ՄԵՂՎԻ ԽԱՅԹՈՑԻՑ 32-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարօրինակ է, բայց փաստ` 21-րդ դարում Հայաստանում մեղվի խայթոցից մարդ է մահանում: Ներկայիս բժշկության պայմաններում այս անհավանական դեպքն արձանագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում, որի 32-ամյա բնակիչ Վիգեն Ղարիբյանը մեղվի խայթոցից 5 րոպե անց ընկել է շոկային վիճակի մեջ, ապա մահացել:

«Ժողովուրդ»-ը Վարդենիս գյուղի բնակիչներից տեղեկացավ, որ հուլիսի 10-ին իրենց համագյուղացի, 32-ամյա Վիգեն Ղարիբյանը հենց իր ծննդյան օրը մեղվի խայթոցից մահացել է: Երիտասարդի հարազատները մեղվի խայթոցից մի քանի րոպե անց նրան տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից էլ անմիջապես ռեանիմոբիլով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտոն, սակայն վերջինս այնտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Վարդենիսի գյուղապետ Կամո Պետրոսյանի խոսքերով՝ ընտանիքը չի կարողանում համակերպվել Վիգենի` նման անհասկանալի մահվան հետ: «Երեք երեխա ուներ, հարգված ու սիրված էր գյուղի մարդկանց կողմից: Շատ շնորհքով երիտասարդ էր: Բայց ամեն ինչ այնպես միանգամից է եղել, որ հնարավոր չի եղել փրկել կյանքը: Այդ դեպքից ընդամենը չորս օր առաջ Վիգենին կրկին մեղու է խայթել, սակայն ամեն ինչ կարգին է եղել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց գյուղապետը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ինքն անձամբ բժշկական կենտրոնից զանգահարել է մարզպետ Սարգիս Սահակյանին եւ խնդրել է միջամտել, որպեսզի Երեւանից ռեանիմոբիլ ուղարկեն Ապարանի բժշկական կենտրոն՝ Վիգենին մայրաքաղաք տեղափոխելու նպատակով:
Մեղվի խայթոցից մահացած Վիգենի եղբայրը՝ Կարեն Ղարիբյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Վիգենը որեւէ առողջական խնդիր չի ունեցել՝ բացի աչքի գլաուկոմա կոչվող հիվանդությունից, որի պատճառով երեք անգամ վիրահատվել է: «Հենց հասա հիվանդանոց, ես իրեն տեսա շոկային վիճակում. գիտակցությունը կորցրած էր, սրտի կանգ ուներ… Հետո մեզ բժիշկները պատճառաբանեցին, որ մեղուն խայթել է ուղեղը սնուցող արյունատար անոթը, եւ թույնը միանգամից ուղեղի վրա է ներգործել»,- հուզված ձայնով ներկայացրեց Կարենը:
Վիգենի կնոջ՝ Գոհարի խոսքերով՝ ամուսնու ինքնազգացողությունը մեղվի խայթոցից ընդամենը 5 րոպե հետո կտրուկ վատացել է: Նրանք այդ ժամանակ միայն կարողացել են շտապօգնություն զանգահարել: «Ուղղակի շտապօգնության մեքենան ուշացավ, եւ մենք փորձեցինք մեր ուժերով իրեն հասցնել Ապարանի բժշկական կենտրոն: Չեմ կարող ասել, թե որքան ուշացավ, բայց մենք չկարողացանք այլեւս սպասել շտապօգնության մեքենային: Իհարկե, հետագայում բժիշկները մեզ տեղեկացրեցին, որ որքան էլ շուտ իրեն հասցնեինք հիվանդանոց միեւնույն է՝ չէին կարող նրան փրկել»,- լացը հազիվ զսպելով՝ պատմեց Գոհարը` հավելելով, որ բժշկական կենտրոնում արագ միջոցներ են ձեռնարկել, սակայն Վիգենն արդեն գիտակցությունը կորցրած է եղել. «Վիգենն ալերգիկ էլ չի եղել: Ի դեպ, վերջին շրջանում, մեր տարածաշրջանի գյուղերի բնակիչները սկսել են անընդհատ դժգոհել մեղուներից: Ավելացել են մեղվի խայթոցի դեպքերը, նույնիսկ կան մարդիկ, ովքեր պատմում են, որ խայթոցից հետո հինգ անգամ սրսկվելով մի կերպ են կարողանում ուշքի գալ»:
Ըստ թունաբանների՝ նման դեպքերում որեւէ դեղամիջոց կամ հակաթույն չի կարող մարդուն օգնել, քանի որ եթե թույնը օրգանիզմում ալերգիկ ռեակցիա է առաջացնում, միայն անհապաղ իրականացվող ռեանիմացիոն միջոցառումների արդյունքում է հնարավոր փրկել մարդու կյանքը: Սակայն այս դեպքում Վիգենի կյանքը հնարավոր չեղավ փրկել: Ինչո՞ւ: Այս տանջող հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանի հետ:
«Մեր բժշկական կենտրոնում չի մահացել երիտասարդը, այլ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում: Իրեն արդեն մահացած բերել էին մեր ԲԿ, մենք ռեանիմացիա ենք արել, սիրտը սկսել է աշխատել, հետո Երեւանից կանչել ենք ռեանիմացիոն բրիգադ, ապա հիվանդին տեղափոխել Երեւան, որտեղ եւ մահացել է: Եթե մարդու մոտ ալերգիա է, ապա մարդը կարող է շատ արագ մահանալ: Ինքն արդեն մահացած է եղել, մեզ մոտ ռեանիմացիա են արել, սիրտը վերականգնվել է, որից հետո ապարատ ենք միացրել, արհեստական շնչառություն ենք տվել, կյանքի համար պայքարել ենք, բայց… Հայաստանի գլխավոր ռեանիմատոլոգը տեղյակ է դեպքին: Հիվանդի ուղեղը չի վերականգնվել, որովհետեւ արդեն բավականին ժամանակ է անցած եղել, սիրտը վերականգնել հնարավոր է, իսկ ուղեղը՝ ոչ»,- նկատեց ԲԿ-ի տնօրեն Շմավոնյանը:
Շտապօգնության մեքենայի ուշանալու հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Արագածոտնի մարզպետարանի առողջապահական վարչության պետ Վարուժան Հակոբյանի հետ, ով տեղեկացրեց, որ շտապօգնության օպերատորը (կա նաեւ այդ կանչի ձայնագրությունը) Վիգենի հարազատներին փոխանցել է, որ տվյալ պահին միակ սանիտարական հերթապահ մեքենան գտնվում է կանչի մեջ: «Եւ շտապօգնության մեքենան մինչեւ հետ վերադառնալը հարազատներն արդեն հիվանդին հասցրել են հիվանդանոց: Դա ժամանակացույցով, գործառույթով հստակեցված է եւ որոշակի ազգաբնակչության թվաքանակին համապատասխանեցված կարգով է սահմանվում: Տվյալ դեպքում եղել է հերթապահ մեկ մեքենա, բայց, ցավոք, այդ պահին գտնվել է կանչի մեջ»:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ եթե շտապօգնության մեքենան արագ տեղ հասներ, հնարավոր կլիներ փրկել Վիգենի կյանքը, Հակոբյանը դժվարացավ պատասխանել` նշելով միայն, որ, ըստ ամենայնի, երիտասարդի մոտ եղել է անաֆիլակտիկ շոկ, որը զարգանում է շատ արագ եւ կարող է մեկ-երկու րոպեների ընթացքում կենսական օրգանների կաթված առաջացնել:
Հուսով ենք, որ գոնե նման ողբերգական դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, իր փիառով զբաղվելու փոխարեն, հարկ կհամարի մտահոգվել մարզերում շտապօգնության մեքենաները համալրելու խնդրով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ

Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողներն արդեն մի քանի օր է` բոյկոտում են` հրաժարվելով դիրքեր բարձրանալ: Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ պայմանագրային զինծառայողները հրաժարվում են փոխարինել Ապարանի վաշտի պայմանագրային զինծառայողներին, քանի որ կրճատվել է իրենց աշխատավարձը. այն 150 հազար դրամից դարձել է 110 հազար դրամ:

