Սպանություն՝ զուգորդված ավազակությամբ. Կատարվում է քննություն
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։
Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։
Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։
Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ։
Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն։