Նախորդ օրը ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակեց նոր Սահմանադրության ամբողջական նախագիծը:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից պարզել, թե, ի վերջո, իրենց կուսակցության տեսակետը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ինչպիսինն է:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո ՀՅԴ անդամներն ամենատարբեր հանդիպումների ժամանակ խուսափում են կոնկրետ տեսակետ արտահայտելուց՝ վստահեցնելով, որ մինչեւ օգոստոս իրենց տեսակետը կներկայացնեն:
Երեկ Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենք դեռեւս քննարկում են նոր Սահմանադրության նախագիծը: «Կարծում եմ՝ մի քանի օրվա ընթացքում մենք մեր տեսակետը կներկայացնենք»,- ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ նոր նախագծով առաջարկվում է, որ Սահմանադրության կոնկրետ գլուխներում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ չլինի հանրաքվե կազմակերպել, եւ խորհրդարանն իրավունք կունենա երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարել: