, Դուք Ձեր տված տեղեկությունով շարժվեք, ես էլ ոչինչ չունեմ ավելացնելու»: Ի դեպ, հավելենք, որ Ստելլան հերքեց նաեւ այն տեղեկությունը, որ իրեն ՀՀ ֆինանսների նախարարություն աշխատանքի է տեղափոխել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր որդին՝ Արթուր Այվազյանը:
Այսպիսով՝ մի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությունը կեղծ գործարքների գնացող, հարկային պարտավորություններից խուսափող գործարարներին ընդհուպ մինչեւ կալանավորման գնով սնանկության եզրին է հասցնում, իսկ համակարգի ներսում կեղծ գործարքների գնացող պաշտոնյաները ջրից չոր են դուրս գալիս: Հետաքրքիր է՝ ո՞րն է Ռաֆայել Մաշադյանի «հմայքը», որ նրա բոլոր արարքների վրա աչք են փակում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՉՊԵՍ Է ԱՇԽԱՏԵԼՈՒ ԳՆԴԱՊԵՏԸ ԿԸՀ-ՈՒՄ
Հաշվի առնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ նշանակելու մասին Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը՝ Սերժ Սարգսյանը ՊՆ նախկին խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանին երեկ նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ մինչեւ 2022 թվականի հուլիսի 13-ը պաշտոնավարման ժամկետով: Armlur.am-ը նշվածի առնչությամբ զրուցեց Ս. Շահսուվարյանի հետ:
-Պարո՛ն Շահսուվարյան, ինչո՞ւ որոշեցիք ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը եւ դառնալ ԿԸՀ անդամ:
-Ես պաշտպանության նախարարությունում 20 տարի ծառայել եմ ու օրինական կարգով անցել եմ թոշակի: Մինչեւ բանակ գալը, ես 23 տարի բախտ եմ ունեցել աշխատել շրջանում՝ լինելով շրջանային կուլտուրայի տան տնօրեն: Եթե գիտեք, այն տարիներին բոլոր ընտրությունները կազմակերպվում եւ անց էին կացվում կուլտուրայի տներում: Ես, լինելով այդ հիմնարկի ղեկավարը, անցնում էի այդ հանձնաժողովներով որպես անդամ, նույնիսկ՝ նախագահ: Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման մեջ ես բավականին մեծ փորձ ունեմ: Այնպես որ, հենց այնպես չէ, որ ես համաձայնեցի: Երբ Մարդու իրավունքների պաշտպանն ինձ հետ զրուցում էր, նա դա նկատի ուներ, եւ իրեն հետաքրքրում էր` ես մոռացե՞լ եմ այդ ամենը, թե՞ ոչ: Բնականաբար՝ ոչ, ոնց կար, այդպես էլ մնացել է: Դա էր հիմնական առիթը, որ համաձայնեցի ու գնացի այդ աշխատանքին:
-Պարո՛ն Շահսուվարյան, Դուք 20 տարի զինվորական եք եղել եւ հրաման կատարող: Հիմա հոգեբանորեն դժվար չէ՞ լինել, այսպես ասած, թելադրողի դերում: Թե՞ կշարունակեք հրաման կատարողի կարգավիճակում մնալ:
-Դուք մոռանում եք` ես ով եմ եղել: Ես ջութակահար եմ, հետո ռեժիսոր, հետո մանկավարժ, աշխատել եմ համալսարանում: Հիմա էլ դասավանդում եմ մանկավարժական համալսարանում, կուրս եմ ղեկավարում: Ես Կառավարությունում էլ եմ աշխատել: Զինվորական լինելը պայմանավորված էր երկրի վիճակով: Ես բանակ գնացել եմ առանց մտածելու, որ հետագայում կարող եմ գնդապետ դառնալ: Այն ժամանակ բոլորս գնում էինք, որովհետեւ հայրենիքին զինվոր էր պետք: Այնպես ստացվեց, որ ժամանակավորապես գնացի բանակ, եւ ժամանակավորապեսը մի քիչ երկարեց` 20 տարի: Ես բանակ եմ գնացել հեռուստատեսությունից: Հիմա նորից քաղաքացիական կյանքի եմ վերադարձել: Ես Ձեր իմացած զինվորականներից չեմ եղել, որ բացարձակ զինվորական են:
-Համաձայն չե՞ք, որ ԿԸՀ-ն այն կառույցն է, որը վստահություն չունի հասարակության շրջանում: Եվ այսօր Դուք հենց այդ կառույցում եք աշխատում:
-Համաձայն եմ մի առումով, որ ես կփորձեմ պաշտպանության նախարարությունում աշխատած իմ 20 տարիների ազնիվ փորձը այստեղ էլ կիրառել ու ազնիվ աշխատել: Կփորձեմ այս կառույցի վստահությունն ավելի բարձրացնել:
-Անձամբ Դուք ի՞նչ եք անելու, որպեսզի բարձրանա ԿԸՀ-ի նկատմամբ վստահությունը:
-Կաշխատենք, կտեսնենք: Կարծում եմ` միակ քայլն այն է, որ արդար ընտրություններ պետք է կազմակերպենք:
-Իսկ դա հնարավոր կլինի՞ Հայաստանում:
-Միանշանակ հնարավոր է: Անհնար ոչ մի բան չկա: Լավատես եմ եղել միշտ՝ թե՛ քաղաքացիական կյանքում, թե՛ զինվորական: Եթե լավատես չլինեինք, պատերազմ չէինք հաղթի, լավ բաներ չէինք անի այս երկրում:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունին, որը զրկված է վաղաժամկետ ազատման հնարավորությունից, բարձրաձայնում է իր իրավունքների ոտնահարման մասին:
«Մեկ տարուց ավելի է՝ ես «Ժողովուրդ» օրաթերթի եւ այլ լրատվամիջոցների օգնությամբ բարձրաձայնում եմ իմ իրավունքների ոտնահարման մասին: Որ չունենալով նախկին դատվածություն, քաղ-հայց կամ բողոք, թույլ չտալով կարգի խախտում, արժանանալով խրախուսանքների՝ հոդվածային խտրականության հետեւանքով զրկվում եմ վաղաժամկետ ազատման հնարավորությունից: ՀՀ քր. օր. 104, 112, 175, 178 եւ էլի մի շարք հոդվածներով դատապարտվածներիս հակառակ օրենքի պահանջի վաղաժամկետ չեն ազատում, ու, որպես կանոն, նրանց մերժում է վաղաժամկետ ազատման եռաստիճան համակարգի ստորին օղակը՝ տվյալ բանտի վարչական հանձնաժողովը:
Այն ինձ մերժեց 3 անգամ, արդյունքում ես բողոքարկեցի դատական կարգով, եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 23.05.2014թ. որոշմամբ պարտավորեցրեց «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովին ամենադրական չափանիշներով ինձ ներկայացնել հաջորդ փուլ՝ «անկախ հանձնաժողով», որը գործում է ՀՀ նախագահի հրամանագրով: Այդ նախադեպային որոշմամբ ես դարձա առաջին դատապարտյալը, ով տաբուի տակ գտնվող 175-րդ հոդվածով (ավազակության համար դատապարտված) ներկայացվեց անկախ հանձնաժողովին, որն արդեն 4 անգամ մերժել է իմ վաղաժամկետ ազատումը: Ես բողոքարկել եմ նաեւ այդ մերժման որոշումները, սակայն դատարանները խուսափում են հօգուտ ինձ որոշում կայացնել: 05.05.2015թ. ես դիմեցի ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» ՔԿՀ-ի պետին՝ խնդրելով, ըստ սահմանված կարգի, միջնորդել, որպեսզի ինձ կիսաբաց տիպից տեղափոխեն բաց տիպ, ինչը ինձ հնարավորություն կտա քայլ առ քայլ վերաինտեգրվել հասարակությանը, լինել միայնակ մորս կողքին եւ աշխատել:
«Կոշ» ՔԿՀ-ի պետը կատարեց միջնորդությունը, սակայն «տեղաբաշխման հանձնաժողովը» ձգձգում է ժամանակը եւ մինչ այսօր չի քննարկել իմ վերաբերյալ կատարված միջնորդությունը՝ մատնվելով անգործության: Շատ ահավոր հոգեկան տառապանք է 3 ամիս աղերսել այդ որոշման համար: Ներկայումս ես պատրաստվում են դատական կարգով վիճարկել ՔԿՀ վարչության տեղաբաշխման հանձնաժողովի անգործությունը: Այս ոլորտից անտեղյակ մարդկանց կարող է թվալ, որ միայն իմ իրավունքներն են ոտնահարվում, սակայն ուղղակի մի քանի անհատներս ենք բարձրաձայնում առկա օրինախախտումների մասին եւ պաշտպանում մեր իրավունքները՝ չկարողանալով հասնել արդարության: Երբ կսպառվեն ՀՀ դատական մարմիններում իմ իրավունքների պաշտպանության բոլոր միջոցները, եւ չի հաստատվի արդարությունը, ես կդիմեմ Եվրոպական դատարան, քանի որ 2 տարի է՝ ինձ անտեղի պահում են բանտում՝ գերու կարգավիճակում: Ես դիմում եմ բոլոր արդարության կողմնակիցներին՝ խնդրելով ձեր ուժերի չափով աջակցել այս խնդրի լուծմանը, որպեսզի ես եւ իմ նմանները, ըստ օրենքի պահանջի, վաղաժամկետ ազատվենք: Անձամբ ես 2 տարի է՝ ենթարկվում եմ հոգեբանական խոշտանգման, բայց շարունակում եմ պայքարել, չնայած որ պատժիս ավարտին մնացել են հաշված ամիսներ»:
Դատապարտյալ Ռուբեն Ամատունի