Երեկվանից մեկնարկեց նախագահի ընտրությունների քարոզարշավը: Ու թեեւ ի սկզբանե պարզ էր, որ այս ընտրությունները հեռու են մրցակցային կոչվելուց, սակայն մրցակցային ստացվեց քարոզարշավի մեկնարկը. թեկնածուները որոշել էին հնարավորինս լավ «անշլագ» անել:
Սերժ Սարգսյանը երեկ իր նախընտրական քարոզարշավը սկսեց ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երիտասարդների հետ փոքր հանդիպումից, որտեղից մեկնեց Ավան վարչական շրջան: Ուշագրավ էր նրան ուղեկցողների շարասյունը՝ գրեթե բոլոր պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Երեկ Ս. Սարգսյանի հետ էին նաեւ նախարարներից մի քանիսն ու ՀՀԿ-ական պատգամավորները: Պարզվում է, բացի մարզկենտրոններից, որտեղ լինելու են բացօթյա հանրահավաքներ, մյուս բոլոր բնակավայրերում, այդ թվում՝ Երեւանում, Ս. Սարգսյանի հանդիպումները լինելու են դահլիճներում: Իսկ քարոզարշավն էլ նա ամփոփելու է Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ մեծ հանդիպմամբ: Դահլիճային հանդիպումները, թերեւս, կարելի է համարել Ս.Սարգսյանի քարոզարշավի միակ նորույթը, անգամ՝ դա կարելի է որակել մարդասիրական քայլ: Բանն այն է, որ ՀՀԿ-ն քարոզարշավ իրականացնելու իր սկզբունքները չի փոխել. Ս.Սարգսյանի հետ հանդիպումներին աշակերտներին, ուսանողներին, պետական հիմնարկների աշխատակիցներին կրկին բերում են ստիպողաբար, ցուցակագրված: Ու հավանաբար «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի շրջանակներում բերման ենթարկվածների առողջության մասին հոգ տանելու համար է որոշում կայացվել նախընտրական քարոզարշավը գոնե դահլիճում իրականացնել՝ առավել տաք պայմաններում: Իսկ եթե ավելի լուրջ, ապա դահլիճային հանդիպումները մեկ ուրիշ առավելություն ունեն. ի տարբերություն հանրահավաքների՝ դահլիճում ոչ բոլոր լրագրողներն իրավունք ունեն ներկա գտնվելու քարոզարշավին. այդ իրադարձությանը մասնակցելու համար նախ պետք է հավատարմագրվել, բայց դա էլ դեռ դահլիճում ներկա գտնվելու գրավական չէ: Երեկ, օրինակ, Ավանի մշակույթի տանը նախընտրական հանդիպումի մեկնարկից 30 րոպե հետո լրագրողներին դուրս են հրավիրել՝ ասելով, որ հանդիպման մյուս մասը փակ է: Ու սա այն դեպքում, երբ վերջերս Սերժ Սարգսյանն իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում մշտապես խոսում է ՀՀ-ում մամուլի ազատության մասին՝ ասելով, որ այստեղ այդ իրավունքը գրեթե 100 տոկոսով է երաշխավորված:
Նախագահի ամենաերիտասարդ թեկնածուն՝ Անդրիաս Ղուկասյանն էլ իր քարոզարշավը սկսեց վաղ առավոտյան ՀՀ ԳԱԱ մոտ «Վերջ շինծու ընտրություններին» հայերենով ու անգլերենով պաստառների ներքո հացադուլ հայտարարելով: Նրա խոսքերով, քանի դեռ ԿԸՀ-ն անվավեր չի ճանաչել ընտրություններում Սերժ Սարգսյանի գրանցումը, ոտնահարված է ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը: Ավելին, Ղուկասյանի կարծիքով՝ այս դեպքում անիմաստ է անգամ քարոզարշավ իրականացնելը: Ի դեպ, հացադուլավոր թեկնածուին երեկ այցելել էր նախագահի թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հացադուլի բավական «հաջողված» փորձ ունի, աչքի է ընկնում անձնական իմիջի փոփոխությամբ: Վերջերս այդ առիթով Րաֆֆին սափրեց բեղերը:
Ընդհանրապես, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկը եւս բավական աչքի ընկնող էր: Ընդ որում, նկատելի է՝ «Ժառանգության» ղեկավարն իր քարոզարշավի համար բավական մեծ գումար է ներդրել. Երեւանի համայնքներում ու ՀՀ մարզերում թեկնածուի նախընտրական շտաբներին մեկական միկրոավտոբուս է հատկացվել՝ նրա նկարներով, նախընտրական կոչերով ու համապատասխան գրությամբ զարդարված: Այդ միկրոավտոբուսները երեկ կայանված էին Ֆրանսիայի հրապարակի մոտ՝ Արամ Խաչատրյանի արձանի մերձակայքում: Ր. Հովհաննիսյանն իր քարոզարշավը պաշտոնապես սկսեց հենց Ֆրանսիայի հրապարակից՝ հավաքված համակիրների առաջ ելույթով: Նա ներկայացրեց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ շեշտելով, որ գալիս է ոչ թե իշխելու, այլ ժողովրդին ծառայելու: Այնուհետեւ Հովհաննիսյանը, իր սովորության համաձայն, սկսեց ձեռքով ողջունել հավաքվածներին, փողոցի անցորդներին, այդ թվում՝ մանկահասակ երեխաներին: Հետո ոտքով ուղեւորվեց Կարապի լիճ՝ այստեղ ձեռքով բարեւելով ոչ միայն անցորդներին, այլ անգամ սահադաշտում սահողներին: Ր.Հովհաննիսյանը երթով անցել է նաեւ նախագահական նստավայրի մոտով, այնուհետեւ՝ երթեւեկել մետրոյով: Ընդ որում, չնայած ցուրտ եղանակին, Ր.Հովհաննիսյանը ողջ ընթացքում եղել է կոստյումով եւ մեկիկ-մեկիկ բարեւել բոլոր անցորդներին:
Թեկնածուներից «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն էլ քարոզարշավը սկսել է Վերին Արտաշատից. այստեղ նա հանդիպում է ունեցել ընտրողների հետ, ներկայացրել իր ծրագրային դրույթները, պատասխանել հավաքված քաղաքացիների հարցերին: Ի դեպ, Բագրատյանը, հավաքվածներից մեկի հարցին ի պատասխան, ասել է, որ ինքը ՀԱԿ-ից դուրս չի եկել, պարզապես ՀԱԿ-ի մի մասն ընտրություններին չմասնակցելու կողմնակից է, իսկ ինքը առաջադրման:
Նախագահի մյուս թեկնածուները երեկ հանդիպումներ չեն ունեցել, այլ բավարարվել են ելույթներով ու հարցազրույցներով:
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻԱՅՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