Վահրամ Շահինյանը «բախվել» է փեսային. ինչպես է ՀՔԾ պետն արդար լուծում տալու հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի ղեկավարած գերատեսչությունը քննելու է Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը: Ուշագրավն այն է, որ Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետը Արամ Հարությունյանն է, որն էլ, ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է:

Եվ այսպես՝ օգոստոսի 4-ին հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ( Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ:

Իսկ ինչ սխալ է թույլ տվել քննիչը, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քաղաքացի Ժաննան դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչը 2015 թվականի հունիսի 29-ին իր բնակարանում խուզարկություն է կատարել, սակայն իրեն ամբողջությամբ չի ծանոթացրել դատարանի որոշման հետ, որ իր բնակարանում, ըստ օրենքի, պետք է թույլ տան խուզարկություն կատարել:

Ավելին` Ժաննայի պատմելով՝ նույն օրը՝ երեկոյան, քննիչը նրան առանց ծանուցագրի տարել է ոստիկանության բաժին եւ ասել, որ նա պետք է ցուցմունք տա: Ժաննան ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչին հայտնել է, որ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, սակայն այս հանգամանքը, ըստ էության, չի խանգարել քննիչին, քանի որ վերջինս, անկախ ստեղծված իրավիճակից, ցուցմունք է վերցրել Ժաննայից:

Արդյունքում, Ժաննայի խոսքերով՝ հարցաքննության ընթացքում քննիչն իրեն առաջադրված հարցերի պատասխաններն արձանագրել է այլ կերպ, սակայն քննիչի կողմից տրված քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքների ազդեցության ներքո` նա ստորագրել է քննիչի կազմած արձանագրության տակ:
Եվ, ահա, կնոջ այս հաղորդման հիման վրա էլ ՀՔԾ-ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ սկսվել է նախաքննություն:

Այս դեպքը ուշագրավ է այնքանով, որ Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է:

Ստացվում է, որ Վահրամ Շահինյանի նախագահությամբ գործող գերատեսչությունը պետք է քննի իր փեսայի ղեկավարած կառույցի աշխատակցի գործողությունները: Արդյո՞ք այս պայմաններում կարելի է խոսել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության մասին, դժվար է ասել:

Միգուցե նախաքննության ընթացքում պարզվի, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան` Արամ Հարությունյանը, տեղյալ է եղել իր ղեկավարած կառույցի քննիչի գործողությունների մասին, եւ, ահա, այս դեպքում Վահրամ Շահինյանը արդյո՞ք իր փեսային եւս պատասխանատվության կենթարկի, թե ամեն գնով ջրից չոր դուրս կբերի: Իհարկե, չի բացառվում, որ ՀՔԾ պետի փեսան` Արամ Հարությունյանը, տեղյակ չի էլ եղել, թե քննիչը գործն ինչ հանգամանքներում է քննում: Այնուամենայնիվ, կարծում ենք` ՀՀ գլխավոր դատախազությունը, այս գործում առկա ազգակցական կապը հաշվի առնելով, եւ հետագայում պաշտոնեական դիրքի այլ չարաշահումների դրսեւորումներից խուսափելու նպատակով այս քրեական գործը պետք է ուղարկի այլ իրավական կառույց` նախաքննությունը շարունակելու համար:

Իսկ ո՞ր կառույցին կարող է բաժին հասնել այս գործը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը այն չի ուղարկի ՀՀ քննչական կոմիտե, քանի որ խոսքը քննիչների մասին է: Եվ եթե ՀՀ քննչական կոմիտե չի ուղարկվի, ՀՔԾ-ում էլ կա ազգակցական կապ, ապա ամենայն հավանականությամբ գործը կքննվի ազգային անվտանգության ծառայությունում: Հուսանք, որ ԱԱԾ-ում էլ ազգակցական կապը կամ պաշտոնեական դիրքը որեւէ դերակատարություն չի ունենա:

Քնար Մանուկյան




Լրահոս