Վալերի Պերմյակովին հայկական դատարանին կհանձնեն՝ ի հեճուկս Մոսկվայի նախկին դիրքորոշման. RBC-ի անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարքային Վալերի Պերմյակովին կհանձնեն հայկական դատարանին` ի հեճուկս Մոսկվայի նախկին դիրքորոշման: RBK-ն պարզել է, որ Կրեմլում հավանության չեն արժանացրել Ռուսաստանի Քննչական կոմիտեի և նրա ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի գլխավորած ուժայինների հունվարյան գործողությունները:

Արդեն հայտնի է, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության գործն այսուհետ քննելու են Հայաստանի իրավապահ մարմինները, և գործընթացը տեղի կունենա հայկական դատարանում: Իրադարձությունների զարգացման նման ընթացքի մասին դեռևս հունիսի վերջին ասվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ, որը ներկայացնում էր ՀՀ նախագահի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման մանրամասները:

Հունիսի 30-ին տևական բանակցություններից հետո գործի հանձնման մասին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Նման որոշում ընդունվել էր Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա ռուս գործընկեր Յուրի Չայկայի ու Ռուսաստանի սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի բանակցություններից հետո։ Մոսկվան այդ պայմանավորվածությունները չէր մեկնաբանում, և միայն այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ ռուսական դատարանը դիտարկելու է միայն Պերմյակովի ռազմական հանցանքները։

Նշվում է, որ դեռևս հուլիսի 13-ին սպանության մասին գործն առանձնացվել և փոխանցվել էր հայկական կողմին։ Իսկ հուլիսի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնեց, որ Ռուսաստանից ստացել է քրեական գործի 9 հատոր, և որ նյութերն ուղարկվել են հայերեն թարգմանության։ Երկու երկրների քննչական կոմիտեների ու դատախազությունների պաշտոնական ներկայացուցիչները դեռևս հրաժարվում են մեկնաբանել Պերմյակովի գործին առնվող փոփոխությունները։

Լրատվամիջոցը հավելում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաստրիկինին հանձնարարել էր համակարգված կարգով աշխատել Հայաստանի իրավապահների հետ: Կայքը հիշեցնում է, որ սպանությանը հաջորդած ժամանակահատվածում Հայաստանում լարված իրադրություն էր տիրում, որը նույնիսկ հանգեցնում էր հակառուսական հայտարարությունների:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տեղի էր ունեցել հունվարի 12-ին: 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Պերմյակովը, ով մեղադրվում է Ավետիսյանների յոթ անդամների սպանության մեջ, փախել էր տարածքից: Նա իրավապահների կողմից ձերբակալվել էր հունվարի 13-ին` հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս:




Լրահոս