Նշենք, որ Ապարանի՝ այդ գումարտակի զինվորները պետք է հուլիսի կեսերին իջնեին դիրքերից, եւ նրանց պետք է փոխարինեին Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողները: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Ապարանի վաշտի պայմանագրային զինծառայողներն այդպես էլ չեն իջել, քանի որ նրանց փոխարինող չկա (դիրքերի տեղանքը չենք նշում` հաշվի առնելով «Ռազմական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը):
Ստեղծված իրավիճակի առնչությամբ Armlur.am-ը զրուցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մեզ փոխանցեց հետեւյալը. «Թե որեւէ զինծառայող հարց ունի, կարող է դիմել մեզ, թեկուզ Ձեր միջոցով, մենք գրավոր կպատասխանենք»:
Իսկ թե գրավոր պատասխանը ոքանով կօգնի պայմանագրային զինծառայողներին՝ ստանալու իրենց հասանելիք աշխատավարձը, այդպես էլ մնում է օդից կախված: Կարծում ենք` հատկապես սահմանային լարվածության այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է վերանայի իր այս անպատասխանատու եւ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը: Հուսանք` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կսթափվի:

 

 

 
ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի՝ հուլիսի 27-ին արձանագրված մահվան դեպքի փաստի առթիվ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը հրաժարվել եւ չի հոսպիտալացրել հղի կնոջը: Բժշկուհին՝ Շուշանիկ Բախշյանը, այս օրերին անհետացել է. նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված են, աշխատանքի չի գնում: Միայն հայտնի է, որ ոստիկանությանն է դիմել՝ իր անվտանգության խնդրով: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ է մտածում տեղի ունեցած դժբախտության մասին «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը: Սակայն պարզվում է՝ նա իր հանգիստն է վայելում արտերկրում եւ չի էլ պատրաստվում առաջիկա օրերին վերադառնալ ու բացատրություն տալ ղեկավարած հաստատությունում գրանցված դժբախտության համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հանձնաժողով է ստեղծել, որն այս օրերին «Շենգավիթ» ԲԿ-ում ուսումնասիրում է ծննդկանի բժշկական փաստաթղթերը: Ցանկանում են պարզել՝ բժշկուհին թերացե՞լ է, թե՞ ոչ: Իսկ թե ինչ կհայտնաբերեն, դժվար է ասել, բայց որ արդեն բավականին ուշացել է եզրակացությունը, փաստ է: Մարդիկ օրեր շարունակ քննարկում ու քննադատում են առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ վերից վար, սակայն պատասխանատուները դեռ անիմաստ քննարկումներ են անում:

 

ԱՂԲԱՆՈՑԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Այսօրվա քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարեց փոխքաղաքապետ պարոն Արեյանը, վերջապես հանձնարարվեց մեկ օրում պարզել Ալեք Մանուկյան փողոցի «Ամերիկյան բիզնես» կենտրոնի հարեւանությամբ գտնվող կիսակառուցի սեփականատիրոջն ու նրանից պահանջել կարգի բերել աղբի մեջ կորած տարածքը: Վաղուց սպասված հանձնարարական, որը պետք է տարածվի Երեւանի տարբեր հասցեներում աղբի մեջ կորած այլ կիսակառույցների վրա, ինչպես օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Բաբաջանյան փողոցի սկզբնամասում, գազալցակայանի հարեւանությամբ գտնվող կիսակառույցն է եւ նրա դիմացի 20 տարվա վաղեմությամբ ինչ-որ շենքի համար փորված, բայց աղբատեղի դարձած փոսը, որի սեփականատերն էլ հայտնի է, եւ վերջերս այդ տարածքը պարսպապատվեց: Ճիշտ է՝ ներսի աղբն այժմ չի երեւում, բայց այն առկա է: Աղբանոցի վերածված նման անավարտ շինություններով, կիսակառույցներով լի է Երեւանը, որոնք տգեղացնում են մայրաքաղաքը: Կարծում եմ՝ Երեւանի քաղաքապետարանը պետք է նախաձեռնի ու հանդես գա օրենսդրական այնպիսի առաջարկով, որով նման դեպքերում վերանայվեն տարածքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքներն ու պարտավորությունները»:




Լրահոս